Հարցազրույց

24.12.2012 14:01


Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան

Հարցազրույց իրավաբան, պրոդյուսեր Ալեն Սիմոնյանի հետ

–Հայաստանի նորագույն պատմության ևս մեկ տարի ավարտվեց։ Ի՞նչ ձեռքբերումներ և կորուստներ ունեցանք։

–Շատ բովանդակալից հարց է։ Փորձեմ հնարավորինս կարճ պատասխանել։ Որպես ձեռքբերում կցանկանայի նշել գիտակցության բարձրացումը, որն ակնհայտ է։ Ակնհայտ է նաև, որ եթե ընտրությունների հարցում մեկ քայլ առաջ բնորոշումը շատ վիճելի է, ապա հասարակության գիտակցությունը տարի առ տարի իրոք առաջ է գնում։ Իսկ մեծագույն կորուստ եմ համարում արդարության նկատմամբ հավատի կորուստը, քանզի նույնիսկ այն պարագայում, երբ պետական մարմինը անում է մի բան, որ իրոք լավ է, քաղաքացին ծուղակ է փնտրում և դրան էլ չի վստահում՝ ընդհանուր անարդարության մթնոլորտում ապրելով։  

Ինչո՞վ կարևորվեց այս տարին մեր ժողովրդի համար։

Բռնությանը «ոչ» ասելով, բռնությունը մերժելով։ Ապագայում ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ մերժողականությունը դառնա համընդհանուր դատափետելի։  

Ի՞նչ դասեր կարող ենք քաղել 2012–ից, և հատկապես ի՞նչը պետք է աշխատենք չկրկնել այլևս երբեք։

–Կարծում եմ՝ այդ առումով դասեր քաղելու համար մենք թույլ ենք, մենք չենք սովորում մեր սխալների վրա, նույնիսկ քաղաքական լուրջ դեմքերը չեն սովորում իրենց ու նախորդների սխալների վրա։ Դասեր քաղելու համար հարկավոր է ունենալ գիտակցություն՝ քաղաքացիական գիտակցություն։ Մենք դա դեռ չունենք, ցավոք։ Բայց միանշանակ գնում ենք դեպի դա։

Արդյոք այս տարի ժողովրդի անկումային և հիասթափված տրամադրություններն իրենց գագաթնակետին չե՞ն հասել։

–Ոչ, չեն հասել, ոչ թե նրա պատճառով, որ դա այդպես չէ, այլ այն հասարակ պատճառով, որ Հայ մարդն ունի շատ ուժեղ ինքնապաշտպանական բնազդ։ Մենք պատրաստ ենք դիմակայել ամեն ինչի՝ թուրքին, մոնղոլին, սովին և պատերազմին, ու պահել մեր տան ճրագը՝ անցկացնելով դարերի միջով։ Բայց... կարող է և վիճակը շատ ավելի լավ լինել, քան այսօր, և հայ մարդը, որ փղի նման մեծ, ուժեղ և հանգիստ է, մի փոքր բանի պատճառով լցված համարի համբերության բաժակը և ոտնատակ անի իրեն ցավացնողին։ Մի՛ հասցեք դրան, քանզի չգիտես, թե այդ վերջին կաթիլը որը կլինի։   

Ինչպիսի՞ն եք տեսնում 2013–ը։ Առավել ևս, որ մեր երկրում նախագահական ընտրություններ են սպասվում, իսկ ՀՀԿի թեկնածուն էլ մեզ առաջարկում է՝ Սա Հայաստանն է և վերջ, կամ էլ թե՝ Առաջ, դեպի ապահով Հայաստան։

Սկսեմ հարցի վերջից։ Կարգախոսը կարևոր չէ։ Իրոք դրանք ուղղակի խոսքեր են, ինչն ապացուցում է կյանքը՝ նույն մի քանի օրվա «ապահով» Հայաստանի քաղաքական առօրյան։ Խոսքեր, որ ես կօգտագործեմ չինովնիկի դեմ, որ իմ հետ, բնականաբար, շարունակելու է Դու–ով խոսել և այլ տեղերում, բայց գործնական առումով կբնորոշեմ այսպես՝ կարգախոսը կարող էր լինել չինարեն և վերաբերեր մանդարինների աճեցմանը, բայց մեր կյանքում այն բան չի փոխելու, ինչպես և նախորդները չեն փոխել։ Իսկ 2013–ը լինելու է ևս մեկ տարի, որով մենք  կհեռանանք սովետական Հայաստանից, սովետական չինովնիկի մտածելակերպից, որով մենք կգնանք դեպի սերնդափոխ Հայաստան, գիտակցության զարգացնող Հայաստան։ Ու այդ ամենը կլինի ոչ թե չնովնիկի խոսքի շնորհիվ, այլ հայ մարդու գենի, հայ մարդու որակի հաշվին, որը ես անկեղծ շատ եմ սիրում։  

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը