Տնտեսական

21.01.2013 11:58


Առողջապահության նախարարը հերթական անգամ լսել է ատամնաբույժների բողոքը

Առողջապահության նախարարը հերթական անգամ լսել է ատամնաբույժների բողոքը

ՀՀ առողջապահության նախարարությունից հատնում են, որ պայմանավորվածության համաձայն ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերթական անգամ հանդիպեց ստոմատոլոգիական կլինիկաների և ատամնատեխնիկական անկախ լաբորատորիաների մի խումբ ղեկավարների հետ։ Նախարարը տեղեկացրել է, որ նախորդ հանդիպումների ընթացքում իրենց կողմից բարձրացված հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկումներից հետո ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման մասնագետները մանրամասն վերլուծություններով և կոնկրետ առաջարկներով պաշտոնական փաստաթուղթ են պատրաստել, որը նախարարի ստորագրությամբ ուղարկվել է ՀՀ ֆինանսների նախարարին։

Փաստաթղթում որպես խնդրի լուծում առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ չդիտարկել ստոմատոլոգիական պոլիկլինիկաների և կենտրոնների ռենտգենաբանական բազկաթոռ(ներ)ը, ատամնատեխնիկական լաբորատորիաների աշխատատեղերը, մանկական ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու համար նախատեսված բազկաթոռ(ներ)ը, հանրապետության բժշկական ուսումնական հաստատությունների համար ուսումնական բազա հանդիսացող ստոմատոլոգիական կենտրոններում ուսումնական պրոցեսի համար առանձնացված ստոմատոլոգիական բազկաթոռները, ինչպես նաև առաջնակի զննման կաբինետի բազկաթոռը: Առանձին իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտացված ատամնատեխնիկական լաբորատորիաների մասով առաջարկվում է արտոնագրային վճարի ելակետային տվյալ դիտարկել հրամանագրված ատամնատեխնիկին:

Ստոմատոլոգները նախարար Դումանյանին իրենց գոհունակությունն են հայտնել բարձրացված հարցերին ընթացք տալու համար և պարտավորվեցին այդ մասին տեղեկացնել բոլոր մասնագետներին։

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը մասնագետներին առաջարկել է նույն ակտիվությամբ համագործակցել նաև ստոմատոլոգիայի ոլորտում քաղաքականության, չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի մշակման աշխատանքներին, որպեսզի առավել օբյեկտիվ և աշխատող որոշումներ ընդունվեն։

Նախարարը ստոմատոլոգների հետ քննարկել է նաև ոլորտում ծառայությունների որակի ապահովման, մասնագետների որակավորման բարձրացման համակարգի ներդրման, կադրերի պատրաստման կանոնակարգման և այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը