Լրահոս

28.12.2012 19:30


ՊԵԿ-ն ամփոփում է անցնող տարին

ՊԵԿ-ն ամփոփում է անցնող տարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահն այսօր տարեվերջյան ասուլիսում ամփոփել է 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և մատնանշել 2013-ի ուղենիշերը: 2012-ին պետական եկամուտների կոմիտեի հիմնական խնդիրը հանդիսացել է ՀՀ պետական բյուջեի ծրագրավորված ցուցանիշների կատարումը` զուգահեռաբար ապահովելով բարեփոխումների ընթացքը: «Բյուջեով սահմանված 875մլրդ դրամ հարկեր, տուրքեր և վճարներ ցուցանիշը կատարվել է ամբողջությամբ: 2011-ի համեմատ հարկային եկամուտների և պետական տուրքի աճը կազմել է ավելի քան 12%, իսկ պարտադիր սոցիալական ապահովության վճարների աճը` շուրջ 5.3%»,-տեղեկացրել է Գագիկ Խաչատրյանը:

Հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել մի շարք գործոններով. 100մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ­­ներից շուրջ 15մլրդ դրամը հաջողվել է ապահովել նախորդ տարեվերջին կատարված հարկային և մաքսային օրենսդրական փոփոխու­­­թյուն­ների արդյունքում: Շուրջ 85մլրդ դրամն էլ ապահովվել է տնտեսական աճով պայմանավորված գործոնների, ինչպես նաև հարկային և մաքսա­յին վարչարարության հաշվին:

            Կոմիտեի ղեկավարի խոսքերով, ըստ հարկ վճարողների առանձին խմբերի վերլուծության, 2012թ. հարկային եկամուտներն ապահովվել են գլխավորապես խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 436 հարկ վճարողների հաշվին` ընդհանուր հարկային եկամուտների շուրջ 58%-ը: Նրանց կողմից նախորդ տարվա համեմատ ապահովվել է  39մլրդ դրամ լրացուցիչ եկամուտ:  Ընդհանրապես բյուջեի հարկային եկամուտների կառուցվածքում գերակշիռ դեր  են  ունեցել ավելացված արժեքի հարկ վճարողներն` տարվա ընթացքում ապահովելով հարկային եկամուտների 83.8%-ը:  ՓՄՁ-ի ներկայացուցիչներն, այդ թվում արտոնագրային և հաստատագրված վճար վճարողներին բաժին է ընկել  հարկային եկամուտների շուրջ14%-ը: «Ամբողջ տարվա ընթացքում մամուլը մեզ քննադատում էր, որ մուտքերի հիմնական  բեռը փոքր և միջին բիզնեսին է ուղղորդված, այնինչ փաստացի պատկերն այլ բան է արձանագրում»,-նկատել է կոմիտեի ղեկավարը:  

 2012-ին շարունակվել են հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերով նախատեսված բարեփոխումները: Արդյունքում հարկային և մաքսային վարչարարության էական ձեռքբերումներ են արձանագրվել մի շարք ուղղություններով:  Այսպես, 2012-ին զգալի աշխատանքներ են տարվել հարկ վճարողներին մատուցվող ծառայություն­­­­ների ընդլայնման և որակի բարելավման առումով: Հարկ վճարողների սպասարկման կենտրոնների թիվը հասցվել է 13-ի: Կիրառվել են նաև հարկային պարտավորությունների վերաբերյալ հարկ վճարողների ծանուցման նոր մեխանիզմներ: 2012-ի մայիսից գործարկվել են ՊԵԿ պաշտոնական ինտերնետային նոր կայքերը. միջին օրական այցելություն­ների թիվը կազմել է 5 000-10000: հեռախոսազնագերի կնտորնի ամսին

Հաջողվել է ամբողջությամբ արդիականացնել հարկային և մաքսային հսկողության գործող մեխանիզմները` դրանք իրականանցելով ռիսկերի հիման վրա: Ըստ Գագիկ Խաչատրյանի, չնայած 2012թ. ստուգումների տարեկան ծրագրում ներառված շուրջ 2386 տնտեսվարող սուբյեկտներից գրեթե կեսի մոտ ստուգումներ չեն իրականացվել, այնուամենայիվ արձանագրվել է լրացուցիչ հայտանբերված գումարների 41%-ի աճ` նախորդ տարվա համեմատ: Նախորդ տարվա նկատմամբ աճել է նաև մեկ ստուգմամբ հայտնաբերված միջին գումարի չափը` 8.2մլն դրամով:

                 Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունների համակարգի կատարելագործումը եղել է 2012-ի առաջնահերթություններից: Տարվա ընթացքում հարկ վճարողների կողմից դուրս են գրվել և ՊԵԿ կողմից էլեկտրոնային մշակման են ենթարկվել շուրջ 10,2մլն հարկային հաշիվներ, իսկ 4-րդ եռամսյակում էլեկտրոնային եղանակով ներկայաց­րած հաշվետվություն­ների քանակը, ներառյալ էլեկտրոնային հարկային հաշիվները, նախորդ տարվա համեմատ աճել է 40%-ով: «Այս գործառույթը վկայում է, որ  ՊԵԿ-բիզնես շփումները նվազում են, սակայն անելիքներ դեռ ունենք, որպեսզի ավելի շատ գործարարներ ընդգրկվեն էլեկտրոնային գործընթացներում»,-ընդգծել է կոմիտեի նախագահը: 

                 Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով 2012թ. ընթացքում լուծարվել է 3 հարկային տեսչություն: 6 հարկային տեսչություն­, ինչպես նաև 50 ստուգող բաժիններ վերակազմակերպվել են միավորման ճանապարհով: Համակարգի օպտիմալացման արդյունքում ավելի քան 250 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, իսկ թափուր տեղերի համար հայտարարված մրցույթներում 2100 մասնակիցներից ընտրվել են ժամանակակից պահանջները բավարարող երիտասարդ կադրեր:

                 Տպավորիչ ցուցանիշներ են արձանագրվել իրավախախտումների դեմ պայքարում. 2012թ. ընթացքում բռնագանձման, սնանկության հայցերով, արգելադրում­ներով, ժամանակացույցերով, ինչպես նաև վարչական պատասխա­նատվության ենթար­կելու վերաբերյալ որոշումներով պետական բյուջե է գանձվել շուրջ 25մլրդ դրամ գումար`  նախորդ տարվա 16.8մլրդ դրամի դիմաց: Նախապատրաստվել են 2486 նյութեր, հարուցվել է 63 քրեական գործ և պետական բյուջե է վերականգնվել 2.6մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 2.5մլրդ դրամի դիմաց, ընթացք է տրվել 289 քրեական գործերի, արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 8.5մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված 1.04մլրդ.-ի դիմաց:

                 Հարկային վարչարարության բարեփոխումները դրական ազդեցություն են թողել նաև Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: «Գործարարությամբ զբաղվելը-2013» (Doing Business) զեկույցի համաձայն Հայաստանն ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը:

            Բյուջե-2013

            2013 թվականին պետական եկամուտների կոմիտեի համար գերխնդիրը լինելու է ՀՀ պետական բյուջեի՝ հարկային և մաքսային մարմինների կողմից վերահսկվող եկամուտների ապահովումը:: 2013թ.-ին նախատեսվում է լրացուցիչ 118մլրդ դրամ հարկային եկամուտների աճ, Համեմատության համար` 2013թ. հարկային եկամուտների նախատեսված լրացուցիչ աճը շուրջ 15մլրդ դրամով գերազանցում է 1997թ. պետական բյուջեի ամբողջ հարկային եկամուտները, իսկ 2012-2013թ.թ. լրացուցիչ աճերը շուրջ 2 անգամ գերազանցում են 2007 թվականի բյուջեի եկամուտային մասը: 2013-ին բարեփոխումների առաջնային ուղղությունները կլինեն եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրումը, էլեկտրոնային հաշվետվությունների ամբողջական համակարգի գործարկումը (նախատեսվում է էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնողների քանակն ավելացնել շուրջ 5 անգամ): Տարվա ընթացքում կներդրվեն նոր սերնդի ՀԴՄ-ներ, կբարձրացվի հարկ վճարողների ինքնագնահատման աստիճանն` առաջին անգամ գործարկելով բարեխիղճ և ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ տարբե­րակված վարչարարական մոտեցումներ: Աշխատանքներ կիրականացվեն նաև շրջանառությունների թերհայտարարագրման, ցածր շահութաբերության, աշխատող­ների թվաքանակի և աշխատավարձի թերհայտարարագրման խնդիրները կարգավորելու ուղղությամբ: 2013-ին կբարձրանա նաև ոլորտային վերլուծությունների արդյունավետությունը, առավել հետևողական կդառնա հովանավորչության և կոռուպցիայի դեմ պայքարը, աշխատանքներ կտարվեն նաև հարկային և մաքսային ծառայողների էթիկայի նորմերի ամրապնդման ուղղությամբ: Հետևողական միջոցառումներ կիրականացվեն հարկային և մաքսային իրավախախտողների նկատմամբ:

            Կոմիտեի ղեկավարն անդրադարձել է նաև նորամուծություններին, որոնք կիրառվելու են 2013-ին: Միջազգային փորձով ներդրվելու է հորիզոնական մոնիթորինգի համակարգը, որի միջոցով, ըստ Գագիկ Խաչատրյանի, խոշոր բիզնեսին հնարավորություն կընձեռնվի` բարեխիղճ աշխատանքի դեպքում, բացառել ՊԵԿ կողմից անհարկի միջամտությունը:   Ինչ վերաբերում է կանխավճարներին և գերավճարներին, ապա կոմիտեի նախագահն ընդգծել է, որ բիզնեսին անհարկի միջամտությունից խուսափելու համար 2013-ին ՊԵԿ պաշտոնական կայքում կբացվի ռեգիստր, որը հնարավորություն կտա մաքուր դաշտում աշխատող բիզնեսին ոչ միայն ինքնուրույն գնահատել իրեն, այլև խուսափել ՊԵԿ միջամտությունից: Կոմիտեի ղեկավարը վստահեցրել է, որ բիզնես միջավայրի բարելամանն ուղղված նորամուծությունները շարունակական են լինելու, և  նոր գործիքների կիրառմամբ փորձ է արվելու չվնասել տնտեսության զարգացմանը: Անդրադառնալով թերացումներին` Գագիկ Խաչատրյանը մատնանշել է փաստաթղթաշրջանառության ոչ լիարժեք ապահովման խնդիրը. «Թեպետ այս բնագավառում զգալի ձեռքբերումներ ունենք, սակայն արդյունքը մեզ դեռ չի բավարարում, քանի որ ստվերային տնտեսության դեմ պայքարի լավագույն  գործիքը փաստաթղթշրջանառության ձևավորումն է: Շատ կարևոր է նաև, որպեսզի Հայաստանում վերջապես հասնենք բիզնեսի տարբեր շերտերի նկատմամբ տարբերակված մոտեցման»:

Անդրադառնալով ԱԺ կողմից վերջերս ընդունված հարկային փաթեթին, Գագիկ խաչատրյնաը վստահեցրել է, որ  այն հարկային եկամտի ավելացման խնդիր չի հետապնդում. «Նպատակն է կատարելագործել մեր վարչարարական մեխանիզմները, հստակեցնել բիզնեսի հետ հարաբերություններն օրենսդրական  դաշտում: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակական են լինելու, ստեղծելու ենք օրենսդրություն, որը երկարաժամկետ կանխատեսելի կլինի բիզնեսի համար»:  

Ինչ վերաբերում է ստվերի դեմ պայքարին վերաբերող լրագրողների հարցին,  Գագիկ Խաչատրյանը ևս մեկ անգամ  նշել է, որ պետք գնալ զանգվածային ինքնագնահատման համակարգի կայացման ուղիով և  վարչարարական  ռեսուրսները կիրառել այնտեղ, որտեղ խոշոր ստվեր կա:  

Այս խորագրի վերջին նյութերը