Լրահոս

21.12.2012 18:08


Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է անցնող տարին

Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է անցնող տարին

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանն ամփոփել է 2012 թվականի արդյունքները դեկտեմբերի 20-ին: Ինչպես տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, գիտական անձնակազմի ժողովում հաշվետու զեկույցով հանդես է եկել աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Կարեւոր գիտական արդյունքների թվում նշվել են աստղերի, աստղաառաջացման տիրույթների եւ ակտիվ գալակտիկաների ուսումնասիրությունը, տեսական աստղաֆիզիկայի խնդիրների լուծումը: Անցկացված միջոցառումներից առանձնացվել են սեպտեմբերին կայացած 4-րդ Բյուրականյան միջազգային ամառային դպրոցը եւ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական գիտաժողովը:

«Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն Արա Միրզոյանը, ում հանձնարարված է ԲԱ հայելապատման արտադրամասի վերականգնման աշխատանքները, ներկայացրել է աշխատանքների ընթացիկ վիճակը եւ եկող տարվա ծրագրերը:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում ուրախությամբ հայտնել է, որ ԲԱ ստացել է Ազգային արժեքի կարգավիճակ եւ ներկայում հանդիսանում է այդպիսի կարգավիճակ ունեցող չորս գիտական, կրթական եւ մշակութային հաստատություններից մեկը Հայաստանում` Մատենադարանի, ԵՊՀ-ի, ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ միասին:

2013 թվականին կավելանա աստղադիտարանի ֆինանսավորումը, եւ գումարների զգալի մասը կուղղվի հայելապատման արտադրամասի վերաշահագործմանը եւ աստղադիտակների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Ժողովում քննարկվել է նաեւ աստղադիտարանի զարգացման ռազմավարական ծրագրից եւ առաջիկա տարիների հեռանկարներից:

 

Այս խորագրի վերջին նյութերը