Լրահոս

11.01.2013 14:31


Ավարտվել է ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրյուսել

Ավարտվել է ԱԺ նախագահի պաշտոնական այցը Բրյուսել

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 10-ին շարունակվել է բրյուսելյան հանդիպումները: Առավոտյան ԱԺ պատվիրակությունը մեկնել է Եվրոպական խորհրդարան: Աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի միջեւ արդյունավետ զրույց է ծավալվել:

Ինչպես տեղեկացրին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի եւ ջերմ ընդունելության համար` արձանագրելով, որ վերջին տարիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վերընթաց բնույթը վկայությունն է այն բանի, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը փոխշահավետ է:

Երկուստեք կարեւորվել է խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նա անդրադարձել է նաեւ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու հարցին` գոհունակություն հայտնելով Եվրանեսթի Բյուրոյի մի շարք անդամների համաձայնության համար:

Քննարկվել է նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ջատագովն է եւ իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ նա տեղեկացրել է, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հովիկ Աբրահամյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ Եվրախորհրդարանի նախագահը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Արձանագրվել է, որ 2012 թվականը նշանավորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության բարձր մակարդակով, եւ կարեւորվել այդ հարաբերությունների շարունակականությունը: Առկա է երկկողմ շահագրգռվածություն, որ Ասոցացման համաձայնագրի եւ Խոր համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ավարտական փուլին հասնեն 2013 թվականի ընթացքում: Սա բխում է քաղաքական օրակարգից` արտացոլելով Հայաստանի քաղաքացիների ցանկությունը: Կարեւորվել է այդ գործընթացի դրական ներգործությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների վրա: Գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվել են արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերը: Հայաստանը հավատարիմ է մնացել իր խոստմանը եւ ԵՄ քաղաքացիներին հնարավորություն տվել Հայաստան մուտք գործել առանց վիզայի: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանը նույնպես շուտով կվավերացնի ՀՀ քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որը հետագայում ճանապարհ կհարթի այդ գործընթացի լիակատար ազատականացման համար:

Խոսվել է ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների եւ դրա շուրջը ստեղծված քաղաքական մթնոլորտի մասին: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաեւ, որ ինքը հրավիրել է Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին՝ այցելելու Հայաստան:

Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի հետ:

ԱԺ նախագահը իր գոհունակությունն է հայտնել կրկին հանդիպելու հնարավորության համար` արձանագրելով, որ վերջին տարիներին Եվրամիության եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ համագործակցությունն այն փաստի վկայությունն է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է անցյալ տարվա հուլիսին Երեւան կատարած նրա այցելությունը, մասնավորապես Ազգային ժողովում ունեցած տպավորիչ ելույթը` նկատելով, որ այն մեծ ջերմությամբ ու հավանությամբ է ընդունվել ԱԺ պատգամավորների եւ, ընդհանրապես, հանրության կողմից:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԵՄ- ՀՀ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տնտեսության, պետական կառավարման հաստատությունների զարգացմանը: Նա հավաստիացրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակումն ու իրականացումը:

Հովիկ Աբրահամյանը միանգամայն ընդունելի է համարել Երեւանում հայտնած նրա այն միտքը, որ հնարավոր չէ Արեւելյան գործընկերությունից լիարժեք օգուտներ քաղել, եթե տարածաշրջանում շարունակաբար առկա է հակամարտության սպառնալիք եւ անկայունություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը խորապես գիտակցում են այս խնդրի կարեւորությունը եւ պատրաստակամ են դիմակայելու հնարավոր բոլոր մարտահրավերներին, որ առկա են տարածաշրջանում:

«Մենք ողջունում ենք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը եւ լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում ակնկալում ենք Եվրամիության լուրջ աջակցությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմեց Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները եղել են Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում, հանդիպեցին հոգեւոր հովիվ Տ.Զատիկ վարդապետ Ավետիքյանի հետ, այնուհետեւ ԱԺ նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց եղեռնի զոհերի խաչքար-հուշարձանին:

Ավարտվել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Բրյուսել եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը` հունվարի 10-ին, վերադարձել է Երեւան:

Այս խորագրի վերջին նյութերը