Լրահոս

24.12.2012 15:48


Նկատողություն կհայտարարվի գորգի մրցավարին և մեղավոր ըմբիշներին

Նկատողություն կհայտարարվի գորգի մրցավարին և մեղավոր ըմբիշներին

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ տեղի է ունեցել քննարկում, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության եզրափակչում երեկ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Դեկտեմբերի 21-ին, ազատ ոճի ըմբշամարտի 96 կգ քաշային կարգում հանդես եկող Էդգար Ենոքյանի և Անդրանիկ Գալստյանի եզրափակիչ մենամարտի վերջնահատվածում, գորգի մրցավար Գևորգ Հարությունյանը, իր կողմից սխալմամբ Ա. Գալստյանին տված 1 միավորը նրանից հանել և տվել է Է. Ենոքյանին, ինչից հետո մրցող ըմբիշների և նրանց երկրպագուների միջև ընդհարում է սկսվել:

Նախարարի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա էին նախարարի տեղակալներ Ս. Խաչատրյանը և Ա. Քարամյանը, ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ա. Բաղդատյանը և մրցավարական հանձնաժողովի նախագահ Ս. Հարությունյանը, մեկ անգամ ևս ուշադրությամբ դիտելով մրցամարտի տեսագրությունը, եկել են այն եզրակացության, որ իսկապես, նախօրոք միավորը Ա. Գալստյանին տալը մրցավարի կողմից սխալ է եղել, որը րոպեներ անց հենց մրցավարի կողմից ուղղվել է:

Նշենք, որ միջադեպը, նույն օրն իսկ հարթվել է, սակայն, ներկաները խիստ դատապարտելով երևույթը, որոշել են առաջարկել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային նկատողություն հայտարարել 2 ըմբիշներին, նրանց անձնական մարզիչներին և խիստ նկատողություն՝ գորգի մրցավար Գ. Հարությունյանին, չթույլատրելով նրան մասնակցել երկու մրցաշարերի, միաժամանակ հորդորելով ֆեդերացիայի ղեկավարությանը մեկ անգամ ևս լրջորեն ուսումնասիրել կատարվածը և անել համապատասխան եզրահանգումներ:

“Նման երևույթներն անհարիր են մարզաշխարհին և անհամատեղելի սպորտի հետ: Պետք է ավելի ուշադիր լինել և հետագայում բացառել նմանատիպ միջադեպերը”,- խստորեն հանձնարարել է Հրաչյա Ռոստոմյանը: 

Այս խորագրի վերջին նյութերը