Լրահոս

25.12.2012 12:50


Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժամանակն է շտկելու այս ամենը»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժամանակն է շտկելու այս ամենը»

Արդեն առավել քան հստակ է, որ հանքարդյունաբերության աճը Հայաստանում համահունչ չի եղել պետական շահին եւ առավելապես ներկայացրել է արտոնյալների շահերը, որոնք հասցրել են կուտակել հսկայական ծավալների հասնող հարստություն, այն ժամանակ, երբ մեր երկիրը գլխիվայր սլանում է դեպի աղքատություն եւ հուսալքում:

Վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ եւ զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է:

Ժամանակն է շտկելու այս ամենը: Այսօր մենք միասնաբար պահանջում ենք.

1. Հանքարդյունաբերության շահագործման լիցենզիաների վերանայում` ներառյալ Թեղուտի շահագործվող հանքավայրը, որը գտնվում է Լոռու մարզի հիասքանչ անտառով պատված գոտում.

2. Օրակարգում գտնվող եւ հաստատման սպասող բոլոր լիցենզիաների առկախում՝ մինչեւ շահագործման արտոնությունների տրամադրման գործընթացի իրավական ու թափանցիկության հարցերին առնչվող համապարփակ, բազմակողմանի խորհրդարանական հետաքննության իրականացում.

3. Բնապահպանական օրենսգրքի ու հարկման մեխանիզմների վերաձեւակերպում` ապահովելով, որ ազգային հարստություններն այսուհետ շահագործվեն միմիայն հաշվի առնելով շրջակա միջավայրի եւ Հայաստանի քաղաքացու շահերը:

Մենք ամբողջապես աջակցում ենք Հայաստանի տնտեսական զարգացմանը, բայց այն իրապես տեղի կունենա սոսկ իրավունքի գերիշխանության, շրջակա միջավայրի հանդեպ խորը պատասխանատվության եւ հասարակ քաղաքացու` իր հայրենիքին տեր կանգնելու պարագայում:

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան 

Այս խորագրի վերջին նյութերը