Լրահոս

24.12.2012 15:50


Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ

Տարեվերջյան աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփելով 2012 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ընդգծել է, որ համակարգված աշխատանքի շնորհիվ արդյունքները նկատելի են և գոհացուցիչ:

Անդրադառնալով մայրաքաղաքի վարչական շրջանների 2012 թվականի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքներին`Տարոն Մարգարյանը նշել է, որ տարվա կտրվածքով բարձր ցուցանիշներ են գրանցել և առաջին տեղը զբաղեցրել միանգամից երկու վարչական շրջան` Ավանը և Դավթաշենը: Երկրորդ և երրորդ տեղերում, համապատասխանաբար, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններն են:

Տոնական օրերին բնակչության ահազանգերին արագ արձագանքելու նպատակով հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններին քաղաքապետը հանձնարարել է աշխատել շուրջօրյա հերթապահությամբ և օպերատիվորեն արձագանքել հնարավոր բոլոր վթարային իրավիճակներին: Առողջապահական և շտապբուժօգնության ծառայություններին ևս հանձնարարվել է ապահովել օպերատիվ աշխատանք:

Քաղաքապետն առանձնահատուկ ընդգծել է տոն օրերին աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպման անհրաժեշտությունը: Հնարավոր տեղումների դեպքում էլ ձևավորված օպերատիվ շտաբերի միջոցով կիրականացվեն ձնամաքրման համապատասխան աշխատանքները:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ: Բացի այդ,  տոնական օրերին համապատասխան հսկողություն կիրականացվի ոչ միայն հաստատված չվացուցակների խախտումները  բացառելու, այլև երկարաժամյա ժամանակացույց ապահովելու ուղղությամբ: Զեկուցվել է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է ևս մեկ միկրոավտոբուսային երթուղի փոխարինել ավտոբուսայինով և Ամանորին ընդառաջ հանձնել բնակչությանը:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման և արտաքին լուսավորության ապահովման հիմնական աշխատանքներն ավարտված են:

Վարչական շրջանների, խանութների, բանկերի, քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների և այլ հիմնարկ-ձեռնարկությունների կողմից տարածքների ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթների ընթացքի վերաբերյալ Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, որ հիմնական ձևավորումներն ավարտված են, և առաջիկա օրերին արդյունքները կամփոփվեն: Լավագույնները քաղաքապետի կողմից կստանան համապատասխան խրախուսական մրցանակներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը