Լրահոս

26.12.2012 16:35


Քննարկվվել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն ու ծրագրերը

Քննարկվվել է Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ընթացքն ու ծրագրերը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Սայաթ-Նովայի 300-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը զեկուցել է, որ 2012 թվականի սկզբից մեկնարկած միջոցառումները կշարունակվեն նաեւ 2013-ին: Մինչ այժմ հանրապետությունում՝ մայրաքաղաքում եւ մարզերում, կազմակերպվել են Սայաթ-Նովային նվիրված թեմատիկ ցուցահանդեսներ, երաժշտական փառատոններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, հոբելյանական ներկայացումներ, գիտական նստաշրջաններ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

Հրատարակվել է նաեւ «Սայաթ-Նովա 300» խորագրով գիրք, նկարահանվել է մեծանուն երգահանին նվիրված անիմացիոն ֆիլմ, որը հանրությանը կներկայացվի 2013 թվականին: Ներկայում ընթացքի մեջ են Սայաթ-Նովա մյուզիքլի նախապատրաստական աշխատանքները:

Տեղեկացվել է նաեւ, որ Սայաթ-Նովայի 300-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտնի մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2012-2013 թթ. օրացույցում:

Օրակարգային երկրորդ հարցով նիստի մասնակիցները հանդես են եկել Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված այլ միջոցառումների կազմակերպման մասին առաջարկներով: Մասնավորապես, առաջարկվել է Սայաթ-Նովային նվիրված գրականությունը եւ նյութերը թարգմանել տարբեր լեզուներով եւ միջազգաին միջոցառումների ընթացքում ներկայացնել միջազգային հանրությանը:

Այս խորագրի վերջին նյութերը