Լրահոս

16.01.2013 09:36


ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածուն պարտավոր է ներողություն խնդրել ամերիկահայերից

ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածուն  պարտավոր է ներողություն խնդրել ամերիկահայերից

Նախագահ Օբամայի կողմից որպես պաշտպանության հաջորդ նախարար առաջադրված թեկնածու, նախկին սենատոր Չակ Հեյգելի հաստատման առիթով քաղաքական մեկնաբանների մեծ մասը Զինված ուժերի հանձնաժողովում, իսկ հետո Սենատի լիագումար նիստում, վիճելի լսումներ են կանխատեսում:

Սենատում անցկացրած իր 12 տարիների ընթացքում հանրապետական Հեյգելը հասցրել է վիրավորել բազմաթիվ ընտրողների, այդ թվում՝ իր հարազատ կուսակցության պահպանողական սենատորներին, ինչպես նաև հրեա ամերիկացիներին, ամերիկահայերին, կուբայական ծագում ունեցող ամերիկացիներին և միասեռականներին: Սենատոր Հեյգելն իր քննադատներին հանգստացնելու և Սենատի հաստատումն ապահովելու նպատակով, վերջին օրերին զբաղված էր հերքումներ տարածելով և տարբեր խմբերից ներողություններ խնդրելով:

Հրեա ամերիկացիներն իմանալով Հեյգելի թեկնածության առաջադրման մասին, խստորեն քննադատել են նրան՝ Իրանի հանդեպ մեղմ և Իսրայելի հանդեպ կոշտ լինելու, ինչպես նաև նրա՝ «հրեական լոբբին» Միացյալ Նահանգներում «շատ մարդկանց է սարսափեցնում» արտահայտության համար:

Սենատոր Հեյգելը հունվարի 7-ին պատասխանել էր «The Lincoln Journal Star» թերթին՝ ասելով, որ իր տեսակետը ցուցադրում է «միանշանակ, լիակատար աջակցություն Իսրայելին» և կոշտ տնտեսական պատժամիջոցների կիրառում Իրանի դեմ: «Կասկածի նշույլ անգամ չկա, որ ես հակաիսրայելական եմ, իսկ [Սենատի] ոչ մի քվեարկություն չի վնասել Իսրայելին», ասել է Հեյգելը թերթին:

Թեկնածուն նաև հրաժարվել է 1998 թվականին առաջարկված դեսպան Ջեյմս Հորմելի թեկնածությանը իր դեմ լինելուց, ում նա անվանել էր «բացահայտ, ագրեսիվ միասեռական»: Անցյալ շաբաթ նա ներողություն է խնդրել միասեռականների իրավունքների խմբերից՝ նշելով, որ իր նախկին մեկնաբանությունները «անզգայուն» են եղել:

Այդուհանդերձ, պաշտպանության նախարարի թեկնածուն դեռևս ներողություն չի խնդրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր խիստ անզգայուն տեսակետների համար:

2005 թվականի հունիսի 2-ին Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ սենատոր Հեյգելն իր առարկությունն է արտահայտել Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևի վերաբերյալ. «Այն պետք է դիտարկվի պատմաբանների և ուրիշների կողմից: Սակայն ես չեմ կարծում եմ, որ Միացյալ Նահանգների կառավարությունը, այս կամ այլ ձևով պետք է միջամուխ լինի այդ խնդրի մեջ բանաձևի միջոցով կամ մի այլ կերպ: Այն ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, տեղի է ունեցել 1915 թվականին: Որպես Միացյալ Նահանգների սենատորներից մեկը, ես կարծում եմ, որ այս հարցի լուծման լավագույն ճանապարհը՝ այն պատմաբաններին և այլոց բաց քննարկմանը հանձնելն է, որոնք կպարզեն, թե ինչ է տեղի ունեցել և ինչու»: Հենց այսպիսին է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողական վարչակարգի դիրքորոշումը:

Շարունակելով՝ սենատոր Հեյգելը հայ լրագրողներին ասել է. «Հարցն այն է, որ այս տարածաշրջանը պետք է առաջ շարժվի: Մեզ անհրաժեշտ են կայուն, խաղաղ հարաբերություններ Թուրքիայի և Հայաստանի և տարածաշրջանի այլ երկրների միջև: Ես համոզված չեմ, որ հետ նայելով և գործելով այնպես, որ դա, որոշ առումով, այս կամ այն կողմին վատ դրության մեջ կդնի, կօգնի խաղաղության գործընթացն առաջ տանելուն»: Այս մեկնաբանությունները, պարզապես նպատակ ունեին քողարկել Հայոց ցեղասպանության թուրքական ոճրագործությունը:

Սենատոր Հեյգելի հայտարարություններն ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման շեշտում են նրա հիացմունքային արտահայտությունները թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին, ով շարունակել է նախորդ վարչակարգի նախաձեռնած ցեղասպանությունը: Զարմանալի չէ, որ Ամերիկայի Աթաթուրքի ընկերությունը 2005 թվականի մայիսի 19-ին սենատոր Հեյգելին ներկայացրել էր Աթաթուրքի ընկերության ղեկավարության մրցանակին, նրա՝ Հայաստան կատարելիք այցից ընդամենը երկու շաբաթ առաջ, սատարելով Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կառավարության ունեցած դիրքորոշմանը:

«Հյուրիեթ» թերթը մեջբերում է կատարել սենատոր Հեյգելի 2008 թվականի ելույթից, որտեղ նա հետևյալ բարձր գովասանական հայտարարությունն է արել ժամանակակից Թուրքիայի հիմնադրի մասին. «Աթաթուրքը 21-րդ դարի ամենաարժեքավոր ղեկավարներից մեկն է: Միացյալ Նահանգների երեխաներն այս մեծ առաջնորդի մասին ոչինչ չգիտեն: Նրա մասին երեխաներին պետք է դասավանդել դպրոցներում և գրել պատմության դասագրքերում: Աթաթուրքը առաջատար դեր է խաղացել ներկայիս աշխարհի ձևավորման գործում»:

Ադամ Կրեդոն, Վաշինգտոնի «Free Beacon» թերթում հրապարակած «Չակ Հեյգելը հայկական խնդիր ունի» խորագիրը կրող մի հոդվածում մեջբերումներ է կատարել ամերիկահայերի և մարդու իրավունքների պաշտպանների ասածներից, ովքեր խորապես մտահոգված են Հեյգելի առաջադրմամբ: Ահա նրանց հայտարարություններից մի քանիսը.

 - «Մենք շարունակում ենք մտահոգված մնալ նախկին սենատոր Հեյգելի կողմից՝ Անկարայի՝ Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան անկեղծության վերաբերյալ «բերան փակելու» քաղաքականության ընդունմամբ», հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

- «Մենք ակնկալում ենք հաստատման խիստ գործընթաց, որը նաև հնարավորություն կընձեռի սենատոր Հեյգելին՝ ուղղակիորեն ճանաչել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների պատմությունը», ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

- «Հոլոքոստի նախօրեին, Հիտլերը ծաղրանքով ասել է «Ո՞վ է, այսքանից հետո, այսօր խոսում է հայերի բնաջնջման մասին»: Ակնհայտ է՝ ոչ Չակ Հեյգելը», ասել է «Դավիդ Ս. Վայման» Հոլոքոստի ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Ռաֆայել Մեդոֆը:

- «Այն ինչ Չակ Հեյգելն ասել է Հայաստանում 2005 թվականին կայացած իր մամլո ասուլիսում թուրքերի կողմից հայերի Ցեղասպանության մասին, ամոթալի է», ասել է Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի նախկին տնօրեն Վոլտեր Ռեյխը: «Նրա հաստատման առաջիկա լսումներում սենատորները պետք է հակադրվեն նրան՝ իր ասածի համար և ակնկալեն, որ նա կանդրադառնա դրան»:

- «Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Հեյգելի դեմ լինելը «հայտնում է բարոյական ղեկավարության ցնցող բացակայության մասին», հայտարարել է Ֆորդհամի համալսարանի իրավաբանության պրոֆեսոր Թեյն Ռոզենբաումը:

Եթե սենատոր Հեյգելը ներողություն չխնդրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր «անզգայուն» դիտողությունների համար, ապա ամերիկահայերը պետք է կոչ անեն Սենատին խոչընդոտել նրա հաստատմանը:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան

Այս խորագրի վերջին նյութերը