Քաղաքական

08.01.2013 15:50


Արամ Հարությունյանը նախագահի մյուս թեկնածուներին առաջարկում է բոյկոտել ընտրությունները (տեսանյութ)

Արամ Հարությունյանը նախագահի մյուս թեկնածուներին առաջարկում է բոյկոտել ընտրությունները (տեսանյութ)

2013թ. փետրվարի 18–ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրված «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը  մյուս թեկնածուներին առաջարկում է բոյկոտել դրանք։ «7օր»–ի հետ զրույցում, սակայն, նա համոզմունք է հայտնել, որ ոչ բոլոր թեկնածուները կհամաձայնեն իր այդ առաջարկին։

–Ամենակատարյալ տարբերակը կլինի, որ բոլորը բոյկոտեն. թեկնածուներով հավաքվենք, ստորագրենք և ասենք՝ բոլորս դուրս ենք գալիս։ Ես պատրաստ եմ ընտրագրավս էլ կորցնել ու հանել իմ թեկնածությունը, բայց եթե դա բոլորը չեն անելու, ու թեկուզ մի հոգի պիտի մնա, ուրեմն անիմաստ է,–ասել է Ա. Հարությունյանը՝ համոզմունք հայտնելով, որ օրինակ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունը չի հանի.

–Երբեք ինքն իրեն այսքան երջանիկ չի զգացել. իր կարծիքով՝ հիմնական մրցակիցները դաշտում չկան (Լևոն Տեր–Պետրոսյանը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն խաղի մեջ չեն)։ Եվ հետո, Րաֆֆին ինքը այսօր գիտի՞, թե վաղը ինչ է անելու։ Եթե նա նեղանում, գնում է կուսակցությունից, բա կարող է ասենք դառնա նախագահ, էլի նեղանա գնա։ Պարույրն իր բանաձևից է խոսելու (ասել է, որ չի քննադատելու)։ Րաֆֆին իր սարերն է շարժելու, հետո իշխանությունների սցենարով կհավաքի մոտ 20%, հետո կշնորհավորի, հետո կա՛մ կոալիցիա կգնա, կա՛մ իրեն ինչքան պետք էր, այսքանն էր։ Հիմա թե իշխանությունն իրեն ինչ կտա կամ ինքը ինչով կբավարարվի, չգիտեմ։ Իսկ ես ի սկզբանե հայտարարում եմ, որ ոչ մի դեպքում կոալիցիա չեմ գնալու իշխանության հետ։ Մյուսների հետ կապված՝ չգիտեմ, բայց իմ դեպքում ես համոզված եմ, որ իշխանությունների համար ամենաանցանկալի թեկնածուն ես եմ, որովհետև տեսնում են իմ բոլոր ելույթներն ու հարցազրույցները։ Իրենց համար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է ցանկալի թեկնածու, Հրանտ Բագրատյանն էլ է ցանկալի թեկնածու, որովհետև իրենք չեն քննադատել, ու ակնհայտ է, որ չեն քննադատի։

Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուների նման առատությանը, Ա. Հարությանը նշել է՝ իհարկե, բոլորն էլ իրավունք ունեն առաջադրվելու, սակայն երբ հետո նրանցից յուրաքանչյուրը սկսի խոսել, այդ դեպքում արդեն պարզ կլինի, թե ով ինչի համար է առաջադրվել.

–Եթե խնդիրը լեգիտիմ ընտրության ֆոն ստեղծելն է, դա ուրիշ է, իսկ եթե անկեղծ ուզեցել են առաջադրվել, դա այլ է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը