Լրահոս

24.12.2012 20:13


Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նշեց իր հնգամյակը

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նշեց իր հնգամյակը

Դեկտեմբերի 22-ին Ջավախքում գործող կենտրոններից`  Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նշեց իր հինգ ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության  աշխատակազմը, սպորտի, երիտասարդության և մշակույթի բաժինը, լրատվական հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հրավիրված էին նաեւ ՀՀ-ի Կրթության եւ Գիտության, Սփյուռքի նախարարությունները, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններ , որոնք բացակայում էին ճանապարհների դժվարանցանելիության պատճառով:

Միջոցառման ժամանակ ընթերցվեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանի,  ՀՀ Սփյուռքի նախարար տիկին  Հրանուշ Հակոբյանի   եւ  ԱԵԿ-ի նախապատրաստական դասընթացների ծրագրի հովանավոր պարոն  Սամվել Մարգարյանի շնորհավորական ուղերձները:

Տոնական միջոցառման ընթացքում ելույթ ունեցան կենտրոնի պարի խմբերը, Վաչիան գյուղից հատուկ ժամանած խումբն իր պարային համարներով:  Հայերեն, անգլերեն և վրացերեն  բանաստեղծություններ ու երգեր կատարեցին կենտրոնի համապատասխան խմբերի աշակերտները: Եղան նաև հայրենասիրական երգեր:

Այնուհետեւ միջոցառման մասնակիցները մասնակցեցին կենտրոնի կողմից կազմակերպած հյուրասիրությանը և ընթացքում դիտեցին ֆիլմ:

Ֆիլմը համառոտ ներկայացնում էր Ախալքալաքի երիտասարդական կենտրոնի անցած ճանապարհն ու ներկան, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները:

Ֆիլմի ավարտին ԱԵԿ-ի տնօրեն Նաիրի Մնացականյանը խոսեց ֆիլմից դուրս մնացած այլ կարևոր հարցերի շուրջ:

Դրանից հետո շնորհավորանքները շարունակվեցին սեղանների շուրջ, ուր ամեն մեկն իր սրտի բարեմաղթանքն ուղղեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնին:

Տեղեկացնենք նաեւ, որ նմանատիպ կենտրոն գործում է նաեւ Ախալցխայում:

Այս խորագրի վերջին նյութերը