Հարցազրույց

21.12.2012 19:42


Արամ Հարությունյան

Արամ Հարությունյան

Հարցազրույց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի հետ

–ԱՀԿ–ը որոշել է Ձեր թեկնածությունն առաջադրել 2013թ. նախագահական ընտրություններում։ Ինչի՞ց ելնելով է այդպիսի որոշում կայացվել։

–Կուսակցությունում տարբեր կարծիքներ կային՝ և՛ բոյկոտել ընտրությունները, և՛ մասնակցել, բայց մեծամասնությունը, այդ թվում նաև ես՝ որպես կուսակցության խորհրդի նախագահ, նպատակահարմար գտանք առաջադրվելը։ Այսօր վիճակն այնպիսին է, որ քաղաքական ուժերն իրենց մասնաբաժինը պետք է ունենան այս իշխանություններից, կոպիտ ասած, պրծնելու գործում։ Իհարկե, եթե բոլորը բոյկոտեն, այլ հարց է։ Բայց քանի որ համոզված եմ՝ բոլորը չեն բոյկոտելու, մասնակցությունը ճիշտ է։ Հատկապես երկրորդ փուլի համար է կարևոր, որ թեկնածուները շատ լինեն։ Եթե երկու թեկնածու լինի, պարզ է՝ իշխանությունները ընդամենը մեկ անգամ պետք է կեղծեն, և ձայները բաժանվեն երկու մասի՝ մի մասը մեծ լինի մյուսից։ Իսկ երբ մի քանի թեկնածու լինի, և նրանց միավորողը լինի «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»–ի ուղղությամբ համագործակցությունը, շատ ավելի դժվար կլինի իշխանությունների համար։

–Ճի՞շտ հասկացա, որ Ձեր առաջադրումը զուտ մարտավարական խնդիր ունի, և մասնակցելու եք ոչ թե կոնկրետ Ձեր հաղթանակի, այլ պարզապես մասնակցության համար։

–Հայաստանում երբեք նորմալ ընտրություններ չեն եղել, միշտ վարչական ռեսուրսը և փողն է որոշել։ Ես ուզում եմ հավատալ, որ գոնե այս անգամ հնարավոր կլինի իրոք լուրջ պայքար մղել։ Չէ՞ որ մի կողմում իշխանությունն է, որ տապալել է այս հինգ տարին, մյուս կողմում՝ մնացածը, իսկ այդ մնացածի մեջ շատ կարևոր է կենսագրությունն ու անցած ճանապարհը։ Այդ իմաստով ոչ թե մասնակցում ենք մասնակցելու համար, այլ մենք մեր ակտիվությամբ պետք է նպաստենք, որ լինի երկրորդ փուլ։ Թե ո՞վ կլինի երկրորդ փուլում... եթե ես էլ չլինեմ, ապա ընդդիմությունից ով էլ լինի, ես պատրաստ եմ օգնելու։ Ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ էին քաղաքական ուժերը անկեղծ համագործակցում, բացի մի քանիսից, կարծում եմ՝ նույնն էլ պետք է լինի այս ընտրությունների ժամանակ։ Շատ կարևոր է, որ մինչ երկրորդ փուլը շատ թեկնածուներ լինեն։ Իհարկե խոսքն այն թեկնածուների մասին չէ, որ ուղղակի առաջադրվել են կամ կոնկրետ նպատակով են առաջդրվել։ Ի դեպ, թեկնածուներ կային, որ երբ ԲՀԿ–ն չմասնակցեց, իրենք չառաջադրվեցին։ Օրինակ՝ Արամ Սարգսյանը։ Ես հաստատ համոզված եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր, ապա Արամ Սարգսյանն էլ անպայման կառաջադրվեր։ Իսկ հիմա Արամ Սարգսյանը պարզապես թիրախ չունի. հիմա առաջադրվի՝ ո՞ւմ պիտի քննադատի։ Շատ հիմար վիճակում է հայտնվել, դրա համար էլ չառաջադրվեց։ Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր, ապա էլի կլինեին թեկնածուներ, որ կառաջդրվեին և իշխանությունների կողմից ուղղորդված կխփեին ընդդիմադիր թեկնածուին։ Չէ՞ որ վերջին շրջանում Դավիթ Շահնազարյանի, Արամ Սարգսյանի հիմնական զբաղմունքը ԲՀԿ–ին հարվածելն էր։ Այն ժամանակ, երբ ՀԱԿ–ը երկխոսում էր իշխանությունների հետ, նրանք շատ սիրով, նույնիսկ ժպիտը դեմքներին, գնում էին այդ հանդիպումներին։ Իսկ Լևոն Տեր–Պետոսյանի հայտնի վերլուծությունից հետո որոշ մասը բացահայտվեցին, որ իրենց նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ հակառակը։

–Իսկ գուցե իշխանությունները հիմա Հրանտ Բագրատյանի՞ն են փոխարինել Արամ Սարգսյանով, ում առաքելությունը Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ խոսելը պետք է լինի։

–Բագրատյանի առաջադրվելն ինձ համար անսպասելի էր։ Գոնե պետք էր սպասել Լևոն Տեր–Պետրոսյանի վերջնական որոշմանը։ Բագրատյանը երբևէ ինքնուրույն հանդես չի եկել, իր կուսակցությունով երբևէ ինքուրույն չի մասնակցել ընտրություններին, հետևաբար շատ կասկածելի է իր առաջ ընկնելը ՀՀՇ–ի համագումարից։ Հիմա իր թիրախը ո՞վ է լինելու։ Չեմ կարծում, որ այդքան ոչ բարոյական քայլ կանի Բագրատյանը, եթե երբևէ Լևոն Տեր–Պետրոսյանի դեմ խոսի։ Այսօր Բագրատյանը Տեր–Պետրոսյանի շնորհիվ է հայտնվել խորհրդարանում։ Նա նախ Տեր–Պետրոսյանի հետ պետք է ճշտեր, եթե վերջինս չէր առաջադրվում, նոր առաջադրվեր։ Հետո ի՞նչ է նշանակում դադարեցնում եմ ՀԱԿ–ի հետ համագործակցությունը։ ՀԱԿ–ով ես դառել պատգամավոր։ Առանց ՀԱԿ–ի Բագրատյանը երազո՞ւմ էր տեսել պատգամավոր դառնալը։

–Դուք երկու անգամ՝ 2003 և 2008 թվականներին, առաջադրվել եք նախագահի թեկնածու, և երկու անգամ էլ առաջինների շարքերում չէիք։ Այդ նախադեպերը Ձեզ չե՞ն կաշկանդում երրորդ անգամ առաջադրվելու հարցում։

–Ես իմ իրական ձայները չգիտեմ, անխնա ձևով տարել են։ Իսկ այսօր առճակատումն այնքան ուժեղ է լինելու, որ այդքան հեշտ չի լինի տանելը։ Եվ ես համոզված եմ, որ վերջապես կիմանամ, թե իրականում ինչքան ձայն ունեմ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը