Լրահոս

09.01.2013 14:34


Վարդան Օսկանյանի դիտարկումները

Վարդան Օսկանյանի դիտարկումները

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբացության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Դեկտեմբերին 97 տարեկան հասակում մահացավ Ալբերտ Հիրշմանը (Albert O. Hirschman), որը հայտնի է 1970թ. իր հեղինակած «Հեռացում, բարձրաձայնում և հավատարմություն» (Exit, Voice, and Loyalty) աշխատությամբ:

Հիրշմանի տեսությունն այն է, որ երբ ինչ-որ իրավիճակի վատացում է տեղի ունենում, մարդիկ դրան արձագանքում են կա՛մ երես թեքելով ու հեռանալով, կա՛մ դրա մասին բարձրաձայնելով ու պայքարելով՝ նպատակ ունենալով իրավիճակը փոխել: Իհարկե այս երկու տարբերակների ընտրության հարցում որոշիչ է կոնկրետ իրավիճակի նկատմամբ հավատարմության գործոնը:

Հիրշմանն ասում է, որ այս մոտեցումը հավասարապես կիրառելի է և՛ սովորական սպառողական մթնոլորտում, և՛ մեծ ու փոքր կազմակերպություններում, և՛ հատկապես պետություններում: Եթե սպառողը դժգոհ է իր օգտագործած ապրանքների որակի կամ ինչ-որ խանութի ծառայությունների վատացումից, նա կա՛մ համազոր այլ ապրանք է գնում, կա՛մ այլ տեղ է գնումը կատարում, կա՛մ, եթե հավատարմություն ունի ապրանքի կամ խանութի նկատմամբ, բողոքում է և փորձում իրավիճակը փոխել:

Եթե ինչ-որ ընկերությունում աշխատողները տեսնում են իրավիճակի ու մթնոլորտի վատացում, նրանք կա՛մ դուրս են գալիս աշխատանքից, կա՛մ բողոքում են ղեկավարությանը և փորձում շտկել իրավիճակը:

Նմանապես, երբ մարդիկ դժգոհ են լինում երկրում առկա վիճակից, կա՛մ պայքարում են այն փոխելու համար, կա՛մ լքում երկիրը: Նրանք, ովքեր լքելու հնարավորություն չունեն, ամբողջական անտարբերություն են ցուցաբերում երկրում ընթացող կամ չընթացող գործընթացների նկատմամբ:

Հաշվի առնելով Հայաստանում այսօր ստեղծված իրավիճակը, արտագաղթի տեմպը և նախագահական մոտալուտ ընտրությունները, Հիրշմանի աշխատությունը անհավատալիորեն արդիական է մեզ համար»։

Այս խորագրի վերջին նյութերը