Լրահոս

16.01.2013 13:56


«Հայաստանն Առանց Քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

«Հայաստանն Առանց Քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը

2012թ. նոյեմբերի  13-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մերժեց Հայ Ազգային Կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի բողոքները։ Այսպիսով, դատարանն օրինական ուժի մեջ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ հուլիսի 20-ին կայացված դատավճիռը, որով ամբաստանյալները դատապարտվել էին համապատասխանաբար  6, 3, 2 և 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քր. օր.-ի Հոդված 316-ի (իշխանության ներկայացուցիչներին  բռնության կիրառմամբ դիմադրելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիք) և Հոդված 258-ի (խուլիգանություն) հատկանիշներով։

Տվյալ գործը կապված է 2011թ. օգոստոսի 9-ի միջադեպին, երբ երիտասարդները ոստիկանների կողմից ենթարկվել են հարձակման, ծեծի, ապա բերման ենթարկվել ոստիկանության բաժին ճիշտ այն ընթացքում, երբ վերջապես սկիզբ էին առել երկրի ժողովրդավարացմանն առնչվող պաշտոնական բանակցությունները ՀՀ իշխանությունների և ընդդիմադիր ՀԱԿ-ի միջև։ Տարածված կարծիք է, որ ոստիկանության գործողությունները քաղաքական դրդապատճառներով էին պայմանավորված և որ դրանց արդյունքում, ըստ էության, խափանվեց երկխոսությունը կառավարության և ընդդիմության միջև։

Սկսած հենց 2011թ. օգոստոսի 9-ից,  այս գործի վարույթն իրականացվել է օրենքի մի շարք էական և ընթացակարգային խախտումներով, ընտրողական արդարադատության կիրառմամբ։  Ի մասնավորի՝

·       Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նախաքննությունը և ապա՝ դատապարտումը գլխավորապես  հիմնված է եղել հենց այն ոստիկանների ցուցմունքների վրա, որոնք մասնակցել են ակտիվիստների դեմ ուղղված հարձակմանը, սակայն պաշտոնապես ներգրավվել են որպես տուժողներ և վկաներ,

·       Պաշտպանական կողմի պահանջների անտեսմամբ, նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել միջադեպի ականատես հանդիսացող բազմաթիվ անհատներ, որոնք կարող էին անկողմնակալ ու ճշմարտացի վկայություն տալ գործի առնչությամբ,

·       ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել իրենց ընթացակարգային իրավունքներից ինչպես ոստիկանության բաժին բերման ենթարկվելու, այնպես էլ որպես կասկածյալներ կալանավորվելու ընթացքում։ 

·      Երիտասարդ ակտիվիստներին որպես կասկածյալների ձերբակալության արձանագրություններն ու ընթացակարգային այլ փաստաթղթերը կազմվել են նրանց փաստաբանների բացակայությամբ,

·      Մեղադրյալների փաստաբան Վահե Հովսեփյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, տեղեկացնելով ոստիկանության՝ իր մասնագիտական պարտականությունների կատարումը խոչընդոտող գործողությունների, այդ թվում՝ հենց իր նկատմամբ կիրառված բռնության մասին, սակայն այդ հաղորդման հիմքով հետաքննություն սկսելու պահանջը մերժվել է, 

·       Նախաքննության ընթացքում պաշտպանական կողմի նախաձեռնությամբ որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, որոնք, սակայն,դատաքննության ժամանակ չեն ներառվել վկաների ցանկում,

·      Միջադեպի մի շարք ականատեսներ հաղորդել են նախաքննության ընթացքում ոստիկանության կողմից կիրառված ճնշումների, այդ թվում՝ ապօրինաբար կենտրոնական ոստիկանատուն բերման ենթարկվելու մասին,

·       Ամբաստանյալներ Սարգիս Գևորգյանը և Տիգրան Առաքելյանը երկու դատաքննությունների ժամանակ, իսկ ամբաստանյալ Դավիթ Քիրամիջյանը ՀՀ Վերաքննիչ դատարանում զրկվել են վերջին խոսքով հանդես գալու հնարավորությունից, ինչը ՀՀ քրեադատավարական օրենսգրքի և Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում է, 

·       Վերաքննիչ դատարանում դատական նիստերը անց են կացվել ամբաստանյալներ Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գևորգյանի, Տիգրան Առաքելյանի, և նրանց փաստաբանների բացակայությամբ։ Արդյունքում, պաշտպանական կողմը զրկված է եղել պաշտպանական ճառն արտասանելու իրավունքից,

