Լրահոս

27.12.2012 12:31


Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի. Իվանիշվիլին կատարում է խոստումը

Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի. Իվանիշվիլին կատարում է խոստումը

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվել է  նաև «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Վերջինս ազատ կարձակվի  օրենքն ուժի մեջ մտնելու պահից: Այս մասին «Հետքին» հայտնել է Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:

 «Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվի ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, որն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝ դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերում է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կտարածվի մեծ թվով բանտարկյալների վրա, և նախատեսում է նրանց պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով:

 Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից:  Նա  կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Չախալյանը Վրաստանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է:

190 բանտարկյալներ, ովքեր Վրաստանի խորհրդարանի կողմից ճանաչվել են քաղաքական հալածյալներ, ազատ կարձակվեն, և նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները կհանվեն: Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չընդգրկեց որոշ պատգամավորների ելույթներից հետո: Սակայն խոստացել են վերանայել Վահագնի գործը: Տոներից հետո պարզ կդառնա, ի վերջո, Վահագնին կընդգրկեն քաղբանտարկյալների ցուցակում, թե ոչ:

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը