Լրահոս

08.01.2013 00:44


Սերժ Սարգսյանի` նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրվա աղոթքը

Սերժ Սարգսյանի` նախագահի թեկնածուների առաջադրման                                                  վերջին օրվա աղոթքը

 Հունվարի 4-ն է, սովորական մի օր հայ ժողովրդի համար,  բացառությամբ` Հայաստանի Հանրապետության գործող նախագահ և հերթական նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի: Այս օրն այնքանով է անսովոր Սերժ Սարգսյանի համար, որ համարվում է նախագահի թեկնածուների առաջադրման վերջին օրը և շատ անցանկալի ավարտ կարող է ունենալ այնքանով, որքանով որ կարող է Սերժ Սարգսյանին «չապահովել» չասեմ լուրջ, ապա գոնե միջակ մրցակցով (նպատակ չունեմ նսեմացնելու նախագահի որևէ թեկնածուի, քանզի խոսում եմ նրանց քաղաքական կշռի, այլ ոչ թե նրանց մարդկային որակների մասին): Մի պահ ինձ եմ պատկերացնում Սերժ Սարգսյանի փոխարեն և մտածում, թե ես ինչ կանեի այդ իրավիճակում: Եվ ինձ անմիջապես բռնացնում եմ այն մտքի վրա, որ վիճակն ավելի քան ակնհայտ է և անելիքս միակը (այս հոդվածը գրելու պահին ժամը 1517-ն է): Կառանձնանայի բոլորից, մենության վիճակում կսկսեի աղոթել և դիմել Տիրոջը միակ աղոթք-խնդրանքով. «Տեր Աստված, փառաբանում եմ քեզ և խոնարհաբար աղոթում, որ բերեգութ գտնվես իմ հանդեպ և գոնե` Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի կալիբրի մի մրցակից մատուցես ինձ, թե չէ փետրվարի 18-ից հետո աշխարհն ինչ է մտածելու իմ հաղթանակի մասին: Ամենազոր Տեր.  էլ չեմ ասում, եթե կարողանաս համոզել քո երեք միլիոնանոց հոտի երկու անդամներից գոնե մեկին` Լևոն Տեր-Պետրոսյանին կամ Գագիկ Ծառուկյանին, որպեսզի նրանցից մեկն ու մեկն առաջադրվի (ճիշտ է քիչ ժամանակ է մնում, բայց մի մոռացիր մեր իշխանական լծակների զորության մասին. արագ կկարգադրենք Տիգրան Մուկուչյանին և նա արագ կկազմակերպի գրանցման հարցը), ապա քո Սուրբ ծննդյան տոնից երկու օր առաջ ինձ ամենամեծ նվերը մատուցած կլինես: Տեր իմ, որպեսզի պատկերավոր լինի իմ աղոթք-խնդրանքը, ուզում եմ բերել հետևյալ համեմատականը. դե պատկերացրու, թե ինչպիսին կլիներ Մագնուս Կառլսենի վիճակը, եթե շախմատի աշխարհի չեմպիոնի հաջորդ առաջնությունում նրա մրցակիցները լինեն, ասենք` ոչ թե Անանդը, Կրամնիկը, Արոնյանը..., այլ այդ երկրներից` ասենք թվով 15 երկրորդ կամ առաջին կարգային հավակնորդ շախմատիստներ...: Լավ, լավ, ես այստեղ ավարտում եմ իմ աղոթքը ամենազոր Տեր, քանզի տեսնում եմ, թե բերված օրինակից որքան ազդվեցիր, ավելին` նույնիսկ կարմրեցիր: Ես քրիստոնյա եմ և իրավունք չունեմ իմ աննախանձելի վիճակը փափաթել քո վզին, քանզի` քեզ ո՞վ պետք է հանի այդ անելանելի վիճակից»:

 

     Աղոթքը գրի առավ`

 «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն  

ՀԿ նախագահ  Անանիա Մաղաքյանը       

              

Այս խորագրի վերջին նյութերը