Լրահոս

16.01.2013 12:10


Դիմորդի նամակ. «Ի վերջո՝ թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելո՞ւ, թե՞ ինձնից միավոր խլելու համար»

Դիմորդի նամակ. «Ի վերջո՝ թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելո՞ւ, թե՞ ինձնից միավոր խլելու համար»

Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական նամակն է հրապարակել, որի հեղինակը դիմորդ Աիդա Գևորգյանն է։ Նամակում ասված է.

«Ես դիմորդ եմ, պարապում եմ կրկնուսույցի մոտ 2012թ. շտեմարանով: Ես և ուսուցիչս խճճվել ենք. Օրինակ, ոչ մի դասագրքում, ոչ մի ուսումնական ձեռնարկում հստակ բացատրված չեն միջակետի գործածության դեպքերը, շատ անգամ վիճելի է ստորակետի և միջակետի հարցը: Օրինակ, 7-րդ գլխի 10-րդ վարժության մեջ պահանջվում է ստորակետերով տրոհել տեքստը, ընդ որում՝ «առանց» կապով բառակապակցությունը պահանջում է տրոհել ստորակետով այն դեպքում, երբ ուսուցիչս ինձ սովորեցրել է, որ այն կարելի է կետադրել ստորակետով կամ բութով` հիմք համարելով 2012թ. Մեյթիխանյանի 8-րդ դասարանի դասագիրքը: 


Ուղղագրություն և իմաստաբանություն բաժիններում կան բազմաթիվ բարբառային և «նավթալինոտ» բառեր, որոնք, կարծում եմ` ոչնչով չեն օգնի իմ` ավելի լավ շուկայագետ դառնալուն: Նույնիսկ Սուքիասյանի հոմանիշների բառարանն անգիր իմանալու դեպքում ոչ ոք չի կարող հաղթահարել այս բաժինը (օրինակ` արխալուղ, բարեմույն բառերը չկան բառարանում ), իսկ թեստում հոմանիշ չեն դիտվել հոմանիշների բառարանում ներառվածները և հակառակը (օրինակ` բնաբան և բնագիր, ադամ և ասուն):

Իմաստաբանության բաժնում շատ բառերի բացատրությունները չեն համընկնում ակադեմիական բառարանի բացատրություններին (օրինակ ` անդրենածին-բնիկ, արձանագրություն-մահարձանի վրա կատարվող հիշատակություն): 

Իմաստաբանության բաժնում ինձնից պահանջում են գտնել բառագործածության սխալները, իսկ նախադասություններում կան խնդրառական սխալներ. չգիտեմ` փորձում են ինձ շփոթեցնել, թե պահանջն է սխալ (էջ34 154,155): 

Ուղղագրության բաժնում հապավումներ կան, որոնք դեռևս չեմ գտել որևէ դասագրքում: 

Գրականության բաժնում կան մանրամասներ ճշտող հարցեր, որոնք չեն պարզում մեր կարդացածության մակարդակն ու պետք են միայն մասնագետներին: 

Ի վերջո՝ թեստը ստեղծված է գիտելիքներս ստուգելո՞ւ, թե՞ ինձնից միավոր խլելու համար»,- հարց է բարձրացրել դիմորդը:

Այս խորագրի վերջին նյութերը