Լրահոս

25.12.2012 14:38


Հանձնաժողովի դիտակետում խանութների զեղչային քաղաքականությունն է

Հանձնաժողովի դիտակետում խանութների զեղչային քաղաքականությունն է
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին,  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում   հարուցվել են  վարչական վարույթներ կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Արայ», «Տեխնոլայֆ» և «Վեգա» խանութների հանդեպ:   
 
«Արայ»  և «Տեխնոլայֆ»  ընկերությունները մեղադրվում են հնարավոր անբարեխիղճ վարքագծի համար
Նշված ընկերությունները հարյուրավոր մարդկանց ուղարկել են sms  հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ և ստացեք մինչև 100 հազար դրամ զեղչ: 010222513»: Նույնաբովանդակ հաղորդագրություն ուղարկվել է նաև «Տեխնոլայֆ» խանութի կողմից։ Ակցիայի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար հնարավոր չի եղել միանալ նշված հեռախոսահամարին: Հաղորդագրություն ստացած շատ քաղաքացիներ, գայթակղվելով առաջին հայացքից բավականին շահավետ առաջարկից, այցելել են վերոնշյալ խանութների վաճառասրահներ, որտեղ պարզվել է, որ ակցիան տարածվում է հատուկենտ, առավելապես բավականին բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա,  որոշ ապրանքների վրա գործում է  5-20 տոկոսի չափով զեղչ` վիճակախաղի սկզբունքով, իսկ  շատ այլ ապրանքներ ընդհանրապես զեղչված չեն եղել: Ընդ որում նույն պայմաններն ու գնային առաջարկները գործել են նաև այն հաճախորդների համար, ովքեր sms հաղորդագրություններ չեն ստացել: Հանձնաժողովը հսկիչ գնման միջոցով ձեռք է բերել որոշ ապրանքներ, որոնց վրա որևէ զեղչ չի գործել: Համաձայն օրենքի,  ապրանքի գովազդման կամ իրացման ընթացքում թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկությունների նշումը կամ այնպիսի տվյալների բացակայությունը, որը սպառողին հնարավորություն չի տալիս կազմելու ամբողջական պատկերացում, համարվում է հասարակության մոլորեցում: Հանձնաժողովի դիտարկմամբ, «Արայ» և «Տեխնոլայֆ» ընկերությունների կողմից կազմակերպված իբրև թե եզակի ակցիայի մասնակից ընտրված լինելու մասին սպառողներին հաղորդագրություններ ուղարկելը և մինչև 100 հազար դրամ զեղչ ստանալու հնարավորություն առաջարկելը, կարող է ապակողմնորոշել և մոլորեցնել սպառողներին: Վարույթի ընթացքում կուսումնասիրվի ընկերությունների վարքագիծը, որից հետո Հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը: 
 
«Վեգա» խանութի կողմից հայտարարված 110 տոկոս զեղչը ևս հայտնվել է Հանձնաժողովի դիտակետում
Ամանորին ընդառաջ խանութների զեղչային քաղաքականությունը ուսումնասիրելիս, Հանձնաժողովի դիտակետում է հայտնվել նաև կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեգա» խանութը, որը գնումներ կատարելիս սպառողներին խոստանում է մինչև 110 տոկոս զեղչ: Հարուցված վարույթի շրջանակում ՏՄՊՊՀ-ի մասնագետները կկատարեն ուսումնասիրություններ, ինչպես նաև արդեն իսկ «Վեգա» խանութից պահանջվել է ներկայացնել պարզաբանումներ՝ հայտարարված անհավանական զեղչի վերաբերյալ:   
Խանութների զեղչային քաղաքականությունը կվերահսկվի ՏՄՊՊՀ-ի կողմից 
Քանի որ Ամանորից առաջ հաճախ են գնորդներին տարբեր կերպ (sms հաղորդագրություններ, գովազդներ և այլն) իրազեկում զեղչերի մասին, ապա Հանձնաժողովը տեղեկացնում է, որ խանութների զեղչային քաղաքականությունը վերահսկվելու է անգամ նախատոնական և հետտոնական ոչ աշխատանքային օրերին: ՏՄՊՊՀ-ը  դիմում էն նաև սպառողներին, որպեսզի այն դեպքերում, երբ հայտարարված զեղչը չի համապատասխանում իրականությանը, կամ ակնհայտորեն մոլորեցնում է սպառողին, դիմեն Հանձնաժողովին գրավոր, կամ 010 54-40-04 թեժ գծի միջոցով: 
 
Միաժամանակ Հանձնաժողովը տնտեսվարողներին զգուշացնում է զերծ մնալ սպառողներին մոլորեցնելու և մրցակցային օրենսդրության խախտման ճանապարհով գործելուց և  տեղեկացնում է, որ անբարեխիղճ վարքագծի համար օրենքով նախատեսված պատժաչափը կազմում է օրինախախտ ընկերության տարեկան հասույթի մինչև մեկ տոկոսը: 

Այս խորագրի վերջին նյութերը