Լրահոս

25.12.2012 00:29


Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայության պատճառով

Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայության պատճառով

2012թ. դեկտեմբերի 24-ին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր` Վլադիմիր Գրիգորյան) տեղի էր ունենալու 2011 թվականինի դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը: Սակայն այն հետաձգվեց երրորդ անգամ անընդմեջ: Նախորդ երկու դատական նիստերը հետաձգվել էին ամբաստանյալ, ՀՀ ԶՈւ գլխավոր վիրաբույժ Միքայել Միքայելյանի պաշտպանի բացակայության պատճառով: Այս անգամ դատական նիստի հետաձգման պատճառը հանդիսացավ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայությունը:

Դատական նիստի մասնակիցներին դատավորը հայտնեց, որ նիստը սկսվելուց 20 րոպե առաջ դատարանը գրություն է ստացել ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի ստորագրությամբ, որով հայտնվում է, որ Միքայել Միքայելյանը՝ որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր վիրաբույժ, ելնելով ծառայողական խիստ անհրաժեշտությունից՝ գտնվում է գործուղման մեջ եւ չի կարող ներկայանալ դատական նիստին: Դատարանը հայտնեց նաեւ ռազմաբժշկական վարչության աշխատակիցներից մեկի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին՝ աշխատակիցը հայտնել է, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին ամբաստանյալ Միքայել Միքայելյանը գործուղվել է Ստեփանակերտ մահացած նորակոչիկի դիահերձմանը մասնակցելու նպատակով:

Միաժամանակ դատավորը հայտնել է, որ եթե գրությունը ստանար ավելի վաղ, ապա տուժողի իրավահաջորդ Մովսես Խաչատրյանը կտեղեկացվեր դատական նիստի հետաձգման մասին, որպեսզի վերջինս «այդքան երկար ճանապարհ չանցներ» դատական նիստին ներկա գտնվելու համար:

Ելնելով վերը շարադրվածից՝ արձանագրում ենք.

*ամբաստանյալ Միքայել Միքայելյանի բացակայությունը դատական նիստից անհարգելի է, քանի որ որպես նիստին չներկայանալու հիմնավորում չի կարող հանդիսանալ ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի գրությունը

*դատավորը իրավական գնահատական չի տվել ամբաստանյալ Միքայել Միքայելյանի անհարգելի բացակայությանը

*դատավորը, չանդրադառնալով ամբաստանյալ Միքայել Միքայելյանի անհարգելի բացակայության հարցին, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալի գրությանը վերագրել է ավելի բարձր իրավական ուժ, քան ՀՀ օրենսդրությանը և իր անգործությամբ խախտելով ՀՀ դատական իշխանության անկախության սկզբունքը՝ չի անդրադարձել գործադիր իշխանության ներկայացուցչի՝ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի և նրա պաշտպանի կողմից դատարանի նկատմամբ ակնհայտ արհամարհական վերաբերմունքին:

Գտնում ենք, որ

*դատարանի կողմից նման պահվածքը կասկածի տակ է դնում ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան փաստով քրեական գործի արդար դատաքննության հնարավորությունը

*դատարանը ակնհայտ կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում Հայկ Խաչատրյանի մահվան փաստով քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ՀՀ ՊՆ ներկայացուցիչների նկատմամբ *դատարանը պարտավոր էր անդրադառնալ ամբաստանյալ Միքայել Միքայելյանի նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոցի վերացման հարցին՝ ապահովելու համար դատաքննության անխափան աշխատանքը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ

Այս խորագրի վերջին նյութերը