Լրահոս

09.01.2013 10:03


Առողջապահության նախարարն անդրադարձել է համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին

Առողջապահության նախարարն անդրադարձել է համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր անցկացրած 2013 թվականի առաջին գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձավ համակարգի առջև ծառացած գերակա չորս խնդիրներին։

Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովում

Այդ նպատակով հանձնարարվեց կազմել ժամանակացույց, որպեսզի մինչև առաջին եռամսյակի վերջն ավարտվեն ըստ հիվանդությունների բուժական սխեմաների մշակումը և ներդրումը։

Բժշկական օգնության որակի և արդյունավետության ապահովմանը մեծապես կնպաստի առողջապահության կազմակերպիչների` գլխավոր բժիշկ, տեղակալ, բաժանմունքի վարիչ, ինչպես նաև մասնագետների ատեստավորման գործընթացի ներդրումը։ Այդ ուղղությամբ ևս տրվեցին հանձնարարականներ։

Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու նպատակով 2013-ի համար կնքվելիք պետպատվերի պայմանագրերում ամրագրված դրույթները հնարավորություն կընձեռեն վերահսկողություն սահմանելու ինչպես բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ գնման գործընթացների կազմակերպման նկատմամբ։

Պայմանագրում սահմանվում է նաև տվյալ բուժհաստատությունում բժիշկների, բուժքույրերի և մայրապետների նվազագույն աշխատավարձերի սահմանման կարգը։Այս ամենի նկատմամբ կիրականացվի խիստ հսկողություն, խախտումների դեպքում կկիրառվեն պատժամիջոցներ։

 Մարզերի համաչափ զարգացում

Նախարարը նախ հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մանրամասն վերլուծել առկա իրավիճակը` սկսած բժշկական ծառայությունների առկայությունից ու մասնագետներով ապահովվածությունից մինչև տեխնիկական հագեցվածություն ու շենքային պայմաններ։ Այս գույքագրման արդյունքներով առավել կհստակեցվի մարզային բուժհաստատությունների արդյունավետ կառավարման, դրանց հզորությունների և տարածքների օպտիմալացման գործընթացը։

Մարզային առողջապահական համակարգի հետագա զարգացման նպատակով 2013-ին կսկսվեն Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման և Կապանի բժշկական կենտրոնի մասնաշենքերի վերանորոգման աշխատանքները: Կարդիականացվեն նաև Ալավերդու, Աբովյանի և Բերդի բժշկական կենտրոնները: Իսկ Վանաձորում կկառուցվի 190 մահճակալ հզորությամբ, երրորդ մակարդակի բազմաֆունկցիոնալ բժշկական նոր կենտրոն:

Դեպի մարզեր ուղղվող միջոցները հնարավորինս մեծացնելու նպատակով և հաշվի առնելով, որ մարզերի մեծ մասում արդեն առկա են նոր վերակառուցված և տեխնիկապես հագեցված ժամանակակից բժշկական հաստատություններ, 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունը փոխվել է ի օգուտ մարզերի։

Ծրագրավորված աշխատանքներ կտարվեն մարզերում նոր ծառայությունների կազմակերպման,աշխատող բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման և նոր կադրերով համալրման ուղղությամբ։

Դեղերի ոլորտ

Ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով շրջանառության մեջ է դրվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

ՀՀ առողջարապության նախարար Դերենիկ Դումանյանը «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին» մեկ շաբաթ ժամանակ տվեց ուսումնասիրելու, թե վերջին օրերին ի՞նչ պատճառով են որոշ դեղերի գները բարձրացել և ներկայացնել առաջարկներ դրանց վրա ներգործելու նպատակով։

Ֆինանսավորման արդիականացում

Համակարգին հատկացված միջոցներն առաջին հերթին որակյալ ծառայության ապահովմանը և բուժաշխատողների վարձատրմանն ուղղելու գործում նախարարը կարևորեց պետական պատվերի տեղադրման հստակ սկզբունքների ամրագրումը։ Միաժամանակ, հանձնարարեց ողջ տարվա ընթացքում մշտական հսկողություն իրականացնել պայմանագրային կետերի կատարման նկատմամբ։ 

Այս խորագրի վերջին նյութերը