Տնտեսական

22.12.2012 11:45


12-ամսյա գնաճը կազմել է 3,6%

12-ամսյա գնաճը կազմել է 3,6%

2012թ. նոյեմբերին արձանագրվել է 1.4% գնաճ, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի՝ նոյեմբերի գնաճին կրկին գերակշռող ազդեցություն է ունեցել պարենային ապրանքների գների աճը՝ 2.4%, որի կառուցվածքում զգալի աճ է դիտվել «Հացամթերք», «Մսամթերք», «Կենդանական և բուսական յուղ» և «Բանջարեղեն և կարտոֆիլ» ապրանքախմբերի գներում` համապատասխանաբար 10.7%, 3.5%, 3.4% և 1.7% (նպաստումը` 1.1, 0.4, 0.1 և 0.1 տոկոսային կետ):

Նոյեմբերին բնականոն գնաճը ցուցաբերել է հիմնականում կայուն վարքագիծ՝ գրանցելով ընդամենը 0.4% գնաճ, որի պարագայում 12-ամսյա ցուցանիշը պահպանվել է 3.5% մակարդակում:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ. հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 7.2%: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի թողարկման ծավալների աճերով` համապատասխանաբար 10.0% և 8.2%: Շինարարության և ծառայությունների ճյուղերի թողարկման ծավալների աճերը կազմել են համապատասխանաբար 4.5% և 5.7%:

 Ըստ ԿԲ գնահատումների, տարին կավարտվի մասնավոր սպառման 7.9% և մասնավոր ներդրումների 4.4% աճով: Հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը համախառն պահանջարկի վրա գնահատվում է զսպող` պայմանավորված պետական ծախսերի տնտեսումներով:

Այս խորագրի վերջին նյութերը