Լրահոս

08.01.2013 08:26


Չանտեսե՛լ աղբյուրը

Չանտեսե՛լ աղբյուրը

Ադրբեջանական ապատեղակատվությունը այս անգամ հոգեւոր ոլորտում արձանագրել է  կարճատեւ առաւելություն։

Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի հետևյալ հայտարարությունը.

 «Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է»:

Եթե մի պահ անտեսենք լրատվության աղբյուրը, ապա ընթերցողի մոտ  կարող է որոշ հակվածություն առաջանալ տեղեկությունը հաւաստի նկատելու ուղղությամբ։ Վրաստանի իշխանությունների հետեվողական քաղաքականությունը վիրահայության նկատմամբ  ընդհանրապես եւ հատկապես ջաւախահայության,  նման հայտարարությունը կարող է նախատեսելի համարել տալ։ Առաւել ևս, Վրաստանի հոգևոր առաջնորդի պահվածքը եւ այս դեպքում մինչ այժմ Հայաստանյայց եկեղեցու  գրանցման մերժումը պաշտոնական թէ հոգևոր Թբիլիսիի կողմից կազմում են նախադրյալներ, որոնք նմանատիպ հայտարարություն վրաց հոգևոր բարձրագույն պաշտոնատարի կողմից անակնկալի չեն մատնում  հետեւողին։ Չմոռանանք անշուշտ՝ Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության փաստը։

Այս հանգամանքները անպայման ուշադրությամբ նկատի են առնվել  ադրբեջանական ապատեղեկատվական մեքենայի կողմից։ Այս նախադրեալների հիման վրա կայացել է նաեւ քաղաքական շահարկելի զուգահեռներ՝ հակամարտության թղթածրարների։ Աբխազիան եւ Հարաւային Օսիան նմանացվել են Լեռնային Ղարաբաղի հետ. Իսկ այս բոլորը պարզապես օգտագործելի թեմաներ են գծելու համար հիմնական քաղաքական զուգահեռը՝ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունների գերադասման սկզբունքը։ Վրաց հոգեւոր առաջնորդի բերանով պաշտոնական Բաքուն է խոսողը։ Պարզապես զեղչենք մի բաժին  եւ  ստացվում է հետեվյալը.-«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի»: Վրաց եւ ադրբեջանցի հոգեւոր առաջնորդների հանդիպումն ու ու Աբխազիայի կամ Հարաւային Օսիայի նշումները պարզապես մյուս բաժինը ընդգծելու համար են։

Խնդիրը մեր դեպքում այն էր, որ հայկական լրատվամիջոցներից շատեր ակամա (հուսա՛նք՝ ակամա) անտեսել էին լրատվության աղբյուրը։ Դրա ադրբեջանական պատկանելիությունը մի պահ սպասել պիտի տար հայկական լրատվամիջոցի պատասխանատուին նախքան վրաց հոգեւոր առաջնորդի հայտարարությունը շրջանառության մէջ դնելը։ Փաստորէն, ապատեղակատվությունը հարվածել էր որոշակի թիրախների։ Հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչներ առանց վերապահության լուրը թողարկել էին։

Շատ չանցած, վրաց պատրիարքարանը հերքել է լուրը։

«Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-ին վերագրվող Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»: Այս մասին տեղեկացրել էր Վրաց պատրիարքարանը:

 Եւս մէկ կարեւոր հանգամանք։ Գուցէ այս հերքումը տեղի չունենար, եթե նույնիսկ վրաց հոգեւոր առաջնորդը նման հայտարարություն կատարած լիներ, եթէ ներվրացական որոշ զարգացումներ չարձանագրվեին վերջին շրջանում։ Խոսքը վերաբերում է խորհրդարանական վերջին ընտրություններին եւ իշխանափոխության հստակ ենթահողի ձեւավորման ինչպէս նաեւ որոշակիորէն չափի մէջ նկատվող ռուս-վրացական մերձեցման նախադրյալները։ Վարկ վայելող վերլուծական կենտրոնները խոսում են Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման բանակցությունների մասին, որը մինչեւ ծայրագույն արեւելք տնտեսական նոր ուղիներ բացելու նախանշային հեռանկարներ է ուրվագծում առնչված երկրների համար։

Բայց այդքան հեռուները չգնանք եւ պարզապես մտաբերենք, որ Վրաստանի նախագահը հատուկ հայտարարությամբ այս տարի  շնորհաւորեց վիրահայության Սուրբ Ծնունդը, իսկ վարչապետը անձամբ ներկա գտնվեց Թբիլիսիի հայոց եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագին։ Երկուսն էլ շեշտում էին Վրաստանը բաղկացնող ազգաբնակչությունների  համակեցության անհրաժեշտությունը եւ այդ առաջադրանքի իրականացման համար  հայության նկատառելի դերակատարությունը։

Ադրբեջանական ապատեղեկատվությունը հավանաբար երկաթգծից մինչև շնորհաևորանքներ երկարող հանգամանքները ևս նկատի էր առել և ըստ այդմ էլ հակազդել։

 Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

 

Այս խորագրի վերջին նյութերը