Լրահոս

28.12.2012 10:13


ԱԻՆ` 2012թ. գործունեության ամփոփում

ԱԻՆ` 2012թ. գործունեության ամփոփում

Անցած տարվա ընթացքում զգալիորեն աշխուժացել է ԱԻ նախարարության համագործակցությունը` տեղական և միջազգային գործընկերների հետ։ Շատ դեպքերում ԱԻ նախարարությունը դրական օրինակ է ճանաչվել այլ երկրների համար։

Կազմավորվեց ԱՌՆԱՊ-ի խորհրդատվական խորհուրդը

Հունվարին տեղի ունեցավ «ԱՌՆ ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի խորհրդատվական խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում բոլոր շահագրգիռ պետական, միջազգային եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներից կազմավորվեց ԱՌՆ ազգային պլատֆորմի ընդլայնված խորհրդատվական խորհուրդ:

ԱԻՆ-ՎիվաՍել. համագործակցության նոր հեռանկարներ

Փետրվարին ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին։ Վերջինս նշեց, որ ԱԻ նախարարությունը բնակչության պաշտպանությանը կոչված կարևորագույն կառույցն է և իր ղեկավարած կազմակերպությունն ամենայն աջակցություն կցուցաբերի, մասնավորապես` տեղեկատվության կառավարման ոլորտում։

Մարտին փոխադարձ այցով «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություն այցելեց ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի գլխավորած պատվիրակությունը։ ԱԻՆ ներկայացուցիչներին հաճելիորեն զարմացրեց արտակարգ իրավիճակներում անվտանգության ապահովման ուղղությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կատարած աշխատանքը և ամրապնդեց փոխգործակցության մտադրությունը։

ԱԻՆ և Հայկական Կարմիր խաչ. համագործակցություն և փոխօգնություն

Մարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության եւ փոխօգնության մասին։

Եվրոպական մակարդակի ճգնաժամային կառավարման կենտրոն

Մարտին ԱԻ նախարար Ա. Երիցյանը և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռուդոլֆ Շոխը ստորագրեցին համաձայնագիր` «ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու» ծրագրի վերաբերյալ:

Աղետներին պատրաստվածությունն սկսվում է դպրոցից

Մարտին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ԱԻ նախարար Ա. Երիցյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է շարունակել մոտ մեկ տարի առաջ սկսված համագործակցությունը «Դպրոցների աղետների եւ պատրաստվածության պլանի մշակում» ծրագրի շրջանակում: Մասնակից 11 լավագույն դպրոցներին հանձնվել են մրցանակներ` պատվոգրեր եւ համակարգչային տեխնիկա:

ՀԱՊԿ-ի առաջին տեսակոնֆերանսը

Ապրիլին տեղի ունեցավ «ՀԱՊԿ-ը` եվրասիական տարածքում կայունության եւ անվտանգության ապահովման նոր կարեւորագույն գործոն» թեմայով 9-րդ միջազգային գիտապրակտիկ տեսակոնֆերանսը։ Ինտերակտիվ ձեւաչափով անցկացված կոնֆերանսին մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավար ներկայացուցիչներ, ՀԱՊԿ քարտուղարության անդամներ և փորձագետներ։ Հայաստանի պատվիրակությունը տեսակոնֆերանսին մասնակցում էր ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից։ Տեսակոնֆերանսին զեկույցով հանդես եկավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ Ելույթ ունեցավ նաև ԱԱԽ քարտուղար Ա. Բաղդասարյանը։

Իրազեկման միասնական դաշտ` ԱԻՆ և ոստիկանության համար

Ապրիլին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը եւ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ. Գասպարյանը համատեղ հրաման ստորագրեցին` արտակարգ իրավիճակներում երկու գերատեսչությունների ստորաբաժանումների համատեղ ու փոխհամաձայնեցված արձագանքման կարգը հաստատելու մասին։

Տեսչական բարեփոխումներ

Մայիսին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջազգային փորձագետ Ֆլորենտին Բլանկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են տեսչական բարեփոխումների ընթացքը, առկա խնդիրները եւ դրանց լուծման ուղիները, պարզաբանվել եւ ճշգրտվել են անելիքները ռիսկայնության գնահատման մեթոդաբանության կատարելագործման ոլորտում:

Հայաստան-Շվեյցարիա. համագործակցության նոր կամուրջներ

Հուլիսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ, մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթին և Հայաստանյան գրասենյակի ազգային ծրագրի պատասխանատու Սերգեյ Հովհաննիսյանին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մինչև 2014 թ. վերջը նախատեսվում է ՀՀ ԱԻՆ կազմում ձևավորել միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) պահանջներին համապատասխան մեկ միջին թիմ, որի փորձի հիման վրա կստեղծվի նաև 10 թիմ մարզերում:

Հայաստան-Իրան. համագործակցություն նաև ԱԻ ոլորտում

Հուլիսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը: ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշել է, որ ընդհանուր եզրեր շատ կան և փոխգործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուց հետո համագործակցությունը կդրվի ամուր հիմքերի վրա: Օգոստոսին ՀՀ կառավարության որոշմամբ 57 մլն դրամ արժեքով մարդասիրական օգնություն ուղարկվեց Իրան` Ահարի երկրաշարժից տուժած բնակչությանը։

ԱԻՆ-ը` օրինակ և ոգևորության աղբյուր

Հունիսին ՀՀ ԱԻՆ էր այցելել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դ. Գերչևան: Այցի հիմնական նպատակն էր նախանշել համագործակցության նոր ուղղություններն ու ծանոթանալ ԱԻՆ ՃԿԿ տեխնիկական նոր հնարավորություններին: Տիկին Գերչևան նշեց, որ Հայաստան գալով ու որպես օրինակ վերցնելով ՀՀ ԱԻՆ դրական փորձը` Մոնտե Նեգրոն և Ղըրղըզստանը մշակել են իրենց երկրներում ԱԻ կառույցների զարգացման ծրագրեր, ինչը շատ գնահատելի է:

Մեծ համագործակցության առաջին քայլը

Օգոստոսին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է ՄԱԿ-ի Հյուսիս-արևելյան գրասենյակի տնօրեն, Գլոբալ ուսուցման և կրթության ինստիտուտի ղեկավար Գլեն Դոլչեմասկոլոյին։ Նրա այցն ԱՌՆԱՊ-ի և իր ղեկավարած գրասենյակի միջև համագործակցության առաջին քայլն է։

«Ջորջիա 2012»

Սեպտեմբերի 22-27-ը Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի սցենարով ՆԱՏՕ-ի դաշտային ուսումնավարժությանը մասնակցում էր ավելի քան 1000 մարդ` տարբեր որոնողափրկարարական թիմեր, դիտորդներ ու փորձագետներ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրից, ինչպես նաև աղետներին արձագանքող միջազգային տարբեր կազմակերպություններից։

Ուսումնավարժության ավարտին պարգևներ հանձնվեցին մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի ընկած մասնակիցներին, որոնց թվում էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմի անդամներ։

Հայկական պատվիրակության ղեկավար, փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը նույնպես ՀՀ ԱԻՆ կողմից պարգևներ է հանձնել ուսումնավարժության օտարերկրացի մասնակիցներին։

Ամերիկացիները Ճգնաժամային կառավարման կենտրոնում

ՀՀ ԱԻ նախարարություն էր այցելել ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը, որը գլխավորում էր Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Որպես հետագա համագործակցության ուղղություններ նախանշվեցին ՃԿԿ-ի մասնագետների ուսուցումն ու վերապատրաստումը, միջգերատեսչական փոխգործակցության օրինակները, տեխնիկական աջակցությունն ու փրկարարների կամավորական շարժման հիմնումը:

Շրջելով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում` ամերիկացի հյուրերը բարձր գնահատական տվեցին կենտրոնին եւ «911» ծառայությանը:

ԱԻՆ պատանեկան փրկարարական թիմ

Սեպտեմբերի 17-23-ը ՀՀ ԱԻՆ փրկարարների մանկապատանեկան թիմը մասնակցել է Բելառուսի կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպված պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին:

Հավաքի հիմնական նպատակն է օգնել պատանիներին ձեռք բերելու արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններ և խթանել համագործակցությունը տարբեր երկրների պատանի փրկարարների միջև: Այնտեղ թիմեր էին ներկայացված տարբեր մայրցամաքների 14 երկրներից: ԱԻՆ պատանեկան թիմում ընդգրկված էր 12-16 տարեկան 7 երեխա (2 աղջիկ և 5 տղա): Հավաքի ընթացքում նրանք մասնակցել են հրշեջ, փրկարարական, առաջին բուժօգնության թեմաներով և գեղարվեստական տարբեր մրցույթների ու դաշտային ուսումնավարժությունների` պարգևների արժանանալով «Տասնամյակի դեբյուտ» և «Լավագույն թերթ» անվանակարգերում: Սեպտեմբերի 21-ի միջոցառումների շարքում «Զուբրյոնոկ» հավաքում նշվել է նաև ՀՀ Անկախության օրը, և Հայաստանի հիմնը հնչելու ժամանակ բոլոր երկրների թիմերը ոտքի են կանգնել` որպես հարգանքի նշան։

Իրանի դեսպանն ԱԻՆ-ում

Սեպտեմբերին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռայիսիին։ Վերջինս Ա. Երիցյանին է փոխանցել ԻԻՀ ՆԳ նախարարի ջերմ ողջույնը, շնորհակալություն հայտնել Իրանում ուժեղ երկրաշարժից տուժած մարդկանց մարդասիրական օգնություն ուղարկելու համար ու ԱԻ նախարարին հրավիրել Թեհրան։ Մոհամմադ Ռայիսին նշել է, որ մեր երկրների միջև ստեղծվել են ջերմ, բարեկամական հարաբերություններ և համագործակցությունը կարող է շատ արդյունավետ լինել։

ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» վարժանքը Հայաստանում

Հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցավ ՀԱՊԿ արտակարգ իրավիճակները համակարգող խորհրդի 4-րդ նիստը: Նիստին մասնակցում էին ՀԱՊԿ քարտուղարության, անդամ-երկրների ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա. Բաղդասարյանը: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ուսումնավարժություններն անցկացվեցին Հայաստանում։ Դրանք նվիրված էին Հավաքական անվտանգության պայմանագրի կնքման 20-ամյակին:

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունները, որոնցում ի թիվս ՀԱՊԿ անդամ երկրների ուժային տարբեր կառույցների` ներգրավված են նաև ՀՀ ԱԻ նախարարության ուժերը:

ԱԻՆ-ը` արդյունավետ գործընկեր

Հոկտեմբերին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Յուկիհիկո Էջիրին և Ուզբեկստանի գրասենյակի Կովկասի համակարգող Օկի Սուգիմոտոյին։ Այցի հիմնական նպատակն էր ամփոփել մինչ հիմա ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համագործակցության արդյունքները և նախանշել հետագա անելիքները: Այս տարի ավարտվեց ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության համատեղ «Հայաստանում սեյսմիկ ռիսկի գնահատման և կառավարման պլանավորման» երկամյա ծրագիրը։ Գործակալության ներկայացուցիչները հավաստեցին, որ իրենք կանեն ամեն հնարավորը, որպեսզի համագործակցությունը շարունակական լինի` ընդգծելով, որ նախանշվող ծրագրերում, որոնք հիմնականում կապված են սողանքների կանխարգելման հետ, ԱԻՆ-ը լինելու է ճապոնական գործակալության հիմնական գործընկերը։

ՀԱԷԿ արձագանքման համակարգը հուսալի է գործում

Հոկտեմբերին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը Հայաստանում անկախ դիտարկում էր անցկացնում` ՀՀ-ում միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման պատրաստվածության վերաբերյալ: Նպատակը` դիտարկման ընթացքում թերություններ հայտնաբերելու դեպքում, երկրին համապատասխան մասնագիտական օգնություն տրամադրելն էր: Առաքելության ավարտին ԱԷՄԳ-ի փորձագիտական խումբը հայտարարեց, որ վստահորեն կարող է ասել, թե Հայաստանում միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում արձագանքման համակարգը, իրոք, շատ հուսալի է գործում:

Հայաստանում կստեղծվի ԱԻ մարդասիրական տարածաշրջանային կենտրոն

Հոկտեմբերին Մոսկվայում ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Վ. Պուչկովին։ Հանդիպման ընթացքում նախարարները ստորագրել են մարդասիրական արձագանքման հայ-ռուսական կենտրոնի ստեղծման մտադրությունների մասին արձանագրություն։ Այդ կենտրոնի հիմնական խնդիրն արտակարգ իրավիճակներում մարդասիրական արձագանքման ապահովումն է։

Համաձայնագիրը հնարավորություն կտա բարձրացնել փոխգործակցության և ԱԻ հետևանքների վերացման գործողությունների համակարգման արդյունավետությունը, ստեղծել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև արդյունաբերական վթարների կանխարգելման, տարերային աղետների և հետևանքների վերացման մասին կնքվելիք համաձայնագրի իրականացման գործուն մեխանիզմ։

Այսուհետ ՌԴ ԱԻՆ ճգնաժամային իրավիճակներում կառավարման ազգային կենտրոնի և ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև լինելու է տեղեկատվության ամենօրյա փոխանակում։

Արդյունքներն ամփոփվում են, հետագա անելիքները` նախանշվում

Դեկտեմբերին ԱԻ նախարար Ա. Երիցյանը ընդունել է վերջերս նշանակված, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Պատրիս Կոր-Բիզոյին: Վերջինս նշեց, որ մեծապես տպավորվել է կատարված ահռելի աշխատանքով և ձեռքբերումներով: Այս հանդիպման հիմնական նպատակն էր անդրադառնալ արդյունքներին և քննարկել հետագա պլանները: Պարոն Կոր-Բիզոն նախարարին հայտնեց, որ իրենց համագործակցությունը ՀՀ ԱԻ նախարարության հետ շարունակական կլինի` նշելով, որ ՄԱԶԾ-ը պատրաստ է աջակցել նոր ծրագրերի իրականացմանը:

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում

Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ԱԻՆ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչներ` Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը, ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի աշխատակից Ստեֆեն Էլգերսման։

Դեսպաններն առաջին անգամ էին այցելում ԱԻ նախարարություն և տպավորված էին տեսածով։

-Ձեր կատարած աշխատանքն արժանի է շատ բարձր գնահատականի,- ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթի Լիչը,- ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց այն ամենն, ինչ այստեղ տեսա, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ դա ընդամենը մի քանի տարվա եռանդուն ու նվիրված աշխատանքի արդյունք է։

ՆԱՏՕ-ն գնահատում է ՀՀ ԱԻՆ ձեռքբերումները

Դեկտեմբերին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի շտաբկայանում, տեղի ունեցավ աննախադեպ մի հանդիպում ճկուն ձևաչափով. ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրները` դեսպանների մակարդակով, Հայաստանի գործընկեր երկրների հետ հանդիպեցին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանին: Քննարկման թեմաներն ԱՌՆ ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն էին ու առաջացած կարիքները` կենտրոնանալով ճգնաժամային կառավարման կենտրոնի վրա:

Բրյուսելում Ա. Երիցյանին ընդունել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի գործողությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Սթիվեն Էվանսը: Դեսպան Էվանսը բարձր գնահատեց Հայաստանի ներդրումն ու զգալի առաջընթացն աղետների ռիսկի նվազեցման և արձագանքման ոլորտում, նրա ակտիվ մասնակցությունը ՆԱՏՕ-ի կազմակերպած միջոցառումներին: Պարոն Էվանսը հատուկ շեշտեց Հայաստանում կազմակերպված «Արմենիա 2010» ուսումնավարժության բարձր մակարդակը: Հաջողություն մաղթելով Ա. Երիցյանին` դեսպանը վստահություն հայտնեց, որ անընդհատ իր ներուժը հզորացնող ԱԻ նախարարությունը, նաև ՆԱՏՕ-ի աջակցությամբ, իր լուրջ ներդրումը կունենա ոչ միայն ԱՌՆ, այլև արձագանքման գործողություններում:

Դեսպան Ֆրանչեսկա Տարդիոլին, ով պատասխանատու է Դաշինքի քաղաքացիական-ռազմական պլանավորման, ճգնաժամային կառավարման քաղաքականության ու գործառույթների, բարձր մակարդակի քաղաքական-ռազմական վարժանքների համար, նշեց, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է արձանագրել աղետների ռիսկի նվազեցման և արձագանքման, մասնավորապես` ճգնաժամային կառավարման ոլորտում։

Այս խորագրի վերջին նյութերը