Լրահոս

16.01.2013 16:55


Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները

Ամփոփվեցին Բրյուսելում կայացած պաշտոնական հանդիպումների արդյունքները

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ հունվարի 8-10-ը Բրյուսել կատարած այցի արդյունքները հունվարի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեցին պատվիրակության անդամներ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ Եվրոպական ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, ԵԽ ԵԺԿ խմբակցության ղեկավար Ժոզեֆ Դոլի, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ ԱԺ նախագահի եւ պատվիրակության անդամների հանդիպումների ժամանակ քննարկվել են ՀՀ քաղաքական օրակարգում առկա խնդիրներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ԵՄ-ՀՀ հարաբերությունների ակտիվացմանը, խորհրդարանական համագործակցությանն ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող տարբեր հարցեր: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Սաբին դը Բեթյունի եւ Ներկայացուցիչների պալատի նախագահ Անդրե Ֆլաոյի հետ քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ հանդիպումներն անցել են ջերմ մթնոլորտում եւ եղել են արդյունավետ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց նաեւ, որ հանդիպումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, խոսելով Հայաստանի եվրաինտեգրման հաստատուն քայլերի, մերձեցման քաղաքականության անհրաժեշտության եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը սերտացնելու վճռականության մասին, միաժամանակ ընդգծել է, որ հայ-ռուսական քաղաքական, տնտեսական ու ռազմավարական-գործընկերային հարաբերությունները շարունակական են լինելու եւ արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը երբեք մեկը մյուսով չի պայմանավորելու, ինչը ընկալումով են ընդունել ԵՄ պաշտոնյաները:

Անդրադառնալով Եվրանեսթի շրջանակներում տարվող աշխատանքներին եւ այդ կառույցում Հայաստանի ակտիվ դերակատարությանը՝ ԱԺ նախագահն առաջարկել է Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին անցկացնել Երեւանում:

Քննարկվել է նաեւ ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների հարցը: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանություններն ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին: 

Այս խորագրի վերջին նյութերը