Լրահոս

28.12.2012 13:45


Արմեն Գևորգյան. «Արտագաղթի դեմ պայքարի մասով այն, ինչ կատարվում է, բավարար չէ»

Արմեն Գևորգյան. «Արտագաղթի դեմ պայքարի մասով այն, ինչ կատարվում է, բավարար չէ»

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձավ 2012թ. կատարված աշխատանքներին, ոլորտի կարեւոր իրադարձություններին եւ գալիք տարվա անելիքներին:

1.ՏԻՄ ընտրություններ
2012թ. ընթացքում ՏԻՄ ընտրությունները, համաձայն նոր Ընտրական օրենսգրքի պահանջների, առաջին անգամ անցկացվեցին համախմբված կերպով` փետրվարի 12-ին, հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 23-ին: Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին 815 համայնքում, որից 704-ում` համայնքի ղեկավարի, 751-ում` ավագանու: Համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացրած 704 համայնքից 146-ում կամ 21 տոկոսում ընտրվել են նոր համայնքապետեր:

Այս տարի անցկացված ՏԻՄ ընտրություններն այլ առանձնահատկություններ եւս ունեին. նոր Ընտրական օրենսգրքի համաձայն` քաղաքական կուսակցություններին համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրման հնարավորություն էր ընձեռնվել եւ երկրորդը` խոշոր համայնքներում ավելացվել էր ավագանու անդամների թիվը, ինչը թույլ է տալիս համայնքի հիմնական կառավարման մարմինն ավելի ներկայացուցչական դարձնել:

Չնայած արձանագրված առաջընթացին եւ Եվրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության դրական գնահատականներին, այնուամենայնիվ, դեռեւս կան խնդիրներ, որոնց ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատանքներ են իրականացվում: Մասնավորապես, դրանցից է անցումային փուլում համայնքապետի գործողությունների նկատմամբ հանրային վստահության խնդիրը: Տարածքային կառավարման նախարարությունը, գործընկերների հետ աշխատանքներ է իրականացնելու` գտնելու այնպիսի լուծում, որը կբացառի համայնքի ղեկավարի կողմից վստահության տեսակետից կասկածներ առաջացնող գործողությունները:


2.Տեղական հարկային վարչարարության բարելավում 
Համայնքային բյուջեների եկամուտների ցուցանիշներ 2012թ. նախնական տվյալներով, բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 105,9 մլրդ դրամի դիմաց կազմել են 94,5 մլրդ դրամ (կատարողականը` 89.2%): Սեփական եկամուտները կազմել են ընդամենը եկամուտների 29.1%-ը: Սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 32,2 մլրդ դրամի դիմաց կազմել են 27,5 մլրդ դրամ (կատարողականը` 85.3%): Հողի հարկի հավաքագրումը կատարվել է 85.5%-ով: Նախատեսված 4,7 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 4,1 մլրդ դրամ: Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 92.2%-ով: Նախատեսված 12,6 մլրդ դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 11,6 մլրդ դրամ: 
Աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի մարման մասով արձանագրվել է հետևյալ արդյունքը. 2008թ. հունվարի 1-ի դրությամբ ձեւակերպված շուրջ 2.3 մլրդ դրամ պարտքերից 2012թ. դեկտեմբերի 15-ի դրությամբ առկա է մոտ 99,4 մլն դրամ պարտք։ 2012թ. ընթացքում պարտքի մարում է կատարվել 68,962 հազ. դրամի չափով:
Տեղական ինքնակառավարման մարմիններում հարկային վարչարարության հետ կապված գործընթացներ
2012թ. մարտի 21-ին ՀՀ ԱԺ կողմից ընդունվել է "Հողի հարկի եւ գույքահարկի գծով 
առաջացած ապառքների մասին", "Գույքահարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», "Հողի հարկի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ "Հարկերի մասին" Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին" ՀՀ օրենքների փաթեթը, որն ուղղված էր տեղական հարկային վարչարարության բարելավմանը: 
Փաթեթը հնարավորություն է տալիս բազաներից հանել մինչեւ 2008թ-ը հողի հարկի եւ գույքահարկի գծով կուտակված ապառքները (որոնց ճնշող մասը ձեւավորվել է 1996թ-ից սկսած մինչեւ 2003-2004 թվականները, ընդ որում` առաջին տարիներին վարչարարությամբ համայնքները չէին զբաղվում, բայց ապառքները հետագայում փոխանցվել եւ արտացոլվել են համայնքային բյուջեներում): Փաթեթի ընդունման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված էր դատական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետ: Այսինքն` սկսած 2012թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ով կցանկանար օրինական, իրավական ճանապարհով գանձել մինչեւ 2008թ. կուտակված ապառքները, դրա հնարավորությունը չէր ունենալու: Արդյունքում, կանխվեցին այն դեպքերը, երբ գանձումներն իրականացվում էին ոչ օրինական, շատ դեպքերում` ոչ պաշտոնական ճանապարհով: Միեւնույն ժամանակ, ապառքների զրոյացումը հնարավորություն կտա համայնքներին ավելի ճշգրիտ կանխատեսումներ կատարել եւ իրատեսական բյուջեներ կազմել: Բացի այդ, տեղական հարկերի մասով դատական հայցերի վաղեմության ժամկետը սահմանվել է տասը տարի: Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարը հարկային պարտավորություն առաջանալու պահից տասը տարվա ընթացքում կարող է իրավական ճանապարհով քաղաքացուց գանձել տեղական հարկերը:
Փաթեթով նաեւ որոշակի արտոնություններ են նախատեսվում. քաղաքացիները, մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը վճարելով հողի հարկի եւ գույքահարկի մասով 2008թ. հունվարից մինչեւ 2011թ. հունվարն ունեցած պարտքի մայր գումարը` ազատվում են նշված ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի վճարումից: 
Օրենքի կիրարկման արդյունքում 01.12.2012թ. դրությամբ հողի հարկի մասով համայնքային բյուջե է մուտքագրվել 424,8 մլն դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմում է 252,4 մլն դրամ: Օրենքով սահմանված արտոնությունից օգտված քաղաքացիների թիվը կազմում է 58,624 մարդ: Գույքահարկի մասով` համայնքային բյուջե է մուտքագրվել 410,2 մլն դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմում է 300,8 մլն դրամ: Օրենքով սահմանված արտոնությունից օգտված քաղաքացիների թիվը կազմում է 49,037 մարդ:

3.Կապիտալ ծախսեր

Մարզերում առաջացած մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով, ինչպես նախորդ տարի, 2012թ-ին եւս ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 
մայիսի 24-ի N 711-Ն եւ հոկտեմբերի 4-ի 1298 - Ն որոշումներով ՀՀ մարզպետարաններին հատկացվեց 20 մլրդ դրամ: Հրատապ խնդիրների լուծման առաջին երկու ծրագրերի համար գումարներ էին հատկացվել 2011-ին` նույն չափով: Այսպիսով, միայն առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների համար մարզերին երկու տարվա ընթացքում հատկացվել է 40 մլրդ դրամ: Չորրորդ ծրագիրը, որով նախատեսվում է աշխատանքներ իրականացնել 325 համայնքում, ընթացքում է: Առաջին, երկրորդ եւ երրորդ ծրագրերի շրջանակում հանրապետության թվով 473 համայնքներում՝ որից 45 քաղաքային եւ 428 գյուղական, իրականացվել է 1046 (385 քաղաքներում եւ 660 գյուղերում) ծրագիր` ուղղված հիմնականում կրթական, նախադպրոցական, մշակութային, առողջապահական հաստատությունների, համայնքային կենտրոնների, ճանապարհաշինության, ջրամատակարարման, գազիֆիկացման, ոռոգման ցանցերի, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանն ու վերակառուցմանը (ըստ ոլորտների եւ ըստ համայնքների իրականացված ծրագրերին մանրամասն հնարավոր է ծանոթանալ այստեղ):


4.Ոռոգման համակարգ

2012թ-ը սակավաջուր տարի էր, եւ որոշակի լարվածություն էր առաջացել ոռոգման համակարգի համար: Եղանակով պայմանավորված` ոռոգման շրջանն ավելի վաղ մեկնարկեց, եւ այս տարի, 2011թ. համեմատ, ձեւավորվել է շուրջ 700 մլն դրամով ավելի հասույթ` կազմելով 5 մլրդ 253 մլն դրամ: Սեւանից ոռոգման նպատակով այս տարի վերցվեց 317 մլն խմ ջուր` օրենքով թույլատրված 320 մլն խմ-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, հաջողվեց ապահովել գյուղացիական տնտեսությունների ջրի պահանջարկը: Միաժամանակ, այս տարի եւս պահպանվել է ոռոգելի տարածքների ավելացման` վերջին տարիների միտումը: 2012թ-ին, նախորդ տարվա համեմատ, ոռոգելի հողատարածքներն ավելացել են 668 հա-ով: Ընդ որում` ավելացել են արժեքավոր մշակաբույսերի մշակման հողատարածքները. մասնավորապես պտղատու այգիների ծավալը նախորդ տավա համեմատ 2012թ-ին ավելացել է 5 տոկոսով, բանջարաբոստանային կուլտուրաներինը` 2 տոկոսով:

Ոռոգման համակարգի համար կարեւոր նշանակություն ուներ այս տարի Մարմարիկի ջրամբարի շահագործումը: Գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները: Մասնավորապես, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Կապսի եւ Վեդիի ջրամբարների շինարարության վերաբերյալ:


5. 2013թ-ի հիմնական անելիքները

  • Ջրամբարաշինության ոլորտում գործնական քայլերի իրականացման մեկնարկ
  • Եվրախորհրդում Հայաստանի նախագահության ընթացքում ՏԿՆ նախարարության    մասով նախատեսված միջոցառումների իրականացում
  • Գործնական քայլերի իրականացում` Տարածքային զարգացման հիմնադրամի ստեղծման ուղղությամբ
  • Օրենսդրական դաշտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներ
  • Արխիվային գործի բնագավառում բարեփոխումների իրականացում, այդ թվում` արխիվային ծառայությունների մատուցման էլեկտրոնային համակարգի ներդրման հայեցակարգի մշակում

     Հասարակայնության հետ կապերի բաժին 

Այս խորագրի վերջին նյութերը