Տնտեսական

21.12.2012 12:45


ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում զբոսաշրջության վիճակագրական երկրորդ հետազոտությանը

ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է Հայաստանում զբոսաշրջության վիճակագրական երկրորդ հետազոտությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը, ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հարավային Կովկասում մասնավոր հատվածի զարգացման ծրագիրը 2012թ. դեկտեմբերի 21-ին ստորագրեցին հուշագիր` ազդարարելով Հայաստանում զբոսաշրջության վիճակագրական հետազոտության մեկնարկը: Հետազոտությունն իրականացվելու է 2013թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստանի Բագրատաշենի, Մեղրիի, Այրումի և Բավրայի սահմանային անցակետերում, ինչպես նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Շիրակ օդանավակայանի անցակետերում:
Հետազոտության նպատակն է իրականացնել հանրապետություն ժամանողների և հանրապետությունից մեկնողների շրջանում զբոսաշրջիկների վերաբերյալ հնարավորինս հավաստի տվյալների հավաքագրում, որոնք կբնորոշեն զբոսաշրջիկների աշխարհագրական բաշխվածությունը, ժամանման և մեկնման նպատակը, ճամփորդության կազմակերպման եղանակները, կատարված ծախսերը և զբոսաշրջիկների սեռատարիքային կազմը: Վերջնական զեկույցը նորացված տվյալներ կներկայացնի շուկայի հիմնական հատվածների վերաբերյալ, կհեշտացնի զբոսաշրջության զարգացման ազգային ռազամավարության վերանայումը և կխթանի զբոսաշրջության նոր փաթեթների մշակումը: Զեկույցը նաև կօգնի որոշել
զբոսաշրջության ոլորտի զարգացման ուղղությամբ կատարվելիք հետագա քայլերը և զբոսաշրջության ոլորտում վաճառքը, եկամուտները և հասույթը ավելացնելու հնարավորությունները: Հավաքագրված տվյալները կօգտագործվեն զբոսաշրջությանը վերաբերող տնտեսական ցուցանիշները հաշվելու և
Հայաստանում զբոսաշրջային սատելիտային հաշիվ (Tourism Satellite Account) համակարգ ներդրելու համար: Վերջինս գնահատում է ոլորտի ապրանքներն ու ծառայություններն ըստ միջազգային դասակարգումներ՝ հնարավորություն տալով այլ երկրների հետ հավաստի համեմատություններ կատարել:
ԱՄՆ ՄԶԳ-ն իր «Ի-Դի-Էմ-Սի» ծրագրի միջոցով այս նախաձեռնության գլխավոր աջակիցն է: «Ի-Դի-Էմ-Սի»-ն 2012թ. ամռանը աջակցել է հետազոտության մեթոդոլոգիայի մշակմանը և ֆինանսավորելու է այս ծրագրի աշխատակազմի համալրման, իրականացման, տվյալների վերլուծության և զեկույցի հրապարակման փուլերը: Հետազոտության արդյունքները շահառուներին հնարավորություն կընձեռեն արձանագրել ոլորտում բարելավումները և որոշել այն բնագավառները, որտեղ Հայաստանի զբոսաշրջությունը հետագա աջակցության կարիք ունի:
Վերջնական զեկույցը կհրապարակվի 2014թ.:

Այս խորագրի վերջին նյութերը