Լրահոս

24.12.2012 15:42


Գետահովիտ համայնքում տեղի ունեցած լսումների վերաբերյալ

Գետահովիտ համայնքում  տեղի ունեցած լսումների վերաբերյալ

 ՀՀ բնապահպանության նախարար

Ա. Հարությունյանին

 ՀՀ Բնապահպանական փորձաքննության ՊՈԱԿ

տնօրեն Ա. Գևորգյանին

 Ի գիտություն`

ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին

 Ի գիտություն`

ՀՀ Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանին

 Հարգելի պարոնայք,

Ինչպես տեղյակ եք սույն թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում տեղի ունեցավ «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված  «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փոփոխված նախագծի վերաբերյալ հասարակական նախնական լսումները: Սույն հասարակական լսումներին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, Գետահովիտի համայնքի ղեկավարը, ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊԸ-ն ներկայացուցիչները, աշխատանքային նախագծի հեղինակը, Գետահովիտ համայնքի մոտ հարյուր բնակիչներ, «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ՀՀ ազգային Ժողովի պատմագավոր Զարուհի Բոստանջյանը և մի քանի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

Ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունը նախորդ անգամ ակնհայտ սխալ և ոչ հավաստի տվյալներ պարունակող աշխատանքային նախագիծ էր ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին` առանց Գետահովիտ համայնքում լսումներ անցկացնելու և 23.08.2012թ. ստացել էր թիվ ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն, որը հետագայում` 26.10.2012թ. ՀՀ բնապահապանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել (չեղյալ է համարվել): Այն չեղյալ ճանաչվեց Գետահովիտ համայնքի բնակիչների բողոքի և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների արդարացի պահանջների, ինչպես նաև այդ նպատակով 16.10.2012թ. ՀՀ բնապահպանության նախարարի թիվ 254-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունների հիման վրա (ի դեպ, այս խմբում ընդգրկված են նաև Գետահովիտ համայնքի 2 բնակիչ և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունից 2 ներկայացուցիչ):

       Սույն լսումներն անցան բուռն և թեժ մթնոլորտում, որի ընթացքում Գետահովիտ համայնքի ներկա գտնվող բնակիչները կտրականապես դեմ արտահայտվեցին նախագծին և հրաժարվեցին առհասարակ քննարկել այն` պատճառաբանելով Պաղջուր գետի վրա արդեն իսկ առկա և մոտ 4 տարի շահագործվող «Խաչաղբյուր-1» փոքր ՀԷԿ-ի բացասական հետևանքները, որի ոչ ճիշտ շահագործման արդյունքում արդեն էական մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, գյուղատնտեսությանը և համայնքին: Համայնքի բնակիչները հայտնեցին, նաև, որ ձեռնարկող «Մեգաէներջի» ՍՊ ընկերությունն այս կարճ ժամանակահատվածում «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման ընթացքում արդեն իսկ բնությանը զգալի վնաս է պատճառել, բայց մինչև այժմ պետական լիազոր մարմնի կողմից այդ վնասը չի գնահատվել և չի փոխհատուցվել: Համայնքի բնակիչները նշեցին նաև, որ տարածքում առկա են եկու արգելավայրեր` Իջևանի և Արջատխլենու, վտանգավոր սողանքներ, տարածքն ամբողջովին անտառապատ է, նշյալ փոքր ՀԷԿ-ի կառուցման արդյունքում վտանգի տակ են հայտնվելու համայնքի խմելու ջրի և Պաղջուր գետի ձկնային պաշարները, քանի որ գետի որոշ հատված կրկին վերցվելու է խողովակների մեջ, փաստացի այն ջրազրկվելու է, ինչը այժմ կատարվում է «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի շահագործման հետևանքով:

        Հետևաբար, հիմք ընդունելով վերոնշյալը, դահլիճում ներկա բնակիչների մոտ 99 տոկոսը միահամուռ դեմ արտահայտվեց, իրենց համայնքում նոր փոքր ՀԷԿ-ի կառուցմանը և տվեց բացասական կարծիք (հիշեցնենք, որ Գետահովիտի 1077 բնակիչներ իրենց այդ նույն կարծիքը դեռևս 2012 թ. նոյեմբերի 22-ին պաշտոնական նամակով ներկայացրել են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին): Լսումների մասնակիցները «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին առաջարկեցին անհապաղ մերժել «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից ներկայացված նոր աշխատանքային նախագիծը և այլևս չանդրադառնալ այդ նախագծի քննարկմանը:

          Սակայն Գետահովիտ համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը, մեր ունեցած տվյալներով, դեռևս չի կազմել սույն հասարակական լսումների արձանագրությունը և պաշտոնապես այն չի ներկայացրել «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Մեր կարծիքով Գետահովիտ համայնքի ղեկավարը ցուցաբերում է բացահայտ անգործություն և լիրաժեք չի կատարում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդ. իր վրա դրված պարտավորությունները. եթե 30 օրվա ընթացքում ազդակիր համայնքի կամ հասարակայնության կողմից առաջարկներ չեն ուղարկվում լիազորված մարմին, ապա ազդակիր համայնքի կարծիքը համարվում է դրական:

          Համայնքի ղեկավարի պասիվ դիրքը թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նա, չարաշահելով իր լիազորությունները, փորձում է անտեսել իր համայնքի բնակիչների բացասական կարծիքը և հրաժարվում է այդ մասին արձանագրության տեսքով հայտնել պետական լիազոր մարմնին` «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին, որը թույլ կտա վերջինիս ձեռնարկող ընկերությանը տալ աշխատանքային նախագծի վերաբերյալ բացասական եզրակացություն:

          Ավելորդ չենք համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջը` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

         Հանրության կողմից ձեզ ենք ներկայացնում նաև 06.12.2012թ. Գետահովիտ համայնքում տեղի ունեցած հասարակական լսումների տեսանկարահանումները.

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2ss2jirF5nk

https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=it-CEEg1qXc

http://www.shanttv.com/am/news/sundayshorizon/2012_12_09/12612/   35-րդ րոպեից

 «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը