Աշխարհ

28.12.2012 11:49


Սահակաշվիլին վետո է դրել համաներման մասին օրինագծի վրա

Սահակաշվիլին վետո է դրել համաներման մասին օրինագծի վրա

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վետո է դրել Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրինագծի վրա ու ետ ուղարկել փաստաթուղթն իր առաջարկություններով։

Վրաստանի նախագահը, մասնավորապես, առարկում է այն, կետն, ըստ որի համաներումը տարածվում է նաև ծանր հանցագործություններ գործած անձանց վրա։ «Համաներվողների մեջ կան և մանկապիղծներ: Մանկապղծությունը չի բուժվում: Թող պատգամավորներն իրենց վրա վերցնեն պատասխանատվությունն իրենց որոշման համար, ես մտադիր չեմ ներել այդ մարդկանց»,– ասել է Սահակաշվիլին։ 
Նրա հաջորդ առարկությունը վերաբերում է մոտ 200 քաղբանտարկյալներին համաներելուն, որոնց  ցուցակն ավելի վաղ հաստատվել էր օրերս խորհրդարանի կողմից։ Սահակաշվիլին անընդունելի է համարում այն, որ համաներվողների ցուցակում կան «անձինք, ովքեր մեղադրվել են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու համար»։ «Հուսով եմ նրանց ազատ են արձակում ինձ վատություն անելու համար, ոչ թե ինչ–որ մեկի պատվերով, որովհետև եթե Ռուսաստանի գործակալներին այդպես զանգվածաբար ազատ ես արձակում, նշանակում է դա կամ ինձ դեմ գնալու համար է արվում, կամ Ռուսաստանի պատվերով... Ես չեմ ստորագրի այդ օրենքը»,– ասել է նա։

Նշենք, որ Սահակաշվիլիի վետոն խորհրդարանը կկարողանա հաղթահարել պատգամավորների երեք հինգերորդ մասի ստորագրություններով(89 ստորագրություն):Խորհրդարական մեծամասնությունը հույս ունի այդ ստորագրությունները հավաքել ընդդիմություն դարձած Սահակաշվիլիի կուսակցության խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավորների օգնությամբ:      

Դեկտեմբերի 21-ին խորհրդարանի ընդունած օրենքով համաներումը տարածվում է 3000 մարդու վրա: Մասնավորապես քաղհալածյալների ու քաղբանտարկյալների ցուցակում էլ երեք հայ կա`ջավախահայ նախկին պատգամավոր Մելիք Ռայիսյանը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալը, որոնց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:  

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չէր ընդգրկել որոշ պատգամավորների ելույթներից հետո, սակայն խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև նրա վրա։

Այս խորագրի վերջին նյութերը