Լրահոս

27.12.2012 15:47


Սարյան–Բուզանդ փողոցների հատման հարակից հատվածում կկառուցվի «Համազգային» թատրոնի շենքը

Սարյան–Բուզանդ փողոցների հատման հարակից հատվածում կկառուցվի «Համազգային» թատրոնի շենքը

ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քառ. մետր մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։ Կառավարության հաղորդագրությունում ասվում է, որ ի գիտություն է ընդունվել, որ նշված հողամասում շենքի կառուցումն իրականացվելու է «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցների հաշվին։
Գործադիրը «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին թույլատրել է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի Աստվածընկալ վանքի վերականգնման պայմանագրերում կատարել փոփոխություններ այն հաշվով, որպեսզի նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը երկարաձգվի մինչև 2013 թ. նոյեմբերի երրորդ տասնօրյակը։ Նաև թույլատրվել է նշված պայմանագրերի ֆինանսավորումն իրականացնել ՀՀ մշակույթի նախարարության 2012 թ. բյուջետային ընդհանուր հատկացումների շրջանակում։ Ակնկալվում է վանական համալիրի կառույցները փրկել քայքայումից և ոչնչացումից, գիտական հիմնավորմամբ ամրակայել, վերականգնել և օգտագործել դրանք։
Կառավարության որոշմամբ Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեին հատկացվել է 50 մլն դրամ։

Այս խորագրի վերջին նյութերը