Լրահոս

16.01.2013 09:40


Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի  օրենսդիր մարմինների միջև փորձի փոխանակման հնարավորությունները

Հունվարի 15-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Ֆադեյ Չարչօղլյանը Ալի Ռաշեդին է փոխանցել ՀՀ Ազգային ժողովի նախագահի ջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները Քուվեյթի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ  է ակտիվացնել միջխորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը մեծապես կարող է նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խթանմանն ու  իրատեսական արդյունքների արձանագրմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի  միջև կապերի հետագա առաջխաղացմանը: Ալի Ռաշեդը հայտնել է, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կվերաձևավորվի Քուվեյթ – Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբը:

Հանդիպման ընթացքում պարոն Ալ-Ռաշեդը բարձր է գնահատել  քուվեյթահայ համայնքի դերը երկրի զարգացման գործում` նշելով Հայաստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման գործում իր անձնական ներդրման մասին:  

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են Հայաստանի և Քուվեյթի  օրենսդիր մարմինների միջև տեղեկատվության և փորձի փոխանակման հնարավորությունները: Ալի Ֆահդ Ռաշեդ Ալ-Ռաշեդին է փոխանցվել ՀՀ ԱԺ նախագահի  Հայաստան այցելության հրավերը: Կարևորելով Հայաստան այցելությունը, Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այն պատրաստ է  իրականացնել մոտ ապագայում`  Հայաստանի պատմամշակութային արժեքներին և տնտեսական հնարավորություններին ծանոթանալու, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային նշանակության հարցեր քննարկելու նպատակով:

Այս խորագրի վերջին նյութերը