Լրահոս

16.01.2013 16:57


Արման Մելիքյան. «Հայաստանում ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում»

Արման Մելիքյան. «Հայաստանում ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում»

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի

նախագահ` պարոն Տիգրան Մուկուչյանին

 Հարգելի պարոն Մուկուչյան,

Հայաստանում այսօր, ցավոք, ընտրությունների իրավաչափությունը ճանաչելու համար նախատեսված իրավական չափորոշիչները վստահություն չեն ներշնչում, ինչը հանգեցրել է հանրության մի զգալի մասի մոտ այն ոչ անհիմն համոզմունքի ձևավորմանը, ըստ որի իշխանությունները մշտապես կեղծել են ընտրությունները: Ստեղծված պայմաններում այս խնդիրը կարող է լուծվել միայն հասարակության ու իշխանության միջև գործնական երկխոսության արդյունքում, այսինքն` վիճելի հարցերի վերաբերյալ քաղաքական փոխհամաձայնության հանգելու ճանապարհով:

Քանի որ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող բոլոր մակարդակների ընտրությունների գործնական կազմակերպումը և ՀՀ օրենսդրությանը դրանց համապատասխանության ապահովումը ՀՀ ԿԸՀ-ի գործառույթն է, որպես առաջիկայում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու հարկ եմ համարում մտահոգությունս հայտնել այն կապակցությամբ, որ ՀՀ-ից արտագաղթած հարյուր հազարավոր ընտրողների քվեները կարող են տարբեր եղանակներով օգտագործվել ընտրակեղծարարների կողմից հօգուտ իրենց նախընտրած թեկնածուի: Նախկինում անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններում քվեարկած քաղաքացիների թվաքանակի վերաբերյալ ներկայացված պաշտոնական ամփոփիչ տվյալները բացահայտորեն անարժանահավատ են և ամենապարզ հաշվարկներով առնվազն 400-500 հազարով գերազանցում են ՀՀ-ում փաստացիորեն մնացած ընտրողների քանակը: Այս առումով, համեմատաբար ճշմարիտ կարելի է համարել միայն 2012թ. տարեվերջին երկու ընտրատեղամասերում անցկացված լրացուցիչ խորհրդարանական ընտրությունների մասնակիցների վերաբերյալ թվային տվյալները, որոնց համաձայն դրանց մասնակցել էր գրանցված ընտրողների միջինը` մոտ երեսունհինգ տոկոսը: Առաջիկայում ընտրություններին իրականում մասնակցած ընտրողների թվի  վերաբերյալ ցանկացած կասկած կանխելու համար նպատակահարմար եմ գտնում հրապարակել ՀՀ անկախացումից ի վեր`

- ՀՀ քաղաքացիություն ընդունած երկքաղաքացիների,

- ՀՀ-ից հեռացած քաղաքացիների,

- ՀՀ քաղաքացիությունից դուրս եկած անձանց

վերաբերյալ պաշտոնական վիճակագրական  տվյալները: Հասկանալի է, որ այդ տվյալները  բացարձակ ճշգրիտ լինել չեն կարող և կունենան սխալմունքի որոշակի չափ, սակայն,  անգամ մոտավոր տվյալների հրապարակումն արդեն որոշակիություն կմտցնի այս հարցում: Մեր գնահատմամ,բ երկու աշխատանքային շաբաթը բավարար  ժամանակ է համապատասխան տեղեկատվությունը  ստանալու համար, եթե նման հրահանգ տրվի` գյուղական բնակչության մասով գյուղապետերին, իսկ քաղաքային բնակչության մասով` շենքերի լիազորներին:

Իմ նախընտրական շտաբը ևս, հիմնվելով բաց շրջանառության մեջ գտնվող պաշտոնական և ոչ-պաշտոնական տվյալների վրա, ինքնուրույն կկատարի համապատասխան հաշվարկներ, որոնք և կներկայացվեն հանրությանը:

Այս կարևոր և սկզբունքային հարցում Ձեր շահագրգիռ համագործակցության ակնկալիքով ու լավագույն մաղթանքներով,

Արման Մելիքյան

ՀՀ Նախագահի թեկնածու

Այս խորագրի վերջին նյութերը