Լրահոս

18.01.2013 09:43


Նարինե Մկրտչյանը դիմել է ՀՀ Վարչական դատարան

Նարինե Մկրտչյանը  դիմել է ՀՀ Վարչական դատարան

Ընդառաջ գնալով մի շարք ընտրողների քաղաքացիական նախաձեռնությանը` ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված  Նարինե Մկրտչյանը հունվարի 17-ին դիմել է ՀՀ Վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝  ԿԸՀ թիվ 22-Ա որոշումն անվավեր ճանաչելու և իր թեկնածութամբ գրանցման մասին որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջների մասին: Նախաձեռնությունն ուղղված է ՀՀ բոլոր քաղաքացիների համար քաղաքականությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների սահմանմանը` ընտրական իրավունքի իրացման համար  ունեցվածքային ցենզի բացառմանը: Վարչական դատարանը գործն ընդունել է վարույթ՝ դատաքննությունը նշանակելով հունվարի 18-ին՝ ժամը 14:30-ին (ՀՀ վարչական դատարանում՝ Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 106 դահլիճ):

   Հայցադիմումում վկայակոչվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ: Մասնավորապես՝ 14.1 հոդվածը սահմանում է` «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև: Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»: ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է` «Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:  Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք»:

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ

(վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին)

1. Գործի փաստական հանգամանքները

Համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի, 2013թ. փետրվարի 18-ին պետք է տեղի ունենան ՀՀ Նախագահի ընտրությունները: Հայցվորը` իր լիազոր ներկայացուցչի միջոցով 2012թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (այսուհետև` հանձնաժողով) է ներկայացրել առաջադրման փաստաթղթերը` դիմում առաջադրման մասին (վավերացված նոտարական կարգով), լիազոր ներկայացուցչի տվյալները (նշվում են ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի համարը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը)),  տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու և վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Չի ներկայացվել ընտրական գրավի վճարման անդորրագիրը:

Հանձնաժողովը ընդունել է փաստաթղթերը և 2013թ. հունվարի 8-ին գումարված իր նիստում կայացրել է իր թիվ 4-Ա որոշումը` հայցվորի դիմումին կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու, այն է` նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագրով լրացնելու համար քառասունութ ժամ ժամանակ տալու մասին:

Նշված ժամանակահատվածում հայցվորս ընտրական գրավի վճարման անդորրագիր չի ներկայացրել:

2013թ. հունվարի 14-ին հանձնաժողովը, հիմք ընդունելով ՀՀ Ընտրական օրենսգրքի 79-րդ, 80-րդ և 82-րդ հոդվածների դրույթները, իր նիստում կայացրել է 22-Ա որոշումը, որով մերժել է իմ գրանցումը որպես Հանրապետության Նախագահի թեկնածու:

2. Հայցվորի իրավական դիրքորոշումը

ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ կետերի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

     Оրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն` Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ):

Հանձնաժողովն իր որոշումը կայացնելիս հղում է կատարել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի վրա, որը սահմանում է, որ «Հանրապետության Նախագահի թեկնածուները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվեհամարին վճարում են ընտրական գրավ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի (այսուհետ` նվազագույն աշխատավարձ) 8 000-ապատիկի չափով»:

Այսպիսով, թեկնածուի գրանցումը մերժելու պատճառ է դարձել ՀՀ Ընտրական օրենսգրքի 24-րդ և 80-րդ հոդվածներով սահմանված ընտրական գրավը չվճարելը և վճարման անդորրագիր չներկայացնելը:

Գտնում եմ, որ նման պատճառաբանությամբ իմ գրանցումը մերժելը անհիմն է հետևյալ պատճառներով`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է`

«Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են:

 Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

 Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է`                              

«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն:

 Oրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

 Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է`                              

«Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև:

 Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածը սահմանում է`

«Հանրապետության Նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից` հինգ տարի ժամկետով:

 Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

 Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածը սահմանում է`

«Ամեն ոք ունի այս Հռչակագրում բերված բոլոր իրավունքներն ու ազատությունները առանց որևէ խտրության` հիմնված ցեղային, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, ունեցվածքի, դասային պատկանելության կամ որևէ այլ կարգավիճակի վրա»:

Ելնելով վերոգրյալից, գտնում եմ, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, կայացնելով իր թիվ 22-Ա որոշումը, առաջնորդվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի 79, 80 և 82 հոդվածների դրույթներով` զանց առնելով բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսգրքի նկատմամբ գերակա միջազգային պայմանագրի նորմերը:

Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանվում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժ ունենալու և դրա նորմերի անմիջականորեն գործելու, ինչպես նաև օրենքների նկատմամբ միջազգային պայմանագրերի գերակայության դրույթը, ինչից բխում է, որ Սահմանադրության 14.1 և 50-րդ հոդվածներով սահմանված դրույթները պետք է գործեն անմիջականորեն: Ըստ այդմ, 50-րդ հոդվածը սահմանում է Հանրապետության Նախագահ ընտրվելու համար նախատեսված չափորոշիչները և չի նախատեսում որևէ այլ արգելք, գրավ, գումար կամ այլ սահմանափակումներ: Ավելին` ՀՀ Ընտրական օրենսգրքի 82-րդ հոդվածը որպես թեկնածուի գրանցումը մերժելու հիմքերից մեկն է դիտում հենց Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները: Այդպիսով, հանձնաժողովի կիրառած դրույթները պարունակում են Սահմանադրությամբ չնախատեսված լրացուցիչ սահմանափակումներ, ինչը հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածի դրույթներին։

Այդ դրույթները հակասում են նաև Սահմանադրության 14.1 հոդվածի դրույթներին, քանզի թեկնածուին ուղղակիորեն ֆինանսական (տվյալ դեպքում` գրավի տեսքով) պահանջի ներկայացումը, ըստ էության, պայմանավորում է թեկնածուի գրանցումը նրա գույքային դրությամբ և խտրական մոտեցում է կիրառում հնարավոր թեկնածուների միջև:  Ճիշտ է, թեև ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածով սահմանվում է, որ Հանրապետության Նախագահի ընտրության կարգը սահմանվում է Սահմանադրությամբ և օրենքով, սակայն այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ թեկնածուից ոչ թե պահանջվում է որոշակի ժամկետում հանգանակել որոշակի թվով ընտրողներից որոշակի գումար, կամ ներկայացնել որոշակի քանակությամբ ստորագրություններ, կամ գործողությունների որևէ այլ հերթականությամբ հիմնավորել իր առաջադրման հիմնավորվածությունը և թեկնածության լրջությունը, այլ պարզապես պահանջվում է վճարել ութ միլիոն ՀՀ դրամ և Հանձնաժողով ներկայացնել վճարման անդորրագիր, ինչը թեկնածուին ներկայացվող նույնպիսի պահանջ է (և ոչ ընտրության կարգի բաղկացուցիչ), ինչպիսին  վերջին 10 տարվա ընթացքում ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքի ներկայացումն է կամ անձնագրի պատճեի ներկայացումը` թեկնածուի իրական տարիքը պարզելու համար:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 78-րդ հոդվածը որպես առաջադրման ձևերից մեկն է սահմանում ինքնառաջադրումը, ինչը ենթադրում է, որ քաղաքացին առաջադրվում է իր ցանկությամբ, այլ ոչ այլ ընտրողների նախաձեռնությամբ կամ որոշմամբ: Այդ առումով ընտրական գրավի 8 միլիոն դրամ սահմանված չափը ինքնին վերածվում է գույքային ցենզի, քանի որ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձը սահմանված է երեսունհինգ հազար ՀՀ դրամի չափով, իսկ միջին աշխատավարձը, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, կազմում է 114000 ՀՀ դրամ, ինչը փաստացի անհնարին է դարձնում մեծ նյութական կարողությունների չտիրապետող անձանց առաջադրումը` անկախ իրենց քաղաքական ակտիվությունից կամ վարկանիշից: Նշեմ նաև, որ այն երկրներում, որտեղ ընտրական գրավ կիրառվում է, այն կազմում է ոչ մեծ գումար և համադրելի է երկրի միջին աշխատավարձի հետ:

Այսպիսով, գտնում եմ, որ Հանձնաժողովի 2013թ. հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1 և 50-րդ հոդվածներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 2-րդ հոդվածին, և այդ որոշմամբ խախտվել է ՀՀ Նախագահի թեկնածու առաջադրվելու` ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված իմ սահմանադրական իրավունքը:

 Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 113-114-րդ, 143-րդ, 150-րդ հոդվածներով դատարանից.

  ԽՆԴՐՈՒՄ ԵՄ

 

 Անվավեր ճանաչել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 22-Ա որոշումը և պարտավորեցնել հանձնաժողովին ընդունել որոշում իմ թեկնածության գրանցման մասին:  

                                   Նարինե  Հովհաննեսի  Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը