Հարցազրույց

28.12.2012 12:20


Անդրանիկ Թևանյան.

Անդրանիկ Թևանյան.

«zham.am»–ի հարցազրույցը «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանի հետ։

–Պարո՛ն Թևանյան, ինչպիսի՞ն էր 2012թ. արձանագրված տնտեսաքաղաքական պատկերը։

–Բոլոր ոլորտներում լճացման գործընթացներն ավելի խորացան։ Այդ առումով շատ խորհրդանշական էր վերջերս տեղի ունեցած ՀՀԿ համագումարը, որը հիշեցնում էր համայնավարների ժողովները բրեժնևյան տարիներին. միզանսցենում բացակայում էր միայն Լենինի կիսանդրին։

Երկրում կա լճացում, բայց չկա պայքար։ Հիմնական քաղաքական ուժերը թեկնածու չառաջադրեցին գալիք նախագահական ընտրություններում։ Կարելի է ասել, որ նախագահական ընտրությունները դեռ չմեկնարկած արդեն ավարտվել են։ 1996–ի ընտրություններից սկսած այսպիսի բան չէր արձանագրվել։ Ինչի՞ արդյունք է սա։

–Սա, մեծ հաշվով, 1988–ից սկիզբ առած շարժման պարտությունն է, մեր ժողովրդի պարտությունը։

–Ո՞րն է այդ պարտության պատճառը։

–Իրական անկախությունը մենք նվաճեցինք ռազմի դաշտում, բայց այդ բանի գիտակցումը քչերի մոտ կա։ Ղարաբաղյան հաղթանակը չդարձավ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու սեփականությունը ու դրա համար էլ մսխվեց մինչև վերջ։ Իսկ նման բաներն անհետևանք չեն մնում։ Մենք հիմա վճարում ենք անկախությանն ու հաղթանակին տեր չկանգնելու համար։ Սա ֆենոմենալ բան է այն առումով, որ միշտ պարտությունն է որբ մնում, բայց մեր դեպքում հաղթանակը որբ մնաց։ Հիմա այդ որբին մեր թշնամիներն են ուզում տեր կանգնել՝ օգտվելով պետություն կառուցելու գործում մեր ցուցաբերած ապաշնորհությունից։ 

–Գրեթե 100 տոկոսով կանխորոշված ընտրություններն այդ ապաշնորհության դրսևորումների՞ց է։

–Այո՛։ Դա նաև փափուկից դեպի կոշտ ավտորիտարիզմին անցնելու նախանշան է։ Եթե Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական ոլորտներում խոշոր ձախողումներ արձանագրած իշխանության դեմ հզոր ընդդիմություն չկա, իսկ իշխանության թեկնածուն լուրջ մրցակիցներ չունի, ապա դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական համակարգը գործնականում մահացել է։ Դա նշանակում է նաև, որ իշխանության ներսի փտածությունն է՛լ ավելի կխորանա, իսկ հասարակական հարաբերությունները կենթարկվեն բացարձակ այլասերման, եթե արդեն իսկ այդպիսին չեն։ Երբ տարիքն առած ու նորաստեղծ կուսակցություններն են համահարթեցվում ու քաղաքական թրաֆիքինգի ենթարկվում, երբ գրեթե բոլոր լրատվամիջոցների խմբագիրներն ու լրագրողներն են հայտնվում Բաղրամյան 26–ի տակ, սկսվում է բացարձակ այլասերումը։ Ամեն ինչ դառնում է առուծախի առարկա։

–Մի՞թե ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը և ՀՅԴ–ն, ինչու չէ, նաև «Ժառանգությունը» չէին կարող միասնաբար հանդես գալ ու փոփոխության հասնել։

–Եթե միավորվեին, ապա, չեմ կասկածում, կհաղթեին։ Ընդ որում՝ պարտադիր չէ, որ միասնական թեկնածու առաջարկեին. կարևորը միասնական ճակատով և մի քանի հարցերում միասնական օրակարգով հանդես գալու հաստատակամությունն էր։ Բայց դա տեղի չունեցավ։

Մեր հանրության մոտ կա փոխադարձ վստահության, հավատի և պետականաստեղծ մտածողության դեֆիցիտ։ Քաղաքական ուժերն էլ մեր հասարակության հայելին են և ունեն այդ դեֆիցիտը։

–Մեր հասարակության անդամները, քաղաքական ուժերը իրար չե՞ն վստահում, չե՞ն հավատում հաջողությանը։

–Ձեր նշած ուժերը չէին հավատում այն ամենին, ինչ ասում էին։ Չէին հավատում հաղթանակին։ Տարբեր պատճառներ կարելի է ներկայացնել, թե ինչու չէին հավատում, բայց դա արդեն էական չէ։ Էականն այն է, որ ցանկալի կոնսենսուսը չկայացավ նաև սեփական ուժերի նկատմամբ հավատի բացակայության պատճառով։ Ոմանց մոտ չկար առաքելության զգացում։ Փոխարենը մենք տեսանք, թե ինչպես է իշխանությունն արդյունավետորեն կիրառում «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը։ Սկզբում «Ժառանգությունը» գնաց իշխանության հետ սեպարատ պայմանավորվածությունների։ Դա ընդդիմադիր ուժերի համար կորուստ էր, բայց  մեծ կորուստ չէր։

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանի արձանագրած ֆիասկոն թվում էր, թե դաս կլինի մյուսների համար ու որևէ մեկի մտքով այլևս չի անցնի կրկնել այդ սխալը, սակայն կյանքը լրիվ այլ բան ցույց տվեց։ Ցավոք, ՀՅԴ–ն նախագահական ընտրությունների նախաշեմին գնաց «ժառանգության» ճանապարհով ու շուտով կզգա իր սխալ քայլի բացասական հետևանքները։

–Այսինքն ՀՅԴ–ն գնաց իշխանության հետ պայմանավորվելո՞ւ ճանապարհով։

–Ուզում էին պայմանավորվել, բայց չստացվեց։ Համենայնդեպս՝ պլատֆորմի շրջանակներում չստացվեց։ Անարդյունք քննարկումը, որը ՀՅԴ–ականներն ունեցան Սերժ Սարգսյանի հետ՝ ասվածի վառ ապացույցն է։ Սերժ Սարգսյանի քաղաքական շահն այդ հանդիպումից ակնհայտ է, իսկ թե ինչ շահեց դաշնակցական այս կամ այն ֆունկցիոներն անձնապես և պլատֆոմից դուրս ինչ պայմանավորվեց ՀՀԿ ղեկավարի հետ, կարելի է միայն ենթադրել։ ՀՅԴ–ի քայլը նման էր «Ֆուտբոլային» դիվանագիտություն նախաձեռնելու սերժսարգսյանական մոտեցմանը։ Զարմանալի է, որ «ֆուտբոլը» քննադատած ու «նախաձեռնողականության» բոլոր սխալները մատնանշած ՀՅԴ–ն ինքը «նախաձեռնողականություն» ցուցաբերեց ներքաղաքական դաշտում։

–Դաշնակցականներն ասում են, որ դեռ ժամանակ կա, էլի կհանդիպեն Սարգսյանին ու միգուցե համոզեն նրան ընդունել պլատֆորմը։

–Սերժ Սարգսյանն էլ է սիրում ասել, թե գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում և Հայաստանը պատրաստ է առաջ մղել հայ–թուրքական «պլատֆորմը», հետո ի՞նչ։ Ինչ վերաբերում է ՀՅԴ–ի պլատֆորմին, ապա կարծում եմ, որ Սարգսյանն այն քննարկելու ցանկություն չի ունենա, ինչպես որ թուրքերը ցանկություն չունեն քննարկել հայ–թուրքական սահմանի բացումն առանց Ղարաբաղի հարցում հայերի միակողմանի զիջումների։ Նրանք, ովքեր հայտարարում են, թե կյանքը շարունակվում է և պլատֆորմը  դեռ կքքնարկվի նախագահի հետ, լավագույն դեպքում ինքնախաբեությամբ են զբաղված։

