Քաղաքական

09.01.2013 11:10


Ընտրողների թիվը 25 հազարով աճել է

Ընտրողների թիվը 25 հազարով աճել է

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել ընտրողների ցուցակն ըստ ընտրական տեղամասերի` ԿԸՀ կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: 2013թ. նախագահական ընտրությունների ընտրացուցակներում Ազգային ժողովի ընտրությունների համեմատ ընտրողների աճ է արձանագրվել: Այս մասին «Արմենպրեսի»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը: «Ընտրացուցակներն արդեն պատրաստ են և վաղը կզետեղվեն նաեւ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում` ներբեռնման հնարավորությամբ: Ազգային ժողովի ընտրություններից առաջ նախնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում էր 2 միլիոն 485 հազար 844: Իսկ 2013թ.-ի հունվարի վեցի դրությամբ՝ ընտրողների նախնական թիվը (մայիսի վեցից մինչև հունվարի վեցն ընկած ժամանակահատվածում) աճել է 25 հազար 53-ով»,-ասել է Քոչարյանը:

Նա պարզաբանել է, որ 29 հազար 986 մարդ ընտրացուցակներում ավելացել է դեռ 2012 թ. մայիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ` 18 տարին լրանալով պայմանավորված: Նոր հաշվառմամբ ընտրացուցակներում ընդգրկվել են եւս 13 հազար 948 ընտրողներ: 11 հազար 988 քաղաքացի` 18 տարի և ավելի տարիք ունեցող, առաջին անգամ անձնագրավորվելու հիմքով նույնպես ընդգրկվել են ցուցակ:

Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն ընդունած 4 հազար 107 ընտրող հաշվառվել է ՀՀ տարածքում, որոնցից բոլորը չէ, որ սիրիահայեր են: Քաղաքացիության ճանաչման հիմքով ՀՀ քաղաքացու անձնագիր են ձեռք բերել 1016-ը, նույն ժամանակահատվածում մահվան հիմքով հաշվառումից հանվել է 15 հազար 572 մարդ, իսկ սեփականության հիմքով՝ 10 հազար 601, այլ հիմքերով` 9419-ը:

Խոսելով սիրիահայերի` ՀՀ նախագահական ընտրություններին մասնակցելու թեմայով՝ Քոչարյանը շեշտել է, որ ցուցակներում ընդգրկվել են այն սիրիահայերը, որոնք Հայաստանի գրանցում ունեն: Նրանք, ովքեր չեն ընդգրկվել ցուցակում, չունեն հաշվառում, իսկ թե քանիսը կընդգրկվեն լրացուցիչ ցուցակում, դեռ հայտնի չէ: 

Այս խորագրի վերջին նյութերը