Լրահոս

18.01.2013 12:05


Գյումրիում շարունակում են սփռված մնալ «տնակային ավանները»

Գյումրիում շարունակում են սփռված մնալ «տնակային ավանները»

Թեև նախորդ տարիներին տեղական իշխանություններն ամեն ինչ արեցին, որ Գյումրու կենտրոնական փողոցներից տնակները անօթևան ընտանիքների հետ միասին տեղափոխվեին, այսպես ասած, «աչքից հեռու» վայրեր, այնուամենայնիվ դեռևս ողջ քաղաքով մեկ շարունակում են սփռված մնալ խայտաբղետ և կիսախարխուլ վագոն-տնակներից ու ինքնաշեն ժամանակավոր կացարաններից բաղկացած «տնակային ավանները»։

Գյումրու այդ ավաններում կատարած մեր դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայումս վագոն-տնակներում բնակվող հազարավոր ընտանիքների գերակշիռ մասն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա, երկրաշարժի հետևանքով անօթևան դարձածների հերթացուցակներում, ինչը նշանակում է, որ նրանք դեռ երկար տարիներ ստիպված են լինելու բնակվել նման ամխիթար պայմաններում։

Սակայն տնակային ավաններում բազմաթիվ են նաև այն ընտանիքները, որոնք չնայած երկրաշարժի հետևանքով կորցրել են բազմաբնակարան շենքերից բնակարաններ ու մինչև օրս չեն փոխհատուցվել, նախորդ երեք տարիներին Գյումրիում կառուցված մոտ 2800 բնակարաններից ևս նրանց բաժին չի հասել։ ՀՀ կառավարության խոստման համաձայն՝ այս խմբին պատկանող 400-420 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվելու ընթացիկ տարում։

«Շիրակ կենտրոն» 

Այս խորագրի վերջին նյութերը