Լրահոս

24.12.2012 10:59


«Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

«Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմայով քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացավ 2012թ. վերջին բաց քննարկումը նվիրված «Խաղաղաշինությունը հակամարտությունից հետո» թեմային, որի ընթացքում իր զեկույցը ներկայացրեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, իսկ  կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները՝ ներառյալ Հայաստանի դեսպանը, հանդես եկան տվյալ թեմային առնչվող ելույթներով:
 
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն իր ելույթում, մասնավորապես, նշեց, որ կարգավորման գործընթացների ձգձգումը ոչ միայն վնասում է տարածաշրջանային համագործակցությունը եւ մեծապես սահմանափակում խաղաղաշինությանը միտված ջանքները, այլ նաեւ պարունակում է հակամարտությունների վերսկսման լրջագույն սպառնալիքներ:
 
Նա հավելեց, որ հակամարտությունից հետո ընկած ժամանակաշրջանը հնարավորություն է ընձեռնում խաղաղարար գործընթացի միջոցով կայուն զարգացման հիմքեր ստեղծել մեր տարածաշրջանում, որի համար առաջին հերթին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք ու վճռականություն:
 
Դեսպան Նազարյանը նշեց նաեւ, որ ԱԽ հաճախակի է անդրադառնում նշված թեմային՝ դրանով իսկ կարեւորելով խաղաղաշինության գործընթացների եւ մեխանիզմների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու հակամարտությունների վերսկսումը, եւ որոնք հանդիսանում են հարատեւ անվտանգության եւ կայունության, խաղաղության ու զարգացման անհրաժեշտ նախադրյալներ:
 
ԱԽ դեկտեմբերի 20-ի նիստի արդյունքում ընդունվեց նախագահական հայտարարություն:
 
Տեղեկանք՝ 2005թ. դեկտեմբերի 20-ին ի կատարումն ՄԱԿ-ի գագաթաժողովի որոշման ԱԽ-ի եւ ԳԱ-ի որոշմամբ ստեղծվեց ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովը, որը միջկառավարական խորհրդատվական մարմին է: ՄԱԿ-ում գործում է նաեւ Խաղաղաշինության հիմնադրամը եւ Խաղաղաշինության աջակցման գրասենյակը, որոնք իրենց գործունեությունը կազմակերպում եւ համակարգում են  կառավարությունների, քաղաքացիական հասարակության, միջազգային ֆինանսական հաստատությունների, դոնորների ու տարածաշրջանային դերակատար կառույցների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը