Լրահոս

14.01.2013 12:11


Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզնից

Եթե ուզում ես փոխել աշխարհը, սկսիր ինքդ քեզնից

Բոլորը բողոքում եմ: Չեն համակերպվում: Չեն ուզում ապրել այս երկրում: Բայց ո՞ւր է արդյունքը:

Փողոցում անծանոթ մարդկանց մի քանի հարց տալով կարելի է պարզել նրանց կարծիքը Հայաստանի ներկայիս վիճակի մասին: Բոլորը դժգոհ են: Բայց չգիտես ինչու, ոչ ոք չի ուզում պայքարել: Բոլորը միայն բողոքում են եւ մեղադրում են իշխանություններին անգործության մեջ: Իսկ երբ հերթը գալիս է պայքարին...

Հայաստանը այլեւս այն հին թվերի Հայաստանը չէ: Չկա այն միասնականությունը, այն ուժը, որի շնորհիվ մենք գոյատեւել ենք այսքան տարի եւ չենք վերացել աշխարհի երեսից: Հայ ժողովուրդը միշտ ուժեղ է եղել իր միասնականության շնորհիվ: Օրինակները բազմաթիվ են: Իսկ հիմա ի՞նչ ենք մենք տեսնում:

Երիտասարդության 90%-ը ձգտում է հեռանալ այս երկրից, տղաները չեն ուզում ծառայել բանակում, աղջիկները ընկնում են արտասահմանցի տղաների ետեւից: Փորձեք նրանցից մեկին հարցնել ինչու, կասեն, որ ամեն ինչ վատ է, իշխանությունները չեն գործում, մենք չենք ուզում այստեղ ապրել, մեզ չեն հասկանում: Իսկ եվրոպաների եւ ամերիկաների վրա երեւի մեղր է, հա՞, քսած: Թե՞ այնտեղ ձեզ կպատվեն, կհարգեն, որ դուք թողել եւ փախել եք ձեր երկրից եւ գնացել եք իրենց մոտ:

Ես մի հարց ունեմ այդ մարդկանց. այդ ե՞րբ բողոքեցիք եւ արդյունքի չհասաք, որ հիմա էլ որոշել եք ապագան չկապել Հայաստանի հետ: Նայում ես Ֆեյսբուք-ի որոշ խմբեր, որոնց նպատակը պայքարն է ինչ-որ բանի դեմ: Այդ խմբերում գրանցված են հազարավոր մարդիկ: Բայց բողոքի ցույցերին ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են դառնում: Բոլորը կարծես ներքաշվել են մի նոր՝ վիրտուալ պատերազմի մեջ: Իրենց տաք տներում բուխարու կողքը նստած՝ ստեղնաշարը չխկչխկացնելով պայքարում են: Իսկ երբ գալիս է փողոց դուրս գալու ժամանակը՝ այդ մարդիկ հիշում են, որ իրենք չեն ուզում Հայաստանում ապրել:

Հիմա ասեք, ՀՀ իշխանություննե՞րն են մեղավոր այս ամենի համար: Հեռու չգնանք: Միայն անցած տարի եղան մի քանի դեպքեր, երբ ժողովրդի միասնականության շնորհիվ լուծվեցին բազմաթիվ հարցեր (Մաշտոցի պուրակ, «Փակ» շուկա, Խոսրովի արգելոցի գործ, «Մատաղիսի» գործ եւ այլն, եւ այլն): Սա ցույց է տալիս, որ եթե միասնական պայքարենք՝ ամեն ինչի էլ կարող ենք հասնել:

Սովետական համակարգը ինքնին շատ մեծ եւ հզոր համակարգ էր, որը կարողացավ ջախջախել ֆաշիստներին: Բայց երբ մարդկանց սկսեց դուր չգալ այդ համակարգը՝ նրանք ոտքի կանգնեցին եւ փլուզեցին այն: Նրանք դրա համար ոչ պատերազմ արին, ոչ շենքեր քանդեցին, ոչ մարդ սպանեցին: Ուղղակի բողոքեցին եւ հասան իրենց նպատակին:

Փառք Աստծու, որ Արցախյան ազատամարտի ժամանակ չեղավ այն, ինչ հիմա է կատարվում: Եթե այն ժամանակ էլ Մոնթեն, Վազգենը, Կոմանդոսը եւ այլ շատ ու շատ հերոսներ նստած ստեղնաշար չխկչխկացնեին, հիմա մենք չէինք ունենա Լեռնային Ղարաբաղը, չէինք ունենա վախեցած Ադրբեջան: Աստված գիտի մենք կունենայի՞նք Հայաստանի Հանրապետություն, թե՞ ոչ: Արցախյան ազատամարտի մասնակիցներից մեկը մի անգամ ասաց. «Եթե պատերազմ պետք է լինի, Աստված տա հենց վաղն էլ լինի, որ գոնե մենք գնանք կռվենք: Դա երկու լավ կողմ ունի: Համ այս երիտասարդությունը չի տուժի, համ էլ երկիրը: Թե չէ, եթե թողնեն միայն երիտասարդության վրա, նրանք բոլորն էլ կփախնեն կգնան: Ու եթե պետք է փախնեն՝ թող հենց հիմա փախնեն եւ հետ գան, երբ ամեն ինչ կկարգավորվի: Այդ ժամանակ մենք կիմանանք, որ 10 հոգի ենք, ոչ թե կիմանան, թե 100 հոգի ենք, բայց հենց կռիվը սկսվի մնանք 10 հոգի: Դա ավելի վատ կլինի»:

Հենց այստեղ պետք է մեջբերեմ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի խոսքը. «Եթե ուզում ես փոփոխություններ անել, սկսիր ինքդ քեզնից»: Ուրիշին մեղադրելը հեշտ է: Ես կասեի՝ դա աշխարհի ամենահեշտ բանն է: Բայց ինքդ քեզ նայելը, սխալները տեսնելը, ընդունելը եւ դրանք ուղղել փորձելը ամենադժվար բանն է այս կյանքում: Եթե մենք կարողանանք դա անել, մեզ երբեք չի հաղթի ոչ թուրքը, ոչ ադրբեջանցին, ոչ ներքին թշնամին, ոչ էլ ինչ-որ մեկը...

 Աշոտ Իսրաելյան

Այս խորագրի վերջին նյութերը