Նախորդ քննարկումից Սարգսյանը մաքսիմալ օգտվել է՝ ամենաանհրաժեշտ պահին գովազդվելով ՀՅԴ–ի կողմից։ Ակնհայտ է, որ վերջինս դեմ չէր լինի աջակցել գործող նախագահին՝ պայմանով, որ դեմքը փրկելու հնարավորություն ստանա, բայց չհասավ իր նպատակին։ Սարգսյանը շանս չտվեց դաշնակցությանը լեգիտիմ կերպով իրեն սատարելու՝ չհամաձայնելով վերանայել սեփական տեսակետները հայ–թուրքական արձանագրությունների և պետական կառավարման համակարգի հետ կապված։ ՀՅԴ–ն, փաստորեն, ճիգ գործադրեց Սարգսյանի հետ բաց խաղալու համար, բայց վերածվեց խաբված ավանդատուի և ստիպված է լուսավոր կետեր ման գալ գալիք «նախագահական ընտրություններ» կոչված միջոցառման մեջ։

–Եթե ընդդիմադիր ուժերը չէին հավատում իրենց հաղթանակին, ապա այդ դեպքում ինչու՞ սկսեցին խորհրդակցությունների շարք։

–Դա համախմբվելու փորձ էր, որը սակայն արդյունք չտվեց։ Ոմանք անկեղծ էին, իսկ ոմանք էլ՝ սեփական գինն էին ուզում բարձրացնել։ Գործը գլուխ բերելուն չէր նպաստում ԲՀԿ–ի երկչոտ պահվածքն ու կամուկացը, ՀՅԴ վերնախավի՝ Բաղրամյան 26–ում բախտ որոնելու ներքին ցանկությունը և ՀԱԿ–ի ներսում առկա «ականապատ» դաշտն ու ռեսուրսային դեֆիցիտը։ Բացի այդ, կրկնեմ՝ ԲՀԿ–ն, ՀԱԿ–ն ու ՀՅԴ–ն տարբեր պատճառներով չհավատացին հաղթանակին ու դրա համար ո՛չ միասնաբար, ո՛չ էլ առանձին–առանձին չմտան պայքարի մեջ։

–Շատ էր խոսվում, որ Հայաստանում տեղի կունենան վրացական տիպի գործընթացներ։ Ինչու՞ դա տեղի չունեցավ։

–Հայաստանում, ի տարբերություն Վրաստանի, կա բուրժուազիայի, այդ թվում՝ խոշորի, հսկայական շերտ, ինչը փոփոխությունների հասնելու ավելի նպաստավոր նախադրյալներ է ստեղծում, բայց փորձը ցույց տվեց, որ վրացական կայացող բուրժուազիայի շահերն արտահայտող ուժերի  քաղաքական ինքնագիտակցությունը շահեկանորեն տարբերվում են հայկական անալոգից։ 

–Ի՞նչ է սպասվում հաջորդ տարի։

–Մենք մի կողմից ականատեսը կլինենք քաղաքական իշխանության ու բիզնեսի գերկենտրոնացման միտումներին, սեփականության վերաբաշխման համար մղվող դաժան պայքարին և ներիշխանական վերադիրքավորումներին, իսկ մյուս կողմից՝  իշխանական տիրույթից դուրս գործող քաղաքական ու քաղաքացիական առողջ հատվածների ներգրավմամբ քաղաքական նոր վերնախավի ձևավորման գործընթացին։ Թե որը որից առաջ կընկնի, այս պահին դժվար է ասել։

Մեկ բան հաստատ է. լճացումը և հետընթացը երկար չի կարող տևել, քանզի Հայաստանն այդքան ռեսուրս չունի։ Հետևաբար՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի լճացմանը հնարավորինս շուտ հաջորդի պետության վերելքը, քանի որ հակառակ պարագայում կունենանք բառիս բուն իմաստով փլուզում։

Ես լավատես եմ և հավատում եմ, որ անկախ Հայաստանում չի կարող հաղթել հակապետական ռեակցիոնիզմը։

Այս խորագրի վերջին նյութերը