Աշխարհ

09.01.2013 11:17


Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի մեղադրանքներից մի քանիսը հանվել է

Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի մեղադրանքներից մի քանիսը հանվել է

Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի 5 մեղադրանքներից 3 հոդվածները հանել է: Դրանք մասնավորապես կապված են «Geocell» բջջային կապի ընկերության բաժնետոմսերի ապօրինի սեփականաշնորհման և պաշտոնական դիրքի չարաշահման հետ: Ավելի վաղ Օքրուաշվիլիի դեմ ցուցմունքն տվածները հրաժարվել են իրենց ցուցմունքներից: Օքրուաշվիլիի փաստաբանը հայտարարել է, որ նախկին ցուցմունքները տալու ժամանակ նրանց վրա իշխանություններն են ճնշում գործադրել:

Հետագայում հնարավոր է՝ Օքրուաշվիլիից հանվեն նաև մյուս մեղադրանքները ևս։

Օքրուաշվիլին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման, սակայն պատիժը հնարավոր չի եղել կիրառել՝ երկրից փախած լինելու պատճառով։ 2012թ. նոյեմբերի 20-ին Օքրուաշվիլին անսպասելիորեն վերադարձավ Ֆրանսիայից և հենց Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալվեց ու տեղափոխվեց բանտ:

Ձերբակալվելուց հետո Օքրուաշվիլին Գլդանիի բանտում հացադուլ էր հայտարարել՝ իր զորակցությունը հայտնելով ավելի վաղ հացադուլ հայտարարածներին, ովքեր ձերբակալվել են Օքրուաշվիլիի գործով։ ՊՆ նախկին նախարարը պահանջում էր, որ այդ մարդկանց ևս պաշտոնապես քաղբանտարկյալ համարեն։ Վրաստանի նոր խորհրդարանը Օքրուաշվիլիին արդեն ճանաչել է նախկին իշխանությունների քաղաքական հետապնդումների զոհ:

Օքրուաշվիլին 2007թ. հեռացել էր Վրաստանից և քաղաքական ապաստան ստացել Ֆրանսիայում: Խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ ընդդիմության հաղթանակից հետո նա որոշել էր վերադառնալ՝ հուսալով, որ կապացուցի իր անմեղությունը։ Ավելի վաղ նա Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի զինակիցն էր, սակայն պաշտպանության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո հայտարարել էր ընդդիմադիր շարժում ստեղծելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը