Լրահոս

26.12.2012 17:37


Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

Ներկայացվել են հանրակրթության ոլորտի 2012 թվականին կատարված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ընթացքում, ամփոփելով հանրակրթության ոլորտում 2012 թվականին իրականացված աշխատանքները, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նշել է, որ տարին աչքի է ընկել նշանակալից ձեռքբերումներով: Քաղաքապետարանի ենթակայության 161 դպրոցներից 41 ում ներառական կրթություն է ստանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 1180 աշակերտ: Նման ծրագիր է իրականացվում նաև թվով 6 մանկապարտեզներում, որոնցում ներկառուցվել են թեքահարթակներ ինչպես մուտքերում, այնպես էլ շենքերի ներսում: Երևանի քաղաքապետարանի և «Յու Քոմ» ընկերության համագործակցության արդյունքում 15 դպրոցներ կկարողանան հեռուստակամուրջներ կազմակերպել արտերկրի տարբեր կրթօջախների հետ: Քաղաքապետարանի աջակցությամբ դպրոցները համալրվել են շախմատի կաբինետներով ու անհրաժեշտ գույքով: ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մինչ օրս ատեստավորվել է շուրջ 10100 ուսուցիչ: Երկու գերատեսչությունների համագործակցության արդյունքում կազմակերպվել են նաև առարկայական օլիմպիադաներ, որոնց  հաղթողներին պարգևատրել է անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Յունեսկոյի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով դպրոցներում ուսումնամեթոդական բազմաբնույթ միջոցառումներ են կազմակերպվել: Կրթության ոլորտում Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի  հետ համագործակցության շրջանակներում  այդ քաղաքներից եկած պատվիրակությունները երևանյան դպրոցներում իրականացրել են մի շարք սեմինարներ և դասընթացներ: Իսկ ֆրանկոֆոն երկրների քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի կողմից Երևանի 3 դպրոցներում բացվել են լինգոֆոնային կաբինետներ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սիրիահայ 270 երեխա ընդունվել է Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոց, որտեղ քաղաքապետարանի տեխնիկական աջակցությամբ բացվել է  նաև Կիլիկյան վարժարանը, իսկ աշակերտները մասնակից են դարձել  բազմաթիվ մշակութային միջոցառումների: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական հսկողությամբ քաղաքապետարանի ենթակայության  դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները ապահովվել են  ջեռուցմամբ: Վերացվել են նաև նախկինում ոչ լիարժեք ջեռուցվող դպրոցների թերությունները: Քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դառնալուց հետո մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 24000-ից հասել է 31500-ի: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի հանրակրթության և վերահսկողության վարչությունները երեխաներին մատուցվող սննդի որակի և այլ բաղադրիչների վերահսկման նպատակով պարբերաբար հսկողություն են իրականացրել մանկապարտեզներում: Հայտնաբերված թերությունների հետևանքով 6 տնօրեն ազատվել է աշխատանքից, ևս 8-ը ստացել են նկատողություններ:  Մանկապարտեզների գույքի թարմացման և վերանորոգման մասով անցկացվել է նաև մոնիտորինգ, որի արդյունքում տասնյակ մանկապարտեզներ նորոգվել են, համալրվել նոր գույքով, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն 2013 թվականին: Այս տարի հիմնանորոգման ենթարկվեց Նուբարաշեն վարչական շրջանում գործող միակ մանկապարտեզը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը