Աշխարհ

18.01.2013 16:20


Երկաթգծի վերագործարկման միտումներ

Երկաթգծի վերագործարկման միտումներ

Երեւանում Վրաստանի վարչապետի կատարած հայտարարություններից որոշ բաժիններ անհրաժեշտ է լուսաբանել եւ կատարել քաղաքական խորհրդածություններ: Բնականաբար այցը պետք է դիտարկել ներվրացական փոփոխությունների, դրանց իբրեւ արդյունք ռուս-վրացական մերձեցման միտումների ընդհանուր պարունակում:

 Իր հայ գործընկերոջ հետ տեղի ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում հետեւալ «միջադեպ»ը գրավում է առաջին ուշադրությունը.-

 Երբ  վրացի լրագրողը հարց տվեց վերջին օրերին աղմուկ բարձրացրած այն տեղեկատվության վերաբերյալ, թե Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Լիտվայի խորհրդարանում հայտարարել է, թե «ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Իվանիշվիլին վրդովված դիմեց նրան. «Ինչու՞  հիմա այստեղ կրկին այդ հարցն էք արծարծում. մի քանի անգամ արդեն հարցը շահարկվել է, տիկին Մայա Փանջիկիձեի պաշտոնական պատասխանից հետո հարցը փակված է: Գիտեք, որ այդ հարցը աղավաղված է»:

 Սպասելի չէր անշուշտ, որ վրացի վարչապետը հայտարարություն կատարեր Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքի գերակայության մասին: Այսուհանդերձ, իր վրդովմունքը եւ մանավանդ այս առիթով կատարած հայտարարությունը ենթադրում է առնվազն, որ պաշտոնական Թբիլիսին նաեւ չի գերադասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը. ավելին` առանց հասցեագրման ամբաստանում է այն կողմը, որ աղավաղել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: Թվում է, որ այս մեկը ուշագրավ հստակեցում է, որ Վրաստանի վարչապետը կատարում է Երեւանում:

 Արցախա-ադրբեջանական հակամարտության թեմայից անցնենք այս անգամ հայ-ռուս-վրացական հարաբերությունների գծին, կենտրոնանալու համար Աբխազիայի, Վրաստանի եւ Հայաստանի երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությանը վերաբերող քննարկումների վրա: Վարչապետ Իվանիշվիլին ի պատասխան այս հարցին հայտարարել է, որ հնարավոր է, եւ վրացական կողմը բազմիցս պատրաստակամություն է հայտնել. այդ առումով Վրաստանի եւ Հայաստանի միջեւ որեւէ տարաձայնություն չկա: Շարունակելով, որ մեծ մասամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը կախյալ է Ռուսաստանի դիրքորոշումից: Նա նաեւ նշել է, որ Վրաստանն այդ ուղղությամբ կգործադրի բոլոր ջանքերը:

 Հայտնապես, Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նոր հեռանկարներ բացող այս ուղու հարթումը բանակցությունների առարկա է: Թբիլիսին, ըստ այս հայտարարության իր համաձայնությունը տվել է եւ ակնկալում է, որ Մոսկվան վերջնականացնի ծրագիրը: Իսկ նման ուղու հարթումը խորքում Երեւանի համար կարժեզրկի Թուրքիայի հետ սահմանի գինը:

 Աճապարելու պետք չկա սակայն, գերխանդավառություն տարածելու համար: Պատահական չէ, որ վարչապետ Իվանիշվիլին գնդակը հեզասահորեն նետել է ռուսական դաշտ: Ներվրացական հակասության դրսեւորումը չուշացավ: Նախագահ Սահակաշվիլին իր վարչապետի երեւանյան հայտարարությունը որակեց հակապետական, այն առումով, որ Աբխազիայի երկաթգծի վերագործարկումը պայմանավորված է Աբխազիայի «ապաբռնագրավումով»: Խառն ուղերձի բաժին կար անշուշտ վրացի վարչապետի հայտարարության երկաթագծին վերաբերող բաժնի մեջ:

 Ռուսական շահագրգռվածությունն այս հարցում երեւում է անուղղակի: Գյումրիի ռուսական 102-րդ ռազմակայանի ամրապնդման վերաբերող տեղեկատվությունները հուշում են, որ երկաթգծի վերագործարկումը օգտակար է Գյումրին Ռուսաստանին կապելու ուղղությամբ:

 Այս նախադրյալները հուշում են, որ Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկումը քննարկման առարկա է: Այս ճանապարհը ռազմավարական նկատառելի նշանակություն կունենա  կիսաշրջափակված Հայաստանի Հանրապետության համար:

 Հանկարծակի շրջադարձեր պետք չէ ապահովել` հուշում է քաղաքական իրատեսությունը: Միաժամանակ սակայն թելադրում է նկատի ունենալ վրացական իշխանափոխությունը, ռուսների հետ Թբիլիսիի կողմից փոխանցվող մերձեցման նշանները, Երեւանի մեջ կատարված հայտարարությունները եւ մանավանդ երկաթգծի վերագործարկման բանակցությունները:

   Շահան Գանտահարյան

 «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը