Լրահոս

19.01.2013 14:52


Մուտիլովկեքի «Ժամանակ»–ը

Մուտիլովկեքի «Ժամանակ»–ը

Այսօրվա «Ժամանակ» օրաթերթի համարի առաջին էջում գրված է, որ Տաշիրից մեծամասնական ընտրակարգով ընտրված ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը մտադրություն ունի ընտրություններից հետո կուսակցություն հիմնել:

Թերթը հիշեցնում է, որ նա դեռ որոշ չափով նեղացած է գործող իշխանութնուններից և անձամբ նախագահ Սերժ Սարգսյանից:

Նույն թերթի աղբյուրների փոխանցմամբ Կ. Կարապետյանի կուսակցության գաղաափարական հենքը մշակում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Irakan.info-ն գնաց այս լուրի հետքերով և փորձեց ճշտել` ի՞նչ կապ ունի Երվանդ Բոզոյանը Կ. Կարապետյանի հետ, և, առհասարակ, լուրը որքանով է ճշմարտությանը համապատասխանում:

Քաղաքագետը նախ զարմացավ, որ իր անունը կապվում է Կարեն Կարապետյանի հետ. «Դա հիմարություն, անհեթեթություն է: Նույնիսկ տեղյակ էլ չեմ, որ նա կուսակցություն է բացելու»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Վերջինս հետաքրքրվեց, թե լուրը որ լրատվամիջոցն է տարածել, իսկ երբ իմացավ, որ լուրի աղբյուրը հանդիսանում է «Ժամանակ» օրաթերթը, ասաց. «Այդ թերթը կապ ունի 1in.am լրատվական կայքի հետ, իսկ այդ կայքի հիմնական հովանավորներից է Կ. Կարապետյանի «Տաշիր» գրուպը: Եթե Կ. Կարապետյանը կուսակցություն է բացում, ապա այդ կուսակցության խոսափողներից մեկը կարող է լինել հենց վերոնշված թերթը կամ իրենց կայքը, որովհետև, ինչպես նշեցի` «Տաշիրը» հանդիսանում է այդ կայքի հիմնական գովազդատուներից մեկը: Ըստ էության՝ ավելի շատ իրենք են ուզում համագործակցել Կ. Կարապետյանի հետ, այլ ոչ թե ես»:

Իսկ թե ի՞նչ կապ կարող է լինել Կ. Կարապետյանի և Ե. Բոզոյանի միջև, քաղաքագետը զարմացած է. «Մենք ապրում են մուտիլովկանների ժամանակաշրջանում, իսկ թե ինչու է իմ անունը նշվում, ես զարմացած եմ: Չգիտեմ, թե որտեղ է մեր շահերը բախվել»,- նշեց Ե. Բոզոյանը:

Ավելացնենք, որ Ե. Բոզոյանը հանդիսանում է նաև zham.am կայքի խմբագիրը, որը երբեք աչքի չի ընկել գործող նախագահին դրական լույսի տակ ներկայացնող հոդվածներով: Իսկ ահա 1in.am-ի ու «Ժամանակ»-ի մասով շատ խիստ վերապահմամբ կարող ես նույնն ասել:

Թե ինչ կապ ունի այս ամենն ու Բոզոյանի՝ ապագա կուսակցության գաղափարական հենքը մշակելու հետ, կարելի է միայն հեռավոր գուշակություններ անել:

Irakan.info

Այս խորագրի վերջին նյութերը