Կարծիք

27.12.2012 17:46


«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

«Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

Ցավով տեղեկացա, որ 2012 թվականի 10 լավագույն մարզիկների ցանկում մարզական լրագրողները չեն ընդգրկել Հայաստանի ու Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին։

Ցավս կրկնակի դարձավ, երբ կարդացի այն մասին, որ Հենրիխ Մխիթարյանը հետ է վերադարձրել Հայաստանի օլիմպիական կոմիտեի ոսկե շղթան։

Այս ամենը հուշում է, որ սպորտը քաղաքականացնելու և մերոնք–ձերոնք խաղալու անցանկալի ավանդույթները մեզ մոտ շարունակվում են։ 

Հենրիխ Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, բայց ակնհայտորեն մտել է մի դաշտ, որին ինքը չի տիրապետում։ Գագիկ Ծառուկյանի դեմ արված իր քայլը ցույց է տալիս, որ նա չգիտի, որ լավագույն մարզիկներին Ծառուկյանը չի որոշում։ Նրան ակնհայտորեն սխալ տեղեկություններ են հաղորդել։  

Օլիմպիական կոմիտեի ոսկե շղթան վերադարձնելը ցույց է տալիս նաև, որ դաշտում իրեն ազատ զգացող ու բոլորիս հաճելի պահեր պարգևող Մխիթարյանը այնքան էլ ազատ չէ ՀՖՖ նախագահի ճնշումներից կամ «բարի» ցանկություններից։ Իսկ դա արդեն եռակի ցավի պատճառ է դառնում, որովհետև կրկին բախվում ենք սիրել–չսիրելուն, սվոյի ու չուժոյի անիմաստ խնդրին։

«Նվագախմբի տղաները» ֆիլմում մի հայտնի ձևակերպում կա. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»։ Ես այդ ձևակերպմանը դեմ եմ, որովհետև բոլորն էլ պետք է «զբաղվել պոլիտիկա», բայց մրցանակների ու հուշամեդալների տալ–առնելու այս պատմության հետ կապված հաստատ կողմ եմ, որպեսզի «մուզիկանտ», այսինքն՝ հայտնի ու սիրված ֆուտբոլիստ «չզբաղվել պոլիտիկա»։ Մանավանդ որ այդտեղ «պոլիտիկա» չկա, այլ կա բանսարկություն և թայֆաբազություն։

Վահագն Բարսեղյան

Այս խորագրի վերջին նյութերը