·       Վերաքննիչ դատարանը անհիմն, առանց պատճառաբանության մերժել է ակտիվիստների կողմից ներկայացված բոլոր միջնորդագրերը, ինչպես նաև փաստաբանների միջնորդագրերը ինքնաբացարկի վերաբերյալ,

·      Թեև գոյություն ունեին արժանահավատ հաղորդումներ միջադեպի ընթացքում ոստիկանության կողմից կիրառված բռնության և դաժան վերաբերմունքի մասին, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել և ոստիկանության բոլոր ներկայացուցիչները ներգրավվել են որպես  այս գործով «տուժողներ»,

·       Երիտասարդ ակտիվիստների նկատմամբ սահմանված խիստ պատժաչափերը կտրուկ տարբերվում են ընդհանուր գործելակերպից, ըստ որի հայաստանյան դատարանները, որպես կանոն, ավելի մեղմ պատիժներ են սահմանում շատ ավելի լուրջ հանցագործությունների համար։

Օրենքի այս աղաղակող խախտումները և ընտրողական արդարադատության կիրառումը արտացոլում են ՀԱԿ-ի չորս ակտիվիստների հետապնդման հիմքում ընկած քաղաքական  շարժառիթները։

2012թ. հոկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական  վեհաժողովն ընդունեց թիվ 1900 բանաձևը, ըստ որի «Քաղաքական բանտարկյալ պետք է համարել անձնական ազատությունից զրկված անձին,                                                                                                                                          

ա) եթե ազատազրկումը կիրառվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (ՄԻԵԿ) և կից արձանագրություններով երաշխավորված հիմնական իրավունքներից որևէ մեկի,մասնավորապես՝ մտածելու, խղճի և դավանանքի ազատության, կարծիք արտահայտելու ևտեղեկատվություն հաղորդելու, ինչպես նաև հավաքների և միավորումների ազատությանոտնահարմամբ,                                                                                     

բ) եթե ազատազրկումը կիրառվել է ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով,առանց որևէ օրինախախտման հետ առնչության,

գ) եթե, քաղաքական դրդապատճառներով, կալանքի տևողությունը և պայմաններն ակնհայտորենանհամաչափ են այն իրավախախտմանը, որով տվյալ անձը մեղավոր կամ կասկածյալ է ճանաչվել,

 

դ)  եթե, քաղաքական դրդապատճառներով, անձն ազատությունից զրկվել է այլ անձանց համեմատ՝խտրական վերաբերմունքի հիման վրա, կամ

 

ե) եթե ազատազրկումը սահմանվել է այնպիսի ընթացակարգերի արդյունքում, որոնք ակնհայտորեն անարդարացի էին և ըստ երևույթին կապ է նշմարվում իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ» (ՍԳ/Ինֆ(2001)34, պարբերություն 10)։
Ակնհայտ է, որ  ըստ այս սահմանման բոլոր հինգ վերոնշյալ դրույթների, Տիգրան Առաքելյանը պետք է քաղբանտարկյալ համարվի։ Եթե դատավճիռն օրինական ուժ ստանա, Սարգիս Գևորգյանը, Արտակ Կարապետյանը և Դավիթ Քիրամիջյանը նույնպես կհայտնվեն քաղբանտարկյալների այս նույն կարգավիճակում։

Եվս մեկ անգամ, 2011թ. մայիսից հետո, երբ ՀՀ իշխանությունների կողմից ազատ արձակվեցին բոլոր քաղբանտարկյալները, Հայաստանը վերադառնում է մի իրողության, երբ բանտերում են հայտնվում մարդիկ միմիայն իրենց  սահմանադրական իրավունքների և հիմնարար ժողովրդավարական ազատությունների ապահովմանը ձգտելու համար։ 

Ժամանակն է, որ միջազգային հասարակայնությունն արձագանքի և կոչ անի, որ ՀՀ իշխանությունները ղեկավարվեն ժողովրդավարական սկզբունքներով, հարգեն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, նաև ձեռնարկի բոլոր հնարավոր միջոցները՝ ազատության և ժողովրդավարության համար մարտնչող երիտասարդ ակտիվիստների դեմ ուղղված քրեական հետապնդմանը վերջ դնելու և  պահանջելու անհապաղ ազատ արձակել Տիգրան Առաքելյանին։

«Հայաստանն Առանց Քաղբանտարկյալների» քաղաքացիական նախաձեռնությունը

Այս խորագրի վերջին նյութերը