Լրահոս

16.01.2013 14:14


Կպարզեցվի մաքսային ծառայողների վերապատրաստումը

Կպարզեցվի մաքսային ծառայողների վերապատրաստումը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է փոփոխել մաքսային ծառայողների ատեստավորման և վերապատրաստման հետ կապված դրույթները և պարզեցնել ու բարելավել այդ գործընթացները։

Գործադիրը քննության է առել «Հոգեբուժական օգնության մասին» և «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Դավիթ Հարությունյանը։ Նրանք առաջարկում են հստակեցնել հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների` մասնավորապես, պետության կողմից երաշխավորված իրավական հարցերով օժանդակություն ստանալու մեխանիզմները։ Փաթեթի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել։
Նիստում քննարկվել են նաև «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը և ՀՀ չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, որոնք օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը։ Իր եզրակացության մեջ կառավարությունն արձանագրել է, որ նախագծերի փաթեթում կան դրույթներ, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն և առաջարկել է շահագրգիռ կազմակերպությունների, ինստիտուտների մասնակցությամբ խորհրդարանական լսումներ հրավիրել։
Քննարկելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որը ներկայացրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ և որով առաջարկվում է փոխել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների առաջադրման կարգը, կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին, քանի որ նախագծում կարգավորված չեն այն դեպքերը, երբ խմբակցությունները քաղաքական համաձայնության չեն գալիս։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Այս խորագրի վերջին նյութերը