Լրահոս

16.01.2013 11:48


Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումն իր բողոք դիմումն է ուղղել «British Museum»-ի գլխավոր տնօրենին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումն իր բողոք դիմումն է ուղղել «British Museum»-ի գլխավոր տնօրենին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ մշակութային ցեղասպանության դեմ պայքարի շրջանակներում իր բողոք դիմումն է ուղղել «British Museum»-ի /Բրիտիշ Մյուզեում/ գլխավոր տնօրենին` կապված հայկական մշակութային արժեքները <<Հնագույն Թուրքիա>> վերնագրված սրահում ցուցադրվելու շուրջ: ԵՀՄՖ-ն այս նամակը տեղադրել էր ֆեյսբուքյան իր էջին և ստացել մի քանի տասնյակ հազար հավանություն: Այնուհետև նամակը հանձնվել է Մեծ Բրիտանիայի դեսպանություններին Բրատիսլավայում և Երևանում, ինչպես նաև Լոնդոնում Հայաստանի դեսպանությանն ու ուղիղ հասցեով Բրիտիշ Մյուզեում-ի գլխավոր տնօրինությանը: ԵՀՄՖ-ը հույս ունի, որ բացի ֆեյսբուքյան խմբերից և հազարավոր հայրենասերներից, իր այս գործընթացը կսատարվի նաև ՀՀ ԱԳՆ-ի կողմից: Ողջ գործընթացի շուրջ պարբերաբար տեղեկույթ կներկայացվի ԶԼՄ-ներին: Առաջին պատասխանը Բրիտիշ Մյուզեում-ի համակարգչից արդեն ստացվել է առ այն, որ 20 օրվա ընթացքում հարցն ամփոփ ուսումնասիրվելու է և տրվելու է լուծում: Ստորև ներկայացնում ենք դիմում- բողոքն առանց կրճատումների:

Մեծարգո պ.Նիլ Մեկ Գրեգոր /Neil MacGregor/.
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումը /ԵՀՄՖ/ հայտնում է Ձեզ իր խիստ վրդովմունքն ու բողոքը Բրիտանական թանգարանի <<Raymond and Beverly Sackler>> պատկերասրահում տեղ գտած կեղծիքների և անճշտությունների շուրջ՝ կապված Հայաստանի և հատկապես Հայաստանի ուրարտական շրջանի պատմամշակութային արժեքների ցուցադրման հետ, որոնք հայերի և իրենց պատմության համար մեծ մշակութային արժեք են ներկայացնում:
Նախ և առաջ խոսքը թանգարանի թիվ 54 սրահում տեղ գտած <<ANCIENT TURKEY>> անվանման մասին է: Թանգարանի նկատմամբ ամենայն հարգանք տածելով ստիպված ենք սակայն նշել, որ անտիկ դարաշրջանն ու Թուրքիա հասկացողություններն ընդհանուր ոչինչ չունեն: Նույնիսկ թեև նույն ցուցանմուշների հետ կապված <<Ancient Anatolia>> (Հնագույն Անատոլիա) նախորդ անվանումը չէր արտացոլում ուրարտական ցուցանմուշների իրական ծագումը, <<ANCIENT TURKEY>> (Հնագույն Թուրքիա) այս վերջին անվանումը՝ նախկինում չլսված անհեթեթ մի տերմին, լիովին կասկածելի լույսի տակ է առնում Բրիտանական թանգարանի հեղինակությունը:
Այո, պատկերասրահում հաճախ ցուցադրվում են հայկական տարբեր ժամանակաշրջանների ցուցանմուշներ, և օգտագործվում են դրանց գտնման կամ ձեռք բերման տեղանունները, սակայն միայն մեկ որոշակի նպատակով՝ թաքցնելու համար նրանց մշակութային պատկանելիությունը: Այսպես վարվում են հայկական հնամյա գորգերի հետ՝ այն ներկայացնելով մուսուլմանական և կոնկրետ թուրքական, ինչպես նաև տարբեր գտածո արժեքների` տվյալ դեպքում անտիկ ուրատական նմուշների հետ:
ԵՀՄՖ-ը բարձրացնում է իր բողոքի ձայնը Բրիտանական թանգարանի կողմից ցուցաբերվող մոտեցման դեմ՝ պատմականորեն հայկական ուրարտական ցուցանմուշները որպես թուրքական ներկայացնելու համար: Բողոքին միանում են Հայաստանի, Եվրոպայի, Ռուսաստանի Ամերիկյան մայրցամաքների և ընդհանրապես ողջ աշխարհի հայությունը:
Մենք պատրաստ ենք տրամադրել փորձագիտական եզրակացություններ ուրարտական պատմության մեջ մասնագիտացված մի շարք ականավոր պատմաբաններից Բրիտանական թանգարանում ուրարտական ցուցանմուշների ճշտգրիտ ծագման վերաբերյալ: Մենք հայցում ենք ձեր թանգարանի արագ արձագանքները վիճակն անհապաղ շտկելու՝ <<ANCIENT TURKEY>> /Հնագույն Թուրքիա/ անվանումը <<Urartu, Ancient Armenia>> /Ուրարտու հնագույն Հայաստան/ անվանմամբ փոխարինելու պահանջով: Բարձրացված հարցին բավարար պատասխան չստանալու և անմիջապես կեղծիքները չուղղելու դեպքում մենք կսկսենք լուրջ պայքար՝ ընդհուպ Բրիտանական թանգարանի դեմ` ուղղելով պաշտոնական բողոք ձևակերպված մեր իրավաբանների կողմից:

Խորին հարգանքով

ԵՀՄՖի նախագահություն
Նախագահ` ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը