Լրահոս

10.01.2013 14:07


Գ. Օկոևի պարզաբանումը

Գ. Օկոևի պարզաբանումը

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս ակտիվորեն տարածվում են բազմաթիվ անճշտություններ և անհիմն մեղադրանքներ պարունակվող տեղեկություններ քաղաքացի Նունե Մաղաքյանին բժշկական վիրահատական միջամտության ենթարկելու կապակցությամբ՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ն սույնով ներկայացնում է որոշակի պարզաբանումներ:

Նախ նշենք, որ Նունե Մաղաքյանի ամուսին Կարապետ Կարապետյանի կողմից լրատվամիջոցների միջոցով տարածվում են ոչ միայն իրականությանը չհապատասխանող տեղեկություններ, այլ նաև «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ին և անձամբ պրոֆեսոր Օկոևին ուղղված անվայել և վիրավորական արտահայություններ, որոնց չենք անդրադառնում՝ ցանկանալով մնալ քաղաքակիրթ երկխոսության և կոռեկտության սահմաններում: Միաժամանակ, հաշվի առնելով ՀՀ օրենսդրության պահանջները, ներկայացնում ենք բացառապես բժշկական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ կամ այնպիսի տեղեկություններ, որոնք հայտնի են դարձել Ն. Մաղաքյանի և իր ամուսին Կ. Կարապետյանի հրապարակային հայտարարություններից:

Հակիրճ ներկայացնենք իրավիճակը.

Ն. Մաղաքյանը 2008թ.-ի հոկտեմբերին` ունենալով ցավեր, դիմել է «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ բուժօգնություն ստանալու խնդրանքով: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Ն. Մաղաքյանին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է կատարել վիրահատություն, ինչի վերաբերյալ Ն. Մաղաքյանը տվել է իր գրավոր համաձայնությունը:

Վիրահատության ընթացքում պարզ է դարձել, որ նախնական ախտորոշումից բացի առկա են նաև վիրահատական միջամտության ենթակա այլ խնդիրներ, ինչը հաշվի առնելով վիրահատությունն իրականացնող բժիշկի կողմից որոշում է կայացվել ընդլայնել վիրահատության ծավալը: Վիրահատության ընթացքում տեղի է ունեցել նման վիրահատությունների դեպքում բժշկությանը հայտնի բարդություններից մեկը, որից հետո կարիք է առաջացել այլ մասնագետների միջամտության, և Ն. Մաղաքյանը տեղափոխվել է այլ բժշկական կենտրոն: Մի քանի վիրահատություններից հետո Ն. Մաղաքյանի գրավոր խնդրանքով և գրավոր փաստաթղթի կազմման հիման վրա իր երիկամը հեռացվել է:

Ստորև նշենք Մաղաքյանի և Կարապետյանի մեղադրանքները հերքող հիմնական փաստերը.

  1. «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ի կողմից իրականացված վիրահատական միջամտության ընթացքում որևէ բշժկական սխալ չի կատարվել:

Սա հաստատվում է երեք փորձաքննական եզրակացություններով, որոնցից երկուսը Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկ մասնագետների կողմից իրականացված դատաբժշկական փորձաքննություններ են, մեկըª գերմանացի բժշկի կողմից իրականացված փորձաքննություն է: Նշենք, որ գերմանացի բժշկին դիմել էր Ն. Մաղաքյանը և իր ամուսինը, և եթե նրանց կարծիքով Հայաստանում փորձաքննություններն իրականացվում են ոչ օբյեկտիվ, ապա գերմանացի մասնագետի անաչառությանը կասկածելու որևէ հիմքեր նրանք չունեն: Մասնավորապես, գերմանացի բժիշկն իր եզրակացության մեջ հստակ նշել է, որ պրոֆեսոր Օկոևը վիրահատության ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տվել և իր կողմից վիրահատության ծավալների ընդլայնումը եղել է ցուցված և ուղղված է եղել հիվանդի առողջության բարելավմանը:

  1. Բժշկական վիրահատությունը իրականացվել է Մաղաքյանի համաձայնությամբ:

Սա հաստատվում է Մաղաքյանի կողմից ստորագրված գրավոր համաձայնությամբ, այն պարագայում, երբ օրենքը նույնիսկ բանավոր համաձայնությունն է բավարար համարում: Նշենք նաև, որ բացի համաձայնությունը գրավոր տալուց Ն.Մաղաքյանը նաև տեղեկացվել է վիրահատության, վիրահատական միջամտության էության մասին, նրան բացատրվել է, որ վիրահատության ընթացքում հնարավոր են բարդություններ և վիրահատության ծավալի փոփոխություն, ինչը նույնպես գրավոր հաստատվել է Մաղաքյանի կողմից:

  1. ՆՄաղաքյանի վիրահատությունը օրինական կերպով կատարվել է պետպատվերի շրջանակներում:

Բժիշկը կամ բժշկական կազմակերպությունը ինքնուրույն իրավունք չունեն որոշելու, թե որ վիրահատությունը կամ այլ բժշկական ծառայությունը պետք է կատարվի պետպատվերի շրջանակներում, քանի որ դա կատարվում է պետական մարմինների կողմից նախապես հաստատված կարգով և դեպքերում: Նշենք, որ պետպատվերի ձևակերպումը բժշկական կենտրոնի կողմից իրականացվող բարեգործություն չէ, այլ օրենքով սահմանված պարտականություն: Տվյալ դեպքում վիրահատությունը կատարվել է պետպատվերի սահմաններում, քանի որ առկա է եղել ցավային սինդրոմ` համաձայն վիրահատության կատարման պահին գործող իրավական կարգավորման:

Իսկ եթե Ն. Մաղաքյանը և նրա ամուսին Կ. Կարապետյանը գտնում են, որ վիրահատությունը չպետք է կատարվեր պետպատվերի շրջանակներում, ապա նրանք կարող են պետբյուջե վերադարձնել վիրահատության արժեքը, որը փոխանցվել է բուժհաստատությանը:

  1. ՆՄաղաքյանի երիկամը հեռացվել է իր իսկ գրավոր խնդրանքով

Ն. Մաղաքյանի երիկամը հեռացվել է այլ բժշկական կենտրոնում «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ում վիրահատվելուց ավելի քան կես տարի անց: Ն. Մաղաքյանը հրաժարվել է իրեն առաջարկած բուժման երկու եղանակներից, որոնք թույլ կտային պահպանել երիկամը, և գրավոր դիմել է իր երիկամը հեռացնելու խնդրանքով: Ինչ վերաբերում է հեռացված երիկամը իրեն չհանձնելու վերաբերյալ անհեթեթ մեղադրանքին, ապա Հայաստանի Հանրապետությունում գործող հիգիենիկ և հակահամաճարակային նորմերի համաձայն հեռացված օրգանները ենթակա են հատուկ առանձնացված պահպանման և հատուկ եղանակով ոչնչացման, ինչի պարագայում բժշկական կենտրոնի կողմից հիվանդի նման անհեթեթ խնդրանքի կատարումը ապօրինի կլիներ: Նշենք նաև, որ քաղաքացիական գործով դատաքննության ընթացքում Ն. Մաղաքյանի ամուսին Կ. Կարապետյանը, հանդես գալով որպես վկա (դատաքննության ընթացքում վկան քրեական պատասխանատվություն է կրում սուտ ցուցմունք տալու համար, ի տարբերություն լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ տարածելու դեպքերի) դատարանին հայտնել էր, որ ավստրիացի, Սանկտ-Պետերբուրգի և հայ մասնագետների կարծիքով Ն. Մաղաքյանի երիկամը մինչև հեռացումը ուներ 80 տոկոս ոչ պիտանիության աստիճան, ինչը Ն. Մաղաքյանի կողմից առաջարկված բուժման եղանակներից հրաժարվելու արդյունք էր:

Ամփոփելով վերը նշվածը՝ նշենք, որ Կ.Կարապետյանի կողմից հնչեցված սուտ տեղեկությունները և մեղադրանքներր հիմնված են բացառապես իր բանավոր հայտարարությունների, չապացուցված և իր իսկ կողմից հորինված փաստերի վրա, չունեն որևէ փաստական և իրավական հիմքեր և ուղղված են հասարակությունը մոլորության մեջ գցելու և «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն վարկաբեկելու նպատակին: Դրա ամենավառ ապացույցն այն է, որ Կ.Կարապետյանը չցանկացավ հրապարակել և հասարակությանը հասանելի դարձնել իր իսկ պատվերով կատարված գերմանացի բժիշկի փորձաքննության եզրակացությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ մինչ օրս լրատվամիջոցների կողմից Ն. Մաղաքյանի վիրահատության հետ կապված տեղեկատվությունը հրապարակվել է խիստ միակողմանի, առանց ստուգելու Կ. Կարապետյանի կողմից տարածված անհիմն մեղադրանքները, «Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ» ՓԲԸ-ն հուսով է, որ Ն.Մաղաքյանի հայցով հարուցված քաղաքացիական գործի ընթացքը այսուհետ կլուսաբանվի օբյեկտիվորենª հաշվի առնելով բազմակարծության սկզբունքը, և այդ նպատակով պատրաստ է տրամադրել բժշկական գաղտնիք չհանդիսացող ցանկացած տեղեկատվություն:

Հարգանքներով,

«Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ»ՓԲԸ տնօրեն

պրոֆոսոր Գ.Գ. Օկոև

«Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊԸ

Այս խորագրի վերջին նյութերը