Լրահոս

27.12.2012 19:19


Նարինե Մկրտչյանը իր փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի առանց ընտրագրավի վճարի անդորրագրի

Նարինե Մկրտչյանը իր փաստաթղթերը ԿԸՀ կներկայացնի առանց ընտրագրավի վճարի անդորրագրի

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի դիմումը քաղաքացիներին.

«Սիրելի հայրենակիցներ,

երբ ես հայտարարեցի 2013թ. փետրվարի 13-ի ՀՀ նախագահի ընտրություններում առաջադրվելու իմ  մտադրության մասին, այն ես հիմնավորեցի Հայաստանի ներկայի և ապագայի հանդեպ խոր մտահոգությամբ: Ես առաջարկել և առաջարկում եմ փոփոխությունների ճանապարհը՝ լայնատարած, խորքային, արմատական փոփոխությունների, որի առաջին և անհրաժեշտ քայլը իշխանափոխությունն է՝ քաղաքական ներկա վերնախավից մինչև գործող քաղաքական համակարգի ապամոտնաժում: Անարդարությունն ու անօրինականությունը, կաշառակերությունն ու կոռուպցիան, ցինիզմն ու քամահրանքը հասարակության անդամների  նկատմամբ, գործազրկությունն ու ունեզրկությունը, տնտեսական մրցակցության բացակայությունը և մենաշնորհների գոյությունը, ապօրինություններն ու անպատժելիությունը՝ առաջացնելով արտագաղթի աննախադեպ ալիք, դարձել են այս համակարգի անբաժան ուղեկցիները, և դրանք վերացնելու ճանապարհը գիտակցված մարտահրավերն է այդևայլ երևույթների և դրանք մարմնավորղ իշխանությունների հանդեպ: Այդ մարտահրավերը ես նետել եմ և այն կարող է իրականություն դառնալ հասարակության աջակցությամբ և գործուն մասնակցությամբ: 

Սիրելի հայրենակիցներ, 

ես կներկայացնեմ իմ փաստաթղթերը ԿԸՀ՝ առանց ընտրագրավի վճարի անդորրագրի: Ես շարունակում եմ մնալ ընտրապայքարի մեջ այնքան, քանի դեռ դա թույլ է տալլիս գործող Ընտրական օրենսգիրքը, որն ամրագրել է թույլ, վախեցած, անարի իշխանությունների պահանջը՝ 8 միլիոն դրամ ընտրարգավի չափը, որը սահմանված է նրա համար, որ որևէ մտավորակական, իր աշխատավարձին ապավինած մարդ մոտ չգնա նախագահի ընտրություններին՝ չունենալով այդքան գումար: Այս ընթացքում ես ֆինանսական աջակցության համար դիմել եմ հայաստանցի բազմաթիվ գործարարների: Սակայն նրանք կաշկանդված են, վախեցած. Սերժ Սարգսյանի ստվերը հետապնդում է նրանց: 

Ընտրապայքարի այս կարճ ժամանակահատվածում ընտրագրավին ես չեմ անդրադարձել հուսալով, որ աջակցություն կգտնեմ: Սակայն այս պահին այդ խնդիրը մնում է չլուծված: Ես չեմ դիմել հասարակությանը դրամահավաքի համար՝ հաշվի առնելով սոցիալական բարդ վիճակը: Ես հրաշքների չեմ հավատում, վստահ, որ հրաշքը մենք պիտի ստեղծենք: Ես մնում եմ ընտրապայքարի մեջ այնքան, որքան այդ հնարավորություն կտան օրենքը, առաջադրման հնարավորության այս մի քանի օրերը և հասարակությունը՝ գործուն աջակցությամբ:

ՀՀ նախագահի ընտրության քաղաքական բոյկոտին դեմ լինելով՝ հանուն քաղաքական համաձայնության կողմ եմ նաև միանալ այդ բոյկոտին: Անկախ ընտրապայքարին իմ մասնակցության հեռանկարից՝ ուզում եմ վստահեցնել ձեզ, սիրելի հայրենակիցներ, ես փորձել եմ ձեր մեջ հույս և պատասխանատվություն արթնացնել Հայաստանի ապագայի հանդեպ և այդ հնարավորությունը տեսել եմ, չհավատալով ազատ ընտրություններին՝ փորձել եմ ձեզ ընտրության հնարավորություն ընձեռել: 

Հայաստանի անկախությունից ի վեր իմ հոդվածներով ես զրուցել եմ ձեզ հետ և այդ զրույցը չի ավարտվել: Ես ձեզ հետ եղել եմ ազնիվ, անկեղծ և շիտակ: Իմ կյանքում ես գործել եմ՝ ականջ դնելով իմ սրտին և առաջնորդվելով բանականությամբ: 

Նույնն էլ ձեզ եմ ցանկանում՝ ականջ դրեք ձեր սրտին և գործեք բանականությամբ»: 

Այս խորագրի վերջին նյութերը