Լրահոս

10.01.2013 12:51


Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. խոշտանգումների դեմ պայքարում առաջընթաց չի նկատվել

Մարդու իրավունքները Հայաստանում 2012-ին. խոշտանգումների դեմ պայքարում առաջընթաց չի նկատվել

Անցած 2012 թվականի ընթացքում Հայաստանում խոշտանգումների դեմ պայքարում լուրջ առաջընթաց չի նկատվել: Խոշտանգման դեպքերը շարունակում են մնալ շատ, որովհետև խոշտանգողների նկատմամբ համարժեք պատիժ հիմնականում չի կիրառվում: Ամփոփելով 2012–ը՝ այս եզրահանգմանը եկավ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը:

Նրա խոսքով՝ խոշտանգումների վտանգը շարունակում է մեծ մնալ ոստիկանությունում, քանի որ Հայաստանում շարունակում է գործել ցուցմունքներ կամ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու և դրանց հիման վրա անձին դատապարտելու հայտնի պրակտիկան:

«Մեր իրականության մեջ նույնիսկ եթե անձը գալիս է դատարան, հայտարարում, որ իրեն խոշտանգել են և հրաժարվում է իր ցուցմունքից, այնուամենայնիվ, հիմք է ընդունվում խոշտանգումների արդյունքում կորզված նախկին ցուցմունքը»,– նշում է Արման Դանիելյանը: Նրա կարծիքով՝ իրավիճակը կփոխվի, եթե նման հայտարարության դեպքում դատարանները չընդունեն նախկին ցուցմունքը:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի խոսքով էլ՝ իրենց կազմակերպությունն արձանագրում է խոշտանգման դեպքերի այնպիսի հաճախականություն, որ նման գործելակերպը կարծես վարչական պրակտիկա լինի:

ՀՀ քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ոստիկանությունում և այլ փակ կամ կիսափակ հաստատություններում տեղի ունեցած խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերին անդրադարձել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։

Պաշտպանի աշխատակազմը, լինելով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ, 2012թ. իրականացրած մշտադիտարկման հաշվետվության մեջ նշել է, որ խմբի այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնք կրում են շարունակական բնույթ և որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից։ Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները: Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ և այլ անմարդկային վերաբերմունք: Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին:

2012թ. հունիսի 26-ին՝ խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը, պաշտպան Կարեն Անդրեասյանը խոստովանեց, որ թեև ՄԻՊ մասին օրենքով ինքն է պատասխանատու խոշտանգումների կանխարգելման համար, բայց չի կարողանում անել դա, քանի որ չունի բավարար ֆինանսական ռեսուրսներ:

ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ Արման Դանիելյանի դիտարկմամբ` խոշտանգումների պատճառներից մյուսն անպատժելիության մթնոլորտն է: «Խոշտանգող ոստիկանը գիտի, որ ինքը չի պատժվելու, հակառակ դեպքում չի խոշտանգի: Պատժվում են միայն ծայրահեղ դեպքերում։ Վերջերս երկու դեպք եղավ, երբ ոստիկանները խոշտանգման համար ձերբակալվեցին։ Դա, իհարկե, արտառոց էր, սակայն սրանք ընդամենը կաթիլ են օվկիանոսում»,- ասում է Արման Դանիելյանը:

ՄԱԿ–ի փորձագետը նշում է, որ շրջանառության մեջ է ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով փորձել են«խոշտանգում» երևույթի սահմանումը փոխել է և համապատասխանեցնել ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոնվենցիայի սահմանմանը: Նախագիծը դեռ ԱԺ-ում է, և Դանիելյանը չի կարծում, թե այն հեշտությամբ կընդունվի:

Կոնվենցիայի համաձայն՝ խոշտանգումը պաշտոնատար անձի կողմից քաղաքացու նկատմամբ կիրառված ֆիզիկական կամ հոգեբանական բռնությունն է, որը արվում է որոշակի նպատակով՝ ցուցմունք կորզելու, տեղեկություններ ստանալու և այլն: Իսկ ՀՀ գործող օրենսդրությամբ՝ խոշտանգումը նույնացվում է կտտանքների ենթարկելու հետ, որը պարտադիր չէ, որ կատարվի պաշտոնատար անձի կողմից և ունենա տեղեկություն կորզելու նպատակ։

«Արդյունքում պաշտոնատար անձինք, ովքեր խոշտանգում են իրականացնում, դատապարտվում են այլ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով»,- ասում է Արման Դանիելյանը։

Խոշտանգումների դեմ պայքարելու լավագույն ձևը փորձագետը համարում է կանխարգելումը։ «Պետք է այնպիսի իրավական մեխանիզմներ ստեղծվեն, որ խոշտանգումների հետևանքով կորզված ինքնախոստովանական ցուցմունքները չընդունվեն դատարանների կողմից, նույնիսկ եթե խոշտանգման փաստը չի ապացուցվել: Խոշտանգելն այս դեպքում անիմաստ կդառնա»,- առաջարկում է նա:

Արդար դատավարության իրավունքը շարունակում է հաճախակի խախտվել Հայաստանում

ՀՀ դատական համակարգի խնդիրներից կարևորագույնը շարունակում է մնալ արդար դատավարության իրավունքի ոչ լիարժեք ապահովումը: Ընդ որում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վիճակագրության համաձայն՝ Հայաստանի դեմ քննված բողոքների 34%-ը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ է: Միայն 2008-2011թթ. Եվրադատարանը արդար դատաքննության իրավունքի խախտման վերաբերյալ 13 որոշում է կայացրել։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի խոսքով` Հայաստանում արդար դատավարության իրավունքի մասին հիշում են միայն լրատվամիջոցներով խոսելիս կամ հրապարակային ելույթների ժամանակ: Սակայն 2012-ը նա համարում է փոքր–ինչ բեկումնային այն առումով, որ փաստաբանների կողմից կազմակերպված մեկօրյա գործադուլը որոշակի արդյունք ունեցավ։

«Վճռաբեկ դատարանն, օրինակ, ի տարբերություն նախկինի, 2012-ին բավական մեծ թվով բողոքներ է սկսել վարույթ ընդունել: Պատրաստվել են մի շարք օրենսդրական նախագծեր, որոնցում հաշվի են առնվել փաստաբանների կազմակերպած գործադուլի ժամանակ բարձրաձայնված խնդիրները»,- ասում է Ռուբեն Սահակյանը:

Նա մոտ ապագայում չի տեսնում արդար դատավարության իրավունքի լիարժեք կիրառություն, քանի որ հասարակության ճնշող մեծամասնության իրավագիտակցությունը ցածր մակարդակի վրա է։ «Մարդիկ անտեղյակ են իրենց տարրական իրավունքներին, կազմակերպությունները բավարար չափով չեն զբաղվում ազգաբնակչությանը իրավական գիտելիքներ մատուցելով, մինչդեռ դա շատ կարևոր է. եթե գիտես իրավունքներդ, խախտվելու դեպքում կարողանում ես պաշտպանել քեզ, գիտես` ում դիմել իրավունքդ վերականգնելու համար»,- ամփոփում է Փաստաբանների պալատի նախագահը։

2012թ. ՄԻԵԴ–ը արդար դատավարության իրավունքի խախտման հիմքով մի քանի որոշումներ կայացրեց ընդդեմ Հայաստանի: Նոյեմբերի 6-ին Եվրադատարանը վճռեց, որ ՀՀ կառավարությունը խախտել է փաստաբան Վահե Գրիգորյանի արդար դատաքննության իրավունքը և որպես փոխհատուցում պետք է վճարի 2.500 եվրո: Սեփականության հարկադիր օտարումից տուժած քաղաքացիների շահերը պաշտպանող փաստաբանի դեմ քրեական գործ էր հարուցվել 2005-ին՝ խարդախության հատկանիշներով։ Շուրջ 6 ամիս ապօրինաբար անազատության մեջ պահված Վահե Գրիգորյանը պնդում էր, որ իր դեմ քրեական գործը շինծու է և կապված է իր իրավապաշտպան գործունեության հետ։

Ոլորտում իրականացված մի շարք մոնիթորինգները ցույց են տալիս, որ դատարանն այսօր գործնականում կախում ունի դատախազությունից. արդարացման դատավճիռներ գրեթե չեն կայացվում, դատավորները խախտում են կողմերի հավասարության սկզբունքը՝ ակնհայտ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով մեղադրող դատախազի նկատմամբ։ Նախաքննության ժամանակ խոշտանգումների և վատ վերաբերմունքի մասին հայտարարություններն անտեսվում են կամ պատշաճ քննության առարկա չեն դառնում։ Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և երկարաձգելու վերաբերյալ որոշումները դատարանը պատշաճ կերպով չի պատճառաբանում:

Դեկտեմբերի 14-ին Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն և Նորվեգիայի hելսինկյան կոմիտեն համատեղ ամփոփագիրտարածեցին ՀՀ նախագահին, վարչապետին, արդարադատության նախարարին, ոստիկանապետին և գլխավոր դատախազին, որում իրենց մտահոգությունն էին հայտնել Հայաստանում արդարադատության իրականացման վերաբերյալ։

FIDH-ը, ՔՀԻ-ն և Նորվեգիայի հելսինկյան կոմիտեն, գնահատելով արդարադատության ոլորտում տեղի ունեցած զարգացումները, հայտարարեցին, որ էական բարեփոխումների խիստ անհրաժեշտություն կա։ Ամփոփագրում նշված են հիմնականում վեց ոլորտներում առկա թերացումները. դրանք են՝ խոշտանգումներ և վատ վերաբերմունք, քաղաքական բանտարկյալներ, 2008թ. մարտին տեղի ունեցած բռնությունների քննություն, դատական անկախության բացակայություն, անչափահասների գործերով արդարադատություն և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգ:

Գայանե Առաքելյան

 Աղբյուրը՝ www.hra.am

Այս խորագրի վերջին նյութերը