Լրահոս

19.01.2013 13:16


Դավիթ Բաբայան. «Այնպիսի հակահարված ենք տալու, որ Ալիևը ամբողջ կյանքում հիշի»

Դավիթ Բաբայան. «Այնպիսի հակահարված ենք տալու, որ Ալիևը ամբողջ կյանքում հիշի»

Ադրբեջանի կառավարության կողմից երեկ հաստատած օրենքը, որով ռազմաօդային ուժերին իրավունք է տրվել հարվածել այն բոլոր քաղաքացիական ինքնաթիռներին, որոնք կխախտեն Ադրբեջանի «օդային տարածքը», ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակը iLur.am-ի հետ զրույցում բնորոշեց որպես ֆաշիզմի, հայատյացության քաղաքականության կոպտագույն դրսևորումներից մեկը:

Նրա խոսքով՝ այժմ անհրաժեշտ է, որպեսզի միջազզային հանրությունն ավելի լուրջ քայլեր ձեռնարկի, քանի որ Սաֆարովի դեպքը «մարսելուց» հետո՝ այժմ էլ ականատես են լինում, թե ինչպես է հարևան պետությունն աննորմալ քայլերի  դիմում՝ ցույց տալով իր ներսում առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը:

«Նման քայլերով Ադրբեջանը կտրականապես սրում է իրավիճակը տարածաշրջանում, իհարկե, այսպես ասած՝ ադրբեջանական տրամաբանությունից կարելի է հասկանալ այդ քայլերը: Ադրբեջանի այդ քայլն առաջին հերթին ներքին քաղաքականության համար է, քանի որ ալիևյան կլանն արդեն 20 տարի է՝ իշխանության ղեկին է, իսկ նոր սահմանադրությունը չի սահմանափակում նախագահ առաջադրվելու հնարավորությունը: Հետևաբար՝ նման իրավիճակն Ադրբեջանում դառնում է անհանդուրժելի, իսկ ներքին իրավիճակը  հանդարտեցնելու միակ միջոցը Արցախի Հանրապետությունը գրավելն է, դրա հետ մեկտեղ՝ նաև ՀՀ-ի մի շարք այլ տարածքներ ձեռ գցելը»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ Արցախն ի վիճակի է պաշտպանել իր անվտանգությունը, տալ հակահարված, իսկ վախեցնելով ու ահաբեկչությամբ Ադրբեջանը ոչ մի բանի չի հասնի:

«ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին անպայման տեղյալ կպահենք այս իրավիճակի մասին, բնականաբար՝ չենք որդեգրի Ադրբեջանի քաղաքականությունը, բայց տալու ենք այնպիսի հակահարված և անելու ենք այնպիսի քայլեր, որ Ալիևը դա ամբողջ կյանքում հիշի»,- եզրափակեց ԼՂՀ նախագահի խոսնակը:  

Նշենք, որ հունվարի 15-ին Ադրբեջանի կառավարության կողմից հաստատվել և ուժի մեջ մտած «Ադրբեջանի օդային տարածքի օգտագործման կանոններ» վերնագրված փաստաթուղթը, որով, ըստ տեղեկությունների՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերին իրավունք է տրվել հարվածել այն բոլոր քաղաքացիական ինքնաթիռներին, որոնք կխախտեն Ադրբեջանի «օդային տարածքը»:

Այս խորագրի վերջին նյութերը