Լրահոս

08.01.2013 12:05


Դիտարկումներ «Բնապահպանություն 2012թ.» վերաբերյալ

Դիտարկումներ «Բնապահպանություն 2012թ.» վերաբերյալ

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎԻԶՄ

 2011թ. սեպտեմբերից սկիզբ առած Թռչկան ջրվեժի փրկությանն ու պահպանությանը միտված քաղաքացիական շարժումը կարելի է համարել նոր փուլ՝ բնապահպանական քաղաքացիական ակտիվիզմի մեջ, քանզի նրան հաջողվեց, հասարակական բազմաքանակ շերտերի աննախադեպ համախմբմամբ, հասնել իր առջև դրված խնդրի լուծմանը: Այդ օրվանից բնապահպան ակտիվիստը դարձավ մեր երկրի հասարակական կյանքի նկատելի և կարևոր մաս: Ձևավորվեց բնապահպան ակտիվիստների մի միջուկ, որը կարողանում է հասարակական մոբիլիզացիայի միջոցով նոր լույսի ներքո վեր հանել և ի ցույց դնել բնապահպանական խնդիրները, ինչպես նաև լսելի դարձնել իր ձայնը և ազդել համապատասխան մարմինների որոշումների վրա:

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

           Հանքարդյունաբերությունը ՀՀ կառավարության կողմից հռչակված է ՀՀ տնտեսության գերակա ճյուղ, ինչը, իր հերթին, մեծացնում է բնապահպանական խնդիրները: 2012թ. ընթացքում պետական լիազոր մարմինների կողմից տրվել է բազմաթիվ մետաղական և ոչ մետաղական հանքերի հետազոտման լիցենզիաներ: Պետք է արձանագրել, որ որոշ դեպքերում ակնառու են կոռուպցիոն ռիսկեր: Հատկապես խոսուն էր Ամուլսարի ոսկու հանքի դեպքը, երբ դրական եզրակացություն տրվեց` փաստացի անտեսելով Սևանա լճի պետական հանձնաժողովի հանքի շահագործման դեպքում լճի վրա հնարավոր բացասական ազդեցության վտանգը նշող կարծիքը, ինչպես նաև բազմաթիվ այլ բացասական կարծիքներ: 2012թ. արձանագրվեց, որ Հայաստանը Թեղուտի հանքի շահագործման պարագայում խախտել է Օրհուսի կոնվենցիայից բխող միջազգային պարտավորությունները: Մոտ օրերս ERM միջազգային կազմակերպության Թեղուտի հանքավայրի վերաբերյալ ժամանակին արած ուսումնասիրության ի հայտ գալը կարող է այս հարցում նոր զարգացումների դաշտ բացել:

            Շատ դեպքերում շահագործող ընկերությունների ներկայացրած նախագծերը և բնապահպանական հիմնավորումները  մակերեսային են և գիտական հիմնավորումներից զուրկ: Հանքերի շահագործմանն առնչվող հանրային քննարկումներն էլ, տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակով պայմանավորված, հաճախ ձևական բնույթ են կրում: Սակայն նկատվում է նաև հանրային լսումներին տեղի բնակչության շահագրգիռ մասնակցության աճ: Այս տեմպերով և ձևով հանքարդյունաբերության զարգացման վտանգավորությունը բնապահպանական և առողջապահական առումով փաստվել է նաև գիտական-ակադեմիական շրջանակների կողմից (Արմեն Սաղաթելյան): Գիտական-ակադեմիական շրջանակների կողմից ի ցույց են տրվել նաև երկրի ընդերքի Հայաստանի համար տնտեսական առումով ոչ շահավետ շահագործման փաստը (Հրաչյա Ավագյան «Այժմ էլ նախատեսվում է թալանի և փոշիացման ենթարկել ՀՀ երկաթահանքերի հարստությունը», «Գիտություն» պարբերական Ապրիլ, Մայիս Հունիս, 2011): Այս մասին փաստեցին նաև 2012թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում անցկացված միջազգային սեմինարի օտարերկրյա և տեղացի փորձագետերը: Բնապահպանական առումով բավական ռիսկային են Խորհրդային ժամանակներից գործող հանքերը և հանքարդյունաբերությունը սպասարկող ձեռնարկությունները, պոչամբարները, որոնցից թունավոր նյութերի վտանգավոր արտահոսքերի դեպքեր են արձանագրվել` ֆիզիկական և բարոյական մաշվածության, ինչպես նաև կառավարման թերացումների պատճառով: Բացի այդ փաստորեն բացակայում է այդ ձեռնարկությունների գործունեության հետևանքով շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա բացասական ազդեցության մոնիթորինգը և վերահսկողությունը:

ԱՆՏԱՌՆԵՐ

          Ապօրինի և «օրինական» անտառահատումների ծավալները շարունակում են մտահոգիչ մնալ: Բնապահպանության նախարարության համապատասխան տեսչության կողմից տարվա ընթացքում բացահայտվել են ապօրինի ծառահատման բազմաթիվ դեպքեր, այդ թվում և բնապահպան ակտիվիստների ահազանգման արդյունքում: Սակայն այդ տեսչության վատ աշխատանքի մասին է խոսում թեկուզև այն փաստը, որ, օրինակ, նոյեմբերին ոստիկանության իրականացրած ընդամենը ժամեր տևած  օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտվեցին ապօրինի և կասկածելի օրինականությամբ վեց տասնյակ դեպք:

Փոքր ՀԷԿ-եր

           ՓՀԷԿ-երը, որոնք պետք է հանդիսանային բնապահպանական նվազ խնդիրերով էներգիա արտադրող կառույցներ, Հայաստանում դարձել են էկոհամակարգերին սպառնացող լրջագույն վտանգ, քանի որ դրանց կառուցումը իրականացվում է առանց էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական գիտականորեն հիմնավորված չափորոշիչների, իսկ շահագործումը  շատ հաճախ ուղեկցվում է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով: Շատ գետեր փաստացի ջրազարկվել են, ձկնուղիները բացակայում են, որոնց մասին մենք բազմիցս ահազանգել ենք: Իսկ թե ինչպես են տրվում բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունները, բոլորիս է արդեն քաջ հայտնի, ծանոթ լինելով թեկուզ միայն «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի դեպքին:

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

           Սևանը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական թեժ կետերից մեկը: Սևան լցվող գետերի աղտոտումները` կենցաղային աղբով և հանքային թափոններով (Սոտքի հանք), ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ոչ բավարար չափը, ինչպես նաև մոտակա բնակավայրերի կոյուղաջրերի մուտքը Սևանա լիճ, շարունակում են սպառնալ լճի էկոհամակարգին: Սպառնալիորեն նվազել է լճի ձկնապաշարը, որն ըստ 2010թ. տվյալների կազմում է մոտ 326  տոննա («Սևանա լճի էկոլոգիական վիճակի ինտեգրալ գնահատում» Կ. Դանիելյան, Բ. Գաբրիելյան Երևան 2012թ.): Համեմատության համար նշենք, որ 1983թ. այն կազմել է մոտավորապես 11 հազար տոննա: Ամեն տարի  պետական միջոցներով Սևանա լիճ բաց թողնվող ձկնազանգվածը չի կարող լուծել ձկնապաշարի վերականգնման խնդիրը, քանի դեռ չեն վերացվել հիմնախնդիրը ծնող պատճառները: 2012թ. ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական նպատակներով Սևանա լճից հավելյալ ջուր օգտագործելու որոշում կայացրեց, ինչը միանշանակ չընկալվեց բնապահպան հանրության կողմից, իսկ բնապահպանության նախարարությունը նույնիսկ իր կարծիքը չհայտնեց այդ խնդրի վերաբերյալ:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ

            2012թ. հունվարից ուժի մեջ մտավ «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենքը, որը մշակվել էր Համաշխարհային բանկի աջակցությամբ: Այդ օրենքով «թափոն» հասկացությունը փոխարինվեց «լցակույտ» տերմինով, որի արդյունքում հանքարդյունաբերողներն ազատվեցին այդ մասով պետությանը բնապահպանական վճարի պարտավորությունից: Օրենքով ներմուծված «ռոյալթի»-ին սպասվելիք 4%-ով չավելացրեց պետբյուջե վճարումների չափը: Փաստորեն այս օրենքի կիրառության արդյունքում պետբյուջեն չհարստացավ, բայց բնապահպանական խնդիրներն ավելի սրվեցին: Միակ շահող կողմ հանդիսացան հանքարդյունաբերող ընկերությունները:

 

ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

              Բնության հատուկ պահպանվող տարածքները կազմում են ՀՀ տարածքի մոտ 14%-ը: 2012թ. արձանագրվել բնության հատուկ պահպանվող տարածքների ընդլայնում, որը կարելի է դրական միտում համարել: Մտահոգիչ են մնում բնության հատուկ պահպանվող տարածքները.

1.         Թերֆինանսավորումը

2.         Կառավարման թերացումները

3.         Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման անձնակազմի մասնագիտական թերպատրաստվածությունը

4.         Բնության հատուկ պահպանվող տարածքների իրականացվող գիտական հետազոտությունների սակավությունը:

2012թ. աշնանը առնչվեցինք Խոսրովի պետական արգելոցում և հարակից տարածքներում որսագողության սահմռկեցուցիչ փաստերին, ինչը լայն արձագանք գտավ հանրության մեջ: Բնապահպանության նախարարության` իրավիճակը շտկելուն ուղղված ջանքերը համարում ենք ոչ բավարար: Մտահոգիչ էր արգելոցի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի որակը: Բարեբախտաբար, տեղի տալով հանրային կարծիքի ճնշումներին, որով միանշանակ մերժվում էր այդ պաշտոնին ակնհայտորեն չհամապատասխանող անձի նշանակման նպատակահարմարությունը` ՀՀ բնապահպանության նախարարությունը չհաստատեց պաշտոնին հավակնող Գաբրիել Պողոսյանի թեկնածությունը: Փոխանակ նոր մրցույթ հայտարարելու և թափանցիկ կերպով լուծելու նոր տնօրեն նշանակելու հարցը` նախարարությունը գնաց ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման ճանապարհով, ինչը միանշանակ չընկալվեց բնապահպան հանրության կողմից: Ինչ վերաբերում է արգելավայրերին և բնության հուշարձաններին, ապա դրանք փաստորեն ոչ մեկի կողմից չեն պահպանվում, սահմանները հաստատված և քարտեզագրված չեն, կառավարման պլանները մեծամասամբ բացակայում են, անձնագրեր չկան, այսինքն` դրանք բնության հատուկ պահպանվող տարածքներ են միայն թղթի վրա:

ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

           Այդ փոխհարաբերություններն իրականացվել են պաշտոնական նամակագրության և համատեղ քննարկումների միջոցով: Որոշ դեպքերում Պետական լիազոր մարմինների կողմից ակտիվիստների նկատմամբ դրսևորվել է ոչ բարեհաճ վերաբերմունք: Դրա վառ օրինակներից է Խոսրովի պետական արգելոցում որսագողության կասկածի առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ պաշտոնյայի անհիմն մեղադրանքը, թե ակիվիստները, ականատես լինելով որսագողությանը, կանխամտածված չեն խոչընդոտել, որպեսզի հետագայում աղմուկ բարձրացնեն: Այս անհեթեթ ամբաստանությունը վկայում էր, որ պետական լիազոր մարմինների կողմից ակտիվիստները չեն ընկալվում որպես համագործակցության սուբյեկտ, և այդ համագործակցության պատրաստակամության մասին հայտարարությունները կրում են իմիտացիոն բնույթ: 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

           Ոլորտի պետական կառավարման համակարգը աղետալիորեն թերի է և ի վիճակի չէ դիմագրավելու օրվա մարտահրավերները: Ելնելով վերը շարադրված իրողություններից` բնապահպանական նախաձեռնությունների կողմից պետական կառավարման և իրավապահ մարմինների առջև բարձրացվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնավարման նպատակահարմարության և պատասխանատվության ենթարկելու հարցերը:

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԹԵՄԱՆ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ

 

           Բոլոր լրատվամիջոցներում նկատվում է բնապահպանական խնդիրների արծարծման աճ: Ստեղծվել են բնապահպանական ուղղվածությամբ լրատվամիջոցներ և հեռուստահաղորդումներ: Ստեղծվել են նաև բնապահպանական ուղղվածությամբ լրատվամիջոցներ և հեռարձակվում են այդ ոլորտի հեռուստահաղորդումներ:

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ

          Հանրության շրջանում բնապահպանական խնդիրների շուրջ լայն արձագանքը և հետաքրքրության աճը ուրախալի միտում է: Բնապահպանական խնդիրները սկսեցին ավելի մեծ տեղ զբաղեցնել Հայաստանի քաղաքական օրակարգում և կուսակցությունների նախընտրական պլատֆորմներում: Բազմաթիվ օրինակներով կարելի է նկատել, որ բնապահպանական առումով ազդակիր համայնքներում ավելի է մեծանում այն բանի գիտակցումը, որ բնապահպանությունն ուղղակի առնչություն ունի իրենց իրավունքների և կենսամակարդակի հետ: Հայաստանի բնապահպանական խնդիրների նկատմամբ հետաքրքրության աճ է նկատվում նաև սփյուռքում:            Մեզ համար ամենակարևոր նպատակներց մեկն այն է, որ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի տեր կանգնի բարեկեցիկ և առողջ շրջակա միջավայրում ապրելու իր իրավունքին, իսկ պետական մարմինները միշտ հիշեն, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի. պետությունը ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, իսկ 48-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ պետության հիմնական խնդիրներից է ներկա ու ապագա սերունդների բնապահպանական անվտանգությունն ապահովող քաղաքականության իրականացումը